Ինչո՞ւ է թիրախում Ջալալ Հարությունյանին փոխարինած Միքայել Արզումանյանը և ոչ Ջալալ Հարությունյանը
Գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայից առաջ մամուլում տեղեկություն շրջանառվեց ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին բերման ենթարկելու և պատերազմի վերաբերյալ ինչ-որ գործի շրջանակում մեղադրանք առաջադրելու մասին:
Ըստ մամուլի հրապարակումների՝ մեղադրանքը վերաբերում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ մարտական խնդիր կատարելու ժամանակ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու փաստով պայմանավորված՝ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում Արցախի հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Նրան միաժամանակ շնորհվել էր գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին, որտեղ, մասնավորապես, հասկացնում էր, որ Արցախի ՊԲ-ն ինքը պիտի լուծի իր խնդիրը, և, որ դրա համար ունի բավարար ռեսուրս:
«Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին:
Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:
Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար, և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:
Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, և մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թև ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին,- նշել էր Փաշինյանը և հավելել,- Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար»:
Ի դեպ, այս ուղերձից և Միքայել Արզումանյանի՝ ՊԲ հրամանատարի պարտականությունները ստանձնելուց մեկ օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Այ, մեկը հիմա էկրանին նստած կարող է ինձ ասի՝ կաբինետումդ նստել ես, դու գնա առաջնագիծ։ Հա, էլի գնամ առաջնագիծ։ Եթե պահանջն էն է, որ ես էստեղից գնամ և իմանամ, որ դա է ժողովրդի ուզածը, ես էդ էլ կանեմ։ Բայց էստեղ մեկը պետք ա լինի։ Կարող են ասել, որ Գլխավոր շտաբի պետը, ենթադրենք, կամ Պաշտպանության բանակի հրամանատարը թող գնան կռվեն։ Հա, շատ լավ, բայց մեկը պե՞տք ա լինի ՊԲ հրամանատար»:
Նույն ժամանակ պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր, որ «գեներալ ունենք՝ զինվորին հավասար կռվում է, տանկ խոցում», և, որ «հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի են դիմել աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները»:
Արդեն 2020-ի հոկտեմբերի 29-ին 168.am-ի հետ զրույցում ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) ահազանգում էր, որ պատերազմը հասել է Շուշիի պարիսպների տակ, և Ադրբեջանն ուզում է վերցնել Շուշին, և՝ ոչ միայն:
Կարապետյանը նաև զգուշացնում էր, որ տղաները հյուծվել են, մարդկային ռեսուրս է պետք, նաև օդը փակել, որ մեր հրետանին կարողանա աշխատել:
Ավելի ուշ Արկադի Կարապետյանի ահազանգը հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ «թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կիլոմետր հեռավորության վրա»:
«Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը՝ ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին: Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է»,- Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մոտից արված տեսաուղերձում հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հավելենք, որ 168.am–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ 2020-ի նոյեմբերի 7-ին իր մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ինքը և ԱԱԾ նախկին ղեկավար, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը մեկնել են Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ Արցախի Պաշտպանության բանակն ուներ բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար, չի համապատասխանել իրականությանը:
Ինչ վերաբերում է Միքայել Արզումանյանին, հարկ է հիշեցնել, որ նախքան նրա նշանակումը՝ 2020-ի հոկտեմբերի 27-ը, Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ արդեն հասցրել էինք շատ կարևոր տարածքներ կորցնել՝ Մատաղիս, Թալիշ, Ջրական, Հադրութ, Կովսական՝ Զանգելան, Վարանդա՝ Ֆիզուլի, Սանասար՝ Կուբաթլու, ինչն էլ հենց ազդել է պատերազմի ելքի վրա:
Այսինքն, նախ Ջալալ Հարությունյանը պետք է շատ հարցերի պատասխան տա, հատկապես որ, ՊԲ-ին պատերազմին պատշաճ պատրաստելն իր խնդիրն էր, ինչը չի արվել:
Իսկ Միքայել Արզումանյանը ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից հրաժարական տվեց 2021-ի սեպտեմբերի սկզբին:
Դրանից դեռ ամիսներ առաջ էր 168.am-ը գրել, որ Միքայել Արզումանյանը հրաժարական է տալու:
Այդ ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, որ գեներալ Արզումանյանին բարձր պաշտոն են տալու ՀՀ ԶՈՒ-երում, ինչը տեղի չունեցավ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին այս միտքը դուր չի եկել, վստահության խնդիր է ունեցել:
Այն, որ յուրաքանչյուրը պատերազմի ժամանակ պետք է իր թույլ տված բացթողնման համար պատասխան տա, դա անվիճելի է, բայց դա պետք է բոլորին վերաբերի և չլինի ըստ քաղաքական նպատակահարմարության և թիրախավորված: Հնարավոր է՝ Միքայել Արզումանյանի դեպքում գործ ունենք նման երևույթի հետ: