«Լելե Թեփեի օպերացիայի որոշումը կայացրել է գեներա՛լ»․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելուց հետո պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարց- դիտարկմանը, թե հայտարարվել է, որ պատերազմի ընթացքում զորակոչի դադարը Փաշինյանի հրամանով է եղել, Նիկոլ Փաշինյանն հակադարձեց․

«Այս հայտարարության հեղինակը մեծ պրոբլեմ ունի, երբ նա բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական Զինված ուժերի տրամադրության տակ է։ Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ՝ ուղիղ եթերով հանդես ես գալիս մարտակոչով, հետո հենց ուղիղ եթերը դադարում է, գնում ես հեռախոսը վերցնում ասում ես՝ դադարեցրեք»։

Ըստ Փաշինյանի՝ պատերազմի ընթացքում դա միակ «ռազմականին մոտ» որոշումն է եղել, որն ինքը կայացրել է․

«Այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում անընդհատ օրումեջ հարցազրույց է տալիս և գեներալ-գնդապետի ուսադիրներով իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը, էդ մարդն ընդհանրապես կարծում եմ՝ բազմաթիվ խնդիրներ ունի և բազմաթիվ բարդույթներ ունի, և ինքը դեռ շատ հարցերի պետք է պատասխանի։ Հիմա էլ ասում են՝ ես որոշում եմ կայացրել, որ այ, Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն հանձնել ա, ես ասել եմ՝ գնացեք գրավեք , և այդ համատեքստում 700 զոհ է եղել։ Կատարյալ անհեթեթություն, կատարյալ անհեթեթություն։ Այդ օպերացիան՝ առաջարկի հեղինակը եղել է գեներա՛լ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներա՛լ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումը իրականացրել է գեներա՛լ և որոշումը կայացրել է գեներա՛լ, և ընդ որում, այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են»։

Փաշինյանի խոսքով՝ ինքն այդ քննարկման խոսակցությունների մի հատվածին ներկա է եղել՝ խոսակցությունն է մոդերացիա արել․

«Սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել՝ դա լա՞վ տարբերակ է, թե՞ վատ։ Ես հարցրել եմ՝ դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես, և ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ դու ի՞նչ կարծիքի ես, ինքն ասել ա՝ լա՛վ միտք ա, որից հետո տվել է հանձնարարական, ասել ա՝ գնահատեմ իրադրությունը, զեկուցեմ, գնահատել ա  իրադրությունը, զեկուցել է, ասել է՝ այո, դա պետք է և կարելի է անել»։

Պատգամավորի մյուս հարցին, թե պատերազմը վարելու մասով ի՞նչ թերություններ ենք ունեցել․ Փաշինյանը վստահեցրեց, որ պատերազմի բոլոր դրվագները «պետք է քննվեն»․

«Ես պատրաստ եմ, սկսած իմ բոլոր գործողություններից, վերջացրած մնացածի բոլոր գործողություններով, բայց ես ուզում եմ ասել, որ դա պետք է լինի օբյեկտիվ քննություն։ Ընդ որում՝ մենք ունեցել ենք կալանավորված անձ, բայց էլի բախվել ենք պրոբլեմի՝ կալանավորված անձը դատարանի կողմից ազատ է արձակվել։ Ես չգիտեմ՝ դա պրոբլե՞մ է, թե՞ արդարադատություն, դա արդեն հետո կերևա։ Այդ մարդուն կարելի է անվանել 7-րդ պաշտպանական շրջանի արծիվ, թե ոնց էր 1000-ի տակ ուզում փախնել և բոլորին փախցներ այնտեղից։ Չնայած արծիվները չեն վազում, ջայլամներն են ավելի լավ վազում»։

Տեսանյութեր

Լրահոս