Ինչո՞ւ է թիրախում Միքայել Արզումանյանը-2

Օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որտեղ տեղեկացնում էր, որ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը:

Քննչական կոմիտեի հաղորդագրությունից առաջ, երբ արդեն մամուլում տեղեկություն շրջանառվեց ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին բերման ենթարկելու և պատերազմի վերաբերյալ ինչ-որ գործի շրջանակում մեղադրանք առաջադրելու մասին, 168.am-ը որոշ հիշեցումներ արեց Միքայել Արզումանյանի ՊԲ պաշտոնում նշանակման և Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում տարածքային կորուստների մասին:

Բայց կան փաստեր, որոնց վրա ևս հարկ է հերթական անգամ ուշադրություն հրավիրել:

2022-ի ապրիլի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց թեզը, թե «պատերազմը Շուշիի համար է եղել»:

«Մեզ ասում են` Շուշին հանձնել ենք, պատերազմը Շուշիի համար է եղել: Ասում էին` կանխեինք, ինչի՞ մենք չէինք մտածում կանխելու մասին, առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել կամ կանգնեցնել»,- շեշտել էր նա:

Մինչդեռ 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե պատերազմը Արցախի կարգավիճակի համար է:

«1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։

2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում։

4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձևով։

5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։

6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը և անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»,- գրել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 19-ին և 20-ին ՌԴ նախագահ Պուտինը Փաշինյանին առաջարկել էր դադարեցնել ռազմական գործողությունները՝ Շուշի քաղաք ադրբեջանցի փախստականների վերադարձի պայմանով:

«Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Ինձ համար անսպասելի մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես էր ձևակերպվել, որ նրանց համար դա անընդունելի է, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասել էր, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Հիմա էլ հասկանալի չէ, թե որն է այդ սպառնալիքը՝ հաշվի առնելով, որ նախատեսվում էր խաղաղ բնակիչների վերադարձ՝ պահպանելով հայկական վերահսկողությունը Ղարաբաղի այդ հատվածում, ներառյալ Շուշին՝ հաշվի առնելով մեր խաղաղապահների առկայությունը»,– ասել էր Պուտինը։

Նիկոլ Փաշինյանը մերժել էր առաջարկը: Սրա պատճառներին Փաշինյանն անդրադարձել էր 2020-ի նոյեմբերի 29-ին և հաստատել Պուտինի ասածը:

«Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ, քանի որ Հադրութն ու Թալիշն իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ, և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:

Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչո՞ւ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է, և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:

Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհն իրենց հսկողության տակ պիտի լինի:

Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Ի դեպ, իր հարցազրույցում գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, հայտարարել էր, որ «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում»:

Այսինքն՝ նախ պետք է պատասխանել՝ ինչո՞ւ կորցրեցինք Հադրութը և Ջրականը, իսկ սա տեղի է ունեցել Ջալալ Հարությունյանի ՊԲ հրամանատարի պաշտոնավարման ընթացքում:

Ինչ վերաբերում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու փաստին, ապա պետք է նախ ուշադրություն դարձնել, թե ո՞ր կառույցն է այս մասին տեղեկություն տարածում, կամ ո՞ր կառույցի ենթակայության տակ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում են հանգել սրան: Այլ կերպ՝ սրա «հեղինակը» ՀՀ քննչական կոմիտեն է, որի ղեկավարը՝ Արգիշտի Քյարամյանը, եղել է Շուշիում և այնտեղից դուրս եկել նոյեմբերի 5-ին, այսինքն՝ նա շահագրգիռ կողմ է:

168.am-ի հետ հարցազրույցում Սեյրան Օհանյանն այս մասին որոշ մանրամասներ էր հայտնել:

«Ես տարբեր հատվածներում, ընդ որում՝ Շուշիում, տարբեր դրվագներում կարճ ժամանակահատվածներով առնչվել եմ Արգիշտի Քյարամյանի հետ, միասին ենք եղել: Ինքը ճիշտ է ասում, որ Շուշիում վերջին օրերին միասին ենք եղել: Եվ Արգիշտի Քյարամյանը Շուշիի ուղղության հրամանատարին՝ գնդապետ Առուստամյանին, աջակցել է: Եվ նրա խնդրանքով, իմ խնդրանքով տարբեր դրվագներում Արգիշտի Քյարամյանը հանդերձավորվել է՝ հագել սաղավարտը, իր զրահաբաճկոնը, վերցրել զենքն ու կապի միջոցները, և պարտաճանաչ կերպով մեկնել այս կամ այն ուղղություն, նկատի ունեմ Շուշիի հատվածում՝ տարբեր ստորաբաժանումներ տեղակայելու, խնդիրները տեղում պարզաբանելու, բացատրական, ինժեներական աշխատանքներում աջակցելու: Մենք, իրոք, վերջին օրերին իր հետ ենք եղել:

Նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քարամյանը: Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քյարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քյարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու»,- նշել էր Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի ասածը չի հակասում հենց իր՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը:

2021-ի հունվարի 13-ին, այն ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Շուշիի և այնտեղ իր գտնվելու պատճառների մասին խոսելիս նշել էր, որ Շուշիում ձևավորվել էր աշխարհազոր, որը ղեկավարում էր Սեյրան Օհանյանը, և, որ ինքը որոշել է դրա կազմում մասնակցել այնտեղ ընթացող գործընթացներին՝ սկզբնական շրջանում՝ խրամատավորմանը: Ւսկ հետո ավելի ուշ Շուշիից դուրս է եկել մոտ մեկ տասնյակ անձանց հետ:

Չմոռանանք, որ Արգիշտի Քյարամյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2020-ի հոկտեմբերի 8-ին, և Շուշիում եղած ժամանակ նա ոչ մի պաշտոն չէր զբաղեցնում:

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Քյարամյանն ԱԱԾ պետի պաշտոնում Արցախում մասնակցել է մի շատ կարևոր քննարկման, երբ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկվել են հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը:

Հենց այս օրերին է վերագրվում հայտնի օպերացիան՝ «Լելե Թեփե» կամ, ինչպես Սամվել Բաբայանն է նախընտրում անվանել՝ «Քյանդ-Հորադիզ», որի առաջարկը հենց Բաբայանն է արել, և, որը փաստացի ձախողվել էր:

Հավելենք, որ տելեգրամյան ալիքներում և մեդիահարթակներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Քյարամյանը նոյեմբերի սկզբին նշանակվել է Շուշիի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Եվ երբ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատրելի է ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարականն է։

Այսինքն՝ դեռ այն ժամանակ Միքայել Արզումանյանը չի՞ ընդունել Քյարամյանի՝ Շուշիում գտնվելու գաղափարը: Հնարավոր է՝ ունեցել է հիմնավոր պատճառներ: Մի բան փաստ է՝ Արգիշտի Քյարամյանը հենց ինքը մի շարք հարցերի պատասխաններ պիտի տա՝ Շուշիի կորստի հետ կապված: Օրինակ, Երևանից փորձեցի՞ն լուծել սպառազինության հետ կապված հարցերը, որի համար նաև Սեյրան Օհանյանի հետ Երևան էր եկել՝ Արցախի նախագահի խնդրանքով:

Ի դեպ, հետաքրքիր է, որ ՔԿ հաղորդագրության մեջ հիմք են վերցնում հոկտեմբերի 30-ից սկսած ժամանակահատվածը, երբ արդեն հոկտեմբերի 29-ին 168.am-ի հետ զրույցում ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) ահազանգում էր, որ պատերազմը հասել է Շուշիի պարիսպների տակ, և Ադրբեջանն ուզում է վերցնել Շուշին, և՝ ոչ միայն, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում՝ «թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կիլոմետր հեռավորության վրա»:

Այստեղ Միքայել Արզումանյանը պատասխանատվություն չունի՞ դրա համար:

Հավելենք, որ, ըստ«Հետքի»՝ այդ օրերին թշնամուն հաջողվել էր գրավել Ավետարանոցի ձորակի գյուղերը․ հոկտեմբերի 26-ին Մադաթաշենը, հոկտեմբերի 26-27-ին` Մոշխմհատը, հոկտեմբերի 27-ին՝ Ակնաղբյուրն ու Ավետարանոցը, հոկտեմբերի 28-ին՝ Սղնախի հիմնական մասը, 29-ին՝ամբողջությամբ։

Ի դեպ, 2021-ի ապրիլին Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ անձամբ նախաձեռնել և ծրագրել է օպերացիա Չանախչի-Սղնախ գյուղերի մոտ, որպեսզի հակառակորդը չկարողանա Շուշի մտնել, բայց գիշերվա 2-ին տվյալ զորամասերը հրաժարվում են մասնակցել ինչ-ինչ պատճառներով, որի տեսագրությունը կա:

«Օպերացիան հետևյալն էր. երեք գումարտակ՝ 2-ը՝ Հայաստանից, մեկը Ղարաբաղից՝ Առաջաձորի գումարտակը: Խնդիրը հետևյալն էր՝ Ավետարանոց գյուղի դիմացով պիտի նստեին ու բարձունք վերցնեին, հակառակորդին ճանապարհից կտրեին, երկրորդ՝ Սղնախը երկու կողմից շրջապատեին՝ հակառակորդին ստիպելով Շուշիից հետ քաշվել: Շոշ գյուղում գումարտակի հրամանատարներին բացատրվում է օպերացիան, որ Շուշիի խնդիրը կլուծվի։ Նոյեմբերի 5-ի գիշերը ժամը 2-ին ինձ ասում են, որ առաջին հերթին Առաջաձորի գումարտակը հրաժարվում է, հետո Հայաստանի երկու գումարտակներն են հրաժարվում կատարել դա»,- շարունակել է նա:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ հունիսի 18-ին, ֆեյսբուքյան իր էջում Փայլակ Առաքելյան անունով օգտատերը պատերազմի ժամանակ Ստեփանակերտի բունկերում կայացած և Սամվել Բաբայանի հիշատակած քննարկման տեսանյութ է հրապարակում՝ «2020թ. նոյեմբերի Շուշիի չիրականացված օպերացիան, որը փոխելու էր պատերազմի ողջ ընթացքը» գրառմամբ: Ի դեպ, Առաքելյանի ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա աշխատել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակում: Նշենք, որ պատերազմի օրերին Սամվել Բաբայանն Արցախի ԱԽ քարտուղարն էր:

Տեսագրության մեջ, մասնավորապես, Սամվել Բաբայանն ասում է. «Սղնախն արդեն անցնում ես, դրա տակ, Սղնախի էս կողքով գալիս ես այստեղ: Դրանից այս կողմ, կիլոմետր, կիլոմետր ու կես դեպի Քիրսը: Ունե՞ք ճանապարհ, որով փայտ էիք հանում, չգիտեմ ինչ էիք անում, ճանապարհ ունե՞ք»։

Այնուհետ լսելով պատասխանը՝ «այո, կարյերով, կարյերի մոտով», Բաբայանը շարունակում է.

«Դա է, հենց այդ ճանապարհը պետք է փակվի: Այս հետևում նստած ժողովուրդը, որ դու գնաս հարձակման, արդեն դառնալու են ավտոմատ ռեզերվ:

Ուրեմն խնդիրը հետևյալն է. արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է: Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը: Կարողանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ եմ ասում: Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել չկա: Ինչ խնդիր որ ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է: Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել: Հակառակ դեպքում մենք պիտի այստեղից դուրս գանք ուղիղ Երևան, ասենք՝ Ղարաբաղ, ցտեսություն, հողերը տանք, գնանք: Դեռ հարց է՝ ադրբեջանցին թողնո՞ւմ է, որ մեր զորքերը, ժողովուրդը հանենք: Այսինքն՝ էս օպերացիան ձևական չի»:

Բայց տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում: Սրանից հետո տարբեր առիթներով Սամվել Բաբայանը և Նիկոլ Փաշինյանը Շուշիի հանձնման մեղավոր հռչակում են ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, թե աջակցող ուժ չի ուղարկել: Իհարկե, մեղավորների այլ անուններ ևս հնչել են: Հիմա կոնկրետ քայլեր սկսել են դեռ ՊԲ նախկին հրամանատարի դեմ:

Այսօր ժամը 7-ին դատարանում քննվելու է նրա կալանավորման հարցը: Եվ հնարավոր կալանավորումը, և չկալանավորումը, ըստ էության, իր տողատակերն ունի: Սպասենք:

Ի դեպ, այս տարվա հուլիսի 2-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպեց արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:

Հուլիսի 5-ին Փաշինյանի հետ համագործակցող և պարբերաբար հանդիպող «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց, թե Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները պետք է պատասխան տան։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ․ ապրիլի 14-ին Ազգային ժողովում տառացիորեն հայտարարեց, որ ինքն էլ հարցեր ունի Շուշիի անկման հետ կապված, շատ կոնկրետ հարցեր ունի կոնկրետ մարդկանց։ Այս հայտարարությունից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, սակայն որևէ լույս չի սփռվել այն հարցի վրա, թե այդ ի՞նչ հարցեր են և ո՞ւմ են ուղղված․․․ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ բարձրաստիճան զինվորականը փորձել է հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը։ ․․․Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները՝ մեծից փոքր, պետք է պատասխան տան, անկախ նրանից, թե ովքեր են։ Մենք ո՛չ պետություն, ո՛չ էլ բանակ ունենալու իրավունք կունենանք, եթե այդ հանցագործներին չպատժենք խստորեն։ Սա մեր սերնդի արժանապատվության հարցն է»,- գրել էր Նորիկյանը, որն անմիջապես արտատպել է Փաշինյանի ընտանեկան կայքը։

Այս հայտարարություններից հետո իշխանությունները սկսեցին խոսել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ «Իսկանդերի» կիրառման ձախողված պլանի մասին, իսկ հիմա Շուշիի անկման հարցում դեռ պաշտոնապես մեղադրում են ՊԲ նախկին հրամանատար և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Միքայել Արզումանյանին, որի ձերբակալման մասին Արայիկ Հարությունյանը տեղյակ չէր:

Որքանո՞վ է Արգիշտի Քյարամյանին պարգևատրած Արայիկ Հարությունյանին ձեռնտու Միքայել Արզումանյանի «խաղից դուրս» լինելը, ժամանակը ցույց կտա, բայց մի բան պարզ է՝ իշխանությունները ոչ միայն պատերազմ վարած գեներալների «դարպասներին» են մոտենալու, այլ նաև Ալիևի պահանջով Արայիկ Հարությունյանին Գյանջայի դեպքերի համար են մեղադրելու, և ոչ թե Գյանջայի օդանավակայանի «հօ՞դս է ցնդելու», այլ քաղաքացիական «զոհերի»:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերին տելեգրամ ալիքներում շրջանառվեց մի ձայնագրություն` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի մասնակցությամբ, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը բողոքում է, որ 10 օր է՝ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել:

Ավելի ուշ Իսրայելյանը լրատվամիջոցներին ասել էր, որ զրույցը տեղի է ունեցել Շուշիի մերձակայքում ընթացող մարտերի ժամանակ, ինքը քաղաքի պաշտպանական մատույցներում է եղել, զանգել է նախագահին ու ասել, որ ադրբեջանցիները մտնում են Շուշի։

Գուցե մի օր Արայիկ Հարությունյանը ասի՝ դիմե՞լ է Երևանին օգնության համար, ինչպես նաև՝ Արցախի անկախության ճանաչման համար, թե՞ ոչ, եթե դիմել է՝ ի՞նչ պատասխան է ստացել:

Տեսանյութեր

Լրահոս