Մի քանի հիշեցում՝ Շուշիի հանձնման մեղավոր փնտրող փաշինյանական ներկայացուցիչներին
Նիկոլ Փաշինյանը իր հետ համագործակցող քաղաքական ուժերի կամ մերձակա շրջանակների միջոցով կարծես թե փորձում է նորից ակտիվացնել Շուշիի անկման մեղավորների թեման:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի տեղեկացմամբ, ֆեյսբուքյան իր էջում նման «պահանջատիրական»գրառում է արել Նիկոլ Փաշինյանի հետ պարբերաբար հանդիպող «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ հարց բարձրացնելով, թե Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները պետք է պատասխան տան։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ․ ապրիլի 14-ին Ազգային ժողովում տառացիորեն հայտարարեց, որ ինքն էլ հարցեր ունի Շուշիի անկման հետ կապված, շատ կոնկրետ հարցեր ունի կոնկրետ մարդկանց։ Այս հայտարարությունից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, սակայն որևէ լույս չի սփռվել այն հարցի վրա, թե այդ ի՞նչ հարցեր են և ո՞ւմ են ուղղված․․․ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ բարձրաստիճան զինվորականը փորձել է հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը։ ․․․Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները՝ մեծից փոքր, պետք է պատասխան տան, անկախ նրանից, թե ովքեր են։ Մենք ո՛չ պետություն, ո՛չ էլ բանակ ունենալու իրավունք կունենանք, եթե այդ հանցագործներին չպատժենք խստորեն։ Սա մեր սերնդի արժանապատվության հարցն է»,- գրել է Նորիկյանը, որն անմիջապես արտատպել է Փաշինյանի սեփական թերթի կայքը։
Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի ներկայացուցիչները, մերձակա շրջանակները պահի թելադրանքով Շուշիի անկումը գցել են մեկ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի «գրպանը», մեկ Սեյրան Օհանյանի, մեկ Արթուր Վանեցյանի ջոկատի:
Ավելի ուշ հենց դատախազությունն էր հերքել, որ, մասնավորապես, Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» ջոկատը Շուշիի մարտերի ժամանակ դասալքություն չի դրսևորել:
Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած Նորայր Նորիկյանն այն կարծիքին է, որ Շուշին հանձնվել է: Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ պնդում էր, թե պատերազմն իբր Շուշիի համար էր: Եթե ընդունենք՝ այդպես է, ի՞նչ է ստացվում՝ Շուշին հանձնեցինք, որ պատերազմը կանգնեցվի՞… Ինչևէ, սա այլ խոսակցության թեմա է:
Ինչ վերաբերում է Շուշիի անկման մեղավորներին, ապա Փաշինյանին և նրա մերձակա շրջանակներին մի քանի հարց-հիշեցում.
Առաջին. 2021-ի հունվարի 13-ին, այն ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Շուշիի և այնտեղ իր գտնվելու պատճառների մասին խոսելիս նշել էր, որ Շուշիում ձևավորվել էր աշխարհազոր, որը ղեկավարում էր Սեյրան Օհանյանը, և, որ ինքը որոշել է դրա կազմում մասնակցել այնտեղ ընթացող գործընթացներին՝ սկզբնական շրջանում՝ խրամատավորմանը: Ւսկ հետո ավելի ուշ Շուշիից դուրս է եկել մոտ մեկ տասնյակ անձանց հետ:
Հաջորդ օրը՝ 2021-ի հունվարի 14-ին, 168.am-ի հետ հարցազրույցում Սեյրան Օհանյանը մասնակիորեն է հաստատել Քյարամյանի ասածը, մասնավորապես նշելով, որ ինքը կազմակերպչական հարցերով ընդամենն աջակցել է Շուշիի շրջանի աշխարհազորի հրամանատարին, այնպես, ինչպես փորձել է օգնել Շուշիի ուղղության հրամանատարին՝ ՊԲ կողմից նշանակված, բայց Քյարամյանի հետ առնչվել է:
«Ես տարբեր հատվածներում, ընդ որում՝ Շուշիում, ես տարբեր դրվագներում կարճ ժամանակահատվածներով առնչվել եմ Արգիշտի Քյարամյանի հետ, միասին ենք եղել: Ինքը ճիշտ է ասում, որ Շուշիում վերջին օրերին միասին ենք եղել: Եվ Արգիշտի Քյարամյանը Շուշիի ուղղության հրամանատարին՝ գնդապետ Առուստամյանին, աջակցել է: Եվ նրա խնդրանքով, իմ խնդրանքով տարբեր դրվագներում Արգիշտի Քյարամյանը հանդերձավորվել է՝ հագել սաղավարտը, իր զրահաբաճկոնը, վերցրել զենքն ու կապի միջոցները, և պարտաճանաչ կերպով մեկնել այս կամ այն ուղղություն, նկատի ունեմ Շուշիի հատվածում՝ տարբեր ստորաբաժանումներ տեղակայելու, խնդիրները տեղում պարզաբանելու, բացատրական, ինժեներական աշխատանքներում աջակցելու: Մենք, իրոք, վերջին օրերին իր հետ ենք եղել:
Նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քարամյանը: Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քյարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քյարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու:
Օգտվելով առիթից՝ ես նաև մասնակցել եմ երջանկահիշատակ Վահե Սիրունյանի հուղարկավորության միջոցառումներին: Այնուհետ մեկ օր զանգահարել եմ Արցախ, ինձ ասել են՝ պետք չի գալ, բայց միևնույն է՝ ես ինքնակամ հետո մեկնել եմ Արցախ՝ տարբեր գործառույթներ իրականացնելու: Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև մեկ-մեկ ասում են, որ զինծառայողի հուղարկավորության համար գնացինք Երևան: Ես 40 օր գտնվել եմ այնտեղ և բազմաթիվ մտերիմ մարդիկ եմ կորցրել և չեմ գնացել, բայց ամսի 7-ին Երևան նախագահի (Արցախի,- հեղ.) խնդրանքով եմ գնացել՝ սպառազինության հետ կապված հարցեր ճշտելու համար: Սա է ամբողջ իրականությունը»,– նշված հարցազրույցում մանրամասնել էր Սեյրան Օհանյանը:
Հավելենք, որ տելեգրամյան ալիքներում և մեդիահարթակներում տեղեկություններ շրջանառվեցին, որ Քյարամյանը նոյեմբերի սկզբին նշանակվել է Շուշիի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Եվ երբ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատրելի է ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարականն է։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Քյարամյանն ԱԱԾ պետի պաշտոնում Արցախում մասնակցել է մի շատ կարևոր քննարկման, երբ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկվել են հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը:
Հենց այս օրերին է վերագրվում հայտնի օպերացիան՝ «Լելե Թեփե» կամ, ինչպես Սամվել Բաբայանն է նախընտրում անվանել՝ «Քյանդ-Հորադիզ», որի առաջարկը հենց Բաբայանն է արել, և, որը փաստացի ձախողվել էր:
Իսկ սրանից օրեր անց՝ 2020-ի հոկտեմբերի 8-ին, Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Բայց մինչ այսօր ո՛չ նրա պաշտոնազրկման պատճառն է հայտնի, ոչ էլ Շուշիում եղած և այնտեղից Սեյրան Օհանյանի հետ հեռացած Արգիշտի Քյարամյանի անունն է շոշափվում Շուշիի անկման մեղավորների շարքում, որն այնտեղ մնացել է, երբ արդեն ԱԱԾ ղեկավար չէր: Փոխարենը օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին գեներալական ուսադիրներ շնորհվեցին, իսկ ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով նա պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով։ Հիմա հարց՝ Արգիշտի Քյարամյանը որևէ ասելիք չունի՞ Շուշիի հանձնման հետ կապված, և ի՞նչ է ասում Սեյրանի Օհանյանը, որի հետ հեռացել է Շուշիից, ի՞նչ չի արել, որ կարող էր անել:
Երկրորդ. նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ-Վարագ Սիսեռյանի՝ Շուշիի անկման համատեքստում Սեյրան Օհանյանին հասցեագրված մեղադրանքներից հետո, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե ով է եղել Շուշիի ուղղության հրամանատարը, նաև՝ աշխարհազորի: Արդյոք մեղավորների մեջ նաև իրե՞նք են մտնում:
Երրորդ. նույն հարցազրույցում Սեյրան Օհանյանը պատմել է, որ Շուշիի հրամանատարական կետը ՊԲ հրամանատարն է որոշել տեղափոխել, քանի որ այն ենթարկվում էր հենց ՊԲ հրամանատարին: Այսինքն, նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է այն տեղափոխվել:
Չորրորդ. Սեյրան Օհանյանը վերևում ամենասկզբում հիշատակված հարցազրույցում ասում է, որ նոյեմբերի 7-ին Երևան Արցախի նախագահի խնդրանքով է գնացել՝ սպառազինության հետ կապված հարցեր ճշտելու համար: Նորայր Նորիկյանը ճշտե՞լ է, թե ինչ խնդիրներ են եղել և Երևանում այս հարցերին ինչ պատասխան են տվել ՀՀ իշխանությունից: Լուծվե՞լ է, թե՞… Սա հաստատ առանց գերագույն հրամանատարի որոշման չի լինում:
Հինգերորդ. ինչո՞ւ չենք խոսում նախ այն մասին, թե ո՞ր տարածքների կորուստները առնվազն հեշտացրեցին Շուշիի անկումը:
Իր հարցազրույցում գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, հայտարարել էր, որ «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում»: Այսինքն՝ նախ պետք է պատասխանել՝ ինչո՞ւ կորցրեցինք Հադրութը և Ջրականը:
Ավելին, որոշ զինվորականների կարծիքով, մենք կարող էինք ադրբեջանցիների կոմունիկացիայի օղակը փակել, և նրանք չէին կարողանա Շուշին գրավել, որը չարվեց: Այս մասին, մասնավորապես, մեզ հետ զրույցում ասել է պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը: Ինչո՞ւ սա չի արվել, գուցե օբյեկտիվ պատճառնե՞ր են եղել:
Վեցերորդ. ինչի՞ հիման վրա է Նիկոլ Փաշինյանն ասում, որ պատերազմը հենց Շուշիի համար էր:
Հարցերի այս շարքը կարելի է շարունակել, այնպես որ, այո՛, Շուշին հանձնելու կամ դրան հանգեցրած մեղավորները պետք է պատժվեն՝ առանց բացառության և զբաղեցրած դիրքի:
Ի դեպ, ավագ լեյտենանտ Վրեժ Մանուկյանը, որը պատերազմի օրերին եղել է Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի երրորդ դասակի հրամանատարը, «Հետքի» հետ զրույցում Շուշիի հետ կապված պատմել էր.
«Նոյեմբերի 5-ին ցերեկը՝ ժամը 5-ի կողմերը, հասանք ու տեղակայվեցինք Քարին Տակ-Շուշի տանող ճանապարհի խաչմերուկում, էլեկտրացանցի մոտ և եղևնիների բլրի վրա: Մեր բանակի հատուկ նշանակության գումարտակի հետ պետք է պահեինք ճանապարհի աջ մասը և հարակից տարածքները: Երբ հասանք, Հադրութի հինգերորդ գումարտակը՝ վաշտի հրամանատար մայոր Գեղազնիկ Տոնոյանի գլխավորությամբ, Քարին Տակ-Շուշի տանող ճանապարհի բարձունքն էր պահում, վաշտի մի խումբը դիրքերն էր պահում, մարտերն էր վարում, մի խումբն էլ՝ որպես պահեստուժ, վիրավորների, զինամթերքի վրա էր: Որտեղ որ մենք էին դիրքավորվել, կարելի ա ասել, դիրքեր չկար ընդհանրապես, կային փորած դիրքանման ինչ-որ բաներ, քարերի, ծառերի, բլրի հետևում, ո՛չ թաքստոց, ո՛չ դիրք, ո՛չ կացարան, ոչ մի բան չկար, բաց երկնքի տակ, բաց դաշտում կռիվ էինք անում»:
Իսկ թե իրենցից բացի ուրիշ ինչ ստորաբաժանումներ էին կռվում այդ մասում, նա ասել է.
«Նոյեմբերի 5-ին մի 800 հոգի դուրս է եկել էդ մասից, չի մասնակցել մարտական գործողություններին, մոտ էդքան էլ մնացել էր: Մեզ հետ եղել են Եղնիկներից երկու խումբ, բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը (սպեցնազ), Հադրութի հինգերորդ գումարտակը, Հայկազովից են եղել խմբեր, կամավորական ջոկատներից և ԱԻՆ-ից են եղել խմբեր ու խառը այլ զորամիավորումներից: Բոլորին չեմ կարող թվարկել, որովհետև ժամանակ չի եղել, որ բոլորի հետ ծանոթանանք»:
Այնուհետև Վրեժ Մանուկյանը շարունակել է.
«Նոյեմբերի 6-ից ճանապարհը երկու կողմից փակ էր, շրջափակման մեջ էինք, Շուշիի ճանապարհի գազալցակայանից չէին կարողանում մեր ուժերը գալ օգնության, ո՛չ սնունդ, ո՛չ ջուր, ո՛չ զինամթերք չէին կարողանում մատակարարել, միայն զրահապատ մեքենաներն էին կարողանում գալ վիրավորներ հանելու, մեկ էլ զինամթերք բերելու, բայց իրենց էլ էին խփում, մեր հատվածում վիրավորներ տեղափոխող ՀՄՄ-2 էին խփել: Նոյեմբերի 7-ին մեր տանկերը առաջ էին շարժվել, մեր դեսանտագրոհային խումբն էլ, հատուկ նշանակության ստորաբաժանման հետ առաջ գնացինք, էնտեղից զենք-զինամթերք, ուտելիք, ծխախոտ վերցրինք, ոչ մի բան չունեինք, չէին կարողանում ապահովել ո՛չ կապով, ո՛չ ջրով, ո՛չ սննդով: Նույն օրը՝ նոյեմբերի 7-ին, նորից հետ իջանք, որովհետև քանակապես շատ էր հակառակորդը, չկարողացանք պահել առաջխաղացումը: Նոյեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, կարելի է ասել՝ մեզ հետ ընդհանրապես կապ չկար, մեր հրամանատարությունը, մեր հարազատները մտածում էին՝ մենք էլ չկանք, կրակի ինտեսիվությունը էնքան մեծ էր, որ ամեն տասը րոպեն մեկ կամ զոհեր էին լինում, կամ՝ վիրավորներ: Ոչ մի զրահապատ մեքենա էլ չէր կարողանում մոտենալ, մենակ Խոջալուի տանկային բրիգադից մի քանի արծիվ տղա իրանց բրիգադի հրամանատարի հետ գալիս էին՝ վիրավոր էին տանում ու զենք բերում:
Նոյեմբերի 8-ին Եղնիկների խմբից Թովմասն (հետմահու Արցախի հերոս) է վիրավորվում, ես և դասակիցս Վանուշ Պողոսյանը մոտենում ենք, դուրս ենք հանում ճանապարհի մոտ, դիպուկահարն էր ոտքից խփել, Սպեցնազից Դեդի հետ վիրակապեցինք, նստեցրինք շտապ օգնության մեքենա, ճանապարհին էդ մեքենան խփեցին»,- մանրամասնել է Վրեժ Մանուկյանը:
Ի դեպ, ավագ լեյտենանտ Վրեժ Մանուկյանը հարցազրույցում նշել է, որ կապի խնդիր են ունեցել և ոչ միայն.
«Չկար հրամաններ տվողը, չկար ղեկավարում, չկար կապ, չկար էդ ամենի վճռականությունը ու դրանից բխող հետևաքներով․ չէին աշխատում ՀՕՊ համակարգերը, ՌԷՊ համալիրները, իսկ հակառակորդի կրակային միջոցները էդ մասում մեզ վրա աշխատում էին ամեն րոպե։ Չորս կողմից էլ կրակ էր վարում՝ Քարին Տակից, Շուշի քաղաքից, Իսայի աղբյուրից, Կրկժանի ձորերից, նոյեմբերի հինգի գիշերը լույս նոյեմբերի վեցը, հակառակորդը շրջապատել էր մեզ»:
Հավելենք, որ 44-օրյա պստերազմում զոհված ՊԲ հրամանատարի տեղակալ Հովհաննես Ավագյանին նոյեմբերի 7-ին ուղարկել էին Շուշի, որտեղև զոհվել է:
«Ինչի՞ են ուղարկել, եթե ներսում թուրքերը նստած էին։ Էդ ի՞նչ հանձնարարություն է եղել։ Շուշիում են խփել։ Ինչի՞ էին փոխնախարարին Շուշի ուղարկել: Շոֆերը պատմում է, որ գնալուց ավտոյի ակը թողել էր, ասել էր՝ Ավագյան, արի չգնանք, ասել էր՝ ո՞նց կլինի չգնալ, հրաման են տվել, ուրիշ ավտո ա նստում, գնում»,- «Հետքին» պատմել էր հայրը։