«Օդը «փակելու» խնդիր ունենք, որ մեր հրետանին աշխատի». Արկադի Կարապետյան (Ագո)

Մենք այսօր օդը «փակելու» խնդիր ունենք, որ մեր հրետանին աշխատի: 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո):

«Ժամանակակից զենք է պետք, որ օդը փակեն, և մեր հրետանին կարողանա կրակել, որը չի արվում: Ես չեմ կարող ասել, թե դա ինչի հետ է կապված: Սա գաղտնիք չի, ամբողջ Ղարաբաղը տեսնում է: Այսօր մեզ վրա անընդհատ վերևից բան են թափում, և դրա պատճառով ոչ մի բան չենք կարողանում անել»,- նշեց նա:

Մեր դիտարկմանը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից (ՊՆ) վստահեցնում են, որ վերջերս թշնամու կողմից ԱԹՍ-ի, օդուժի կիրառման դեպքերը նվազել են, փոխվել է մարտավարությունը, այսինքն, մարտերն ընթանում են անտառալեռնային տեղանքում և դիվերսիոն խմբերի միջոցով, Արկադի Կարապետյանը պատասխանեց.

«Չոտկի օգտագործում են: Իսկ դիվերսիոն խումբը մեզ հետ չի կռվում, վախում է, իրենք ինչ անում են՝ օդով են անում, մեկ էլ՝ հրետանիով: Ասում էին՝ նոր տեխնոլոգիաներով եսիմինչ ենք սարքելու, բա ո՞ւր է, պարադներին ցույց էին տալիս, բա ո՞ւր է: Կամ էլ կա՝ բան չեն անում, թող կոմպետենտ մարդիկ որոշեն»:

ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատարը նշեց, որ այսօր նաև մարդկային ռեսուրսի կարիք կա, բայց սա չի նշանակում, որ ՀՀ-ից չեն գալիս, կամ եկածները չեն կռվում:

«Ասում են՝ մեր տղաներն այդտեղ են, ես հո չե՞մ ասում՝ Հայաստանից եկած տղերքը չեն կռվում: Ի՞նչ է՝ Հայաստանի տղերքը, որ ստեղ են, մերը չե՞ն, մի ազգ չե՞նք, իրենք էլ են, չէ՞, զոհվում: Մի ազգ ենք, մեզ համար կապ չունի, ով ստեղ է, ղարաբաղցի է, եթե Երևանից եկել է և հինգ րոպե այստեղ է, ուրեմն ղարաբաղցի է»,- լրացրեց նա:

Ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով Արկադի Կարապետյանը պնդում է, որ պատերազմը հասել է Շուշիի պարիսպների տակ:

168.am-ի հետ զրույցում նա պարզաբանեց.

«Շուշիի տակ ասելով՝ նկատի ունեմ, որ մի քիչ էն կողմն են, ոնց որ էն ձորի կողմը: Մեր տղերքը պահում են»:

Ըստ Արկադի Կարապետյանի, Ադրբեջանն ուզում է վերցնել Շուշին, և՝ ոչ միայն: Ավելին, թշնամին ուզում է խուճապի մատնել ժողովրդին, որոնք այս պահին Արցախում են: «Այստեղ շատ մարդ կա: Բոլորը հո չե՞ն եկել Հայաստան»,- ընդգծեց նա:

Թե որքանո՞վ է իր փորձառությամբ այսօր մասնակից, կամ որքանո՞վ է օգտագործվում ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատարի փորձառությունը, Արկադի Կարապետյանն ասաց, որ սրտին հերթական ստենդն է տեղադրել, բայց ինչ կարողանում, անում է՝ մարդկանց հավաքում է, բացատրում և ուղարկում առաջնագիծ, ինքն էլ է գնում:

«Բայց որևէ ստրուկտուրայի մեջ չկամ»,- լրացրեց մեր զրուցակիցը:

Միևնույն ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատարը շեշտեց՝ այսօր համախմբման ժամանակն է, իսկ այն, որ հաղթելու ենք, բացարձակ չի կասկածում:

«Սա հուսահատության կոչ չի: Ես գիտեմ, որ լավ է լինելու: Բայց դե, մարդիկ են զոհվում»,- ամփոփեց Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս