Արցախի նախագահականը Քյարամյանի՝ «Արիության համար» մեդալին համարժեք գործողությունները չի գաղտնազերծում

Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

«Արիության համար» մեդալով պարգևատրվում են ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական և ղեկավար կազմի զինծառայողները, ԼՂՀ թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների և հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում դրսևորած անձնական արիության և խիզախության համար:

Այդ մեդալով պարգևատրվում են նաև ՊԲ շարքերում չգտնվող այն անձինք, որոնք ԼՂՀ թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ և ձեռներեց, համարձակ և, սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի և առողջության անվտանգության ապահովմանը:

Թե կոնկրետ նշվածներից որ գործողությունն է կատարել Քյարամյանը, որը արիություն է որակել Արցախի նախագահը, կամ՝ կոնկրետ ո՞ր ուղղությամբ և ի՞նչ գործողության համար է «Արիության համար» մեդալի արժանացել, Արցախի նախագահականից չցանկացան պատասխանել:

«Ձեզ հետաքրքրող մանրամասները թողնում եմ առանց մեկնաբանության»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ԱԱԾ նախկին պետն Արցախում մասնակցել է, օրինակ, մի շատ կարևոր քննարկման, երբ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկվել է հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ ասում է.

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որը ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Նշենք, որ հենց այս օրերին է վերագրվում հայտնի օպերացիան՝ «Լելե Թեփե» կամ, ինչպես Սամվել Բաբայանն է նախընտրում անվանել՝ «Քյանդ-Հորադիզ», որի առաջարկը հենց Բաբայանն է արել:

«Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել, ի՞նչ վիճակում. ամսի 5-6-ին, երբ հակառակորդի մի թևն արդեն Ջաբրայիլի բերանն ա, մյուսը թևը Հադրութի գյուղերն ա վերցնում, երրորդ թևը գնում ա դեպի Խոդա Աֆարին: Պարոն Փաշինյանը կապվում ա Օնիկ Գասպարյանի հետ, որ ստեղի գեներալները սենց բան են ասում. ինքը սենց խոսում ա, բան, ես միջամտում եմ, ասում եմ՝ լսի՛, եթե դուք կարող եք էդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, կանգնեցնել հակառակորդին, կարաք և չանեք, բայց եթե դա չի լինում, ապա մեր միակ քայլը մնում ա էդ քայլը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Բաբայանը:

Բաբայանի այս օպերացիան, բնականաբար, ձախողվել էր: Իսկ Արգիշտի Քյարամյանը 2020-ի հոկտեմբերի 8-ին ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Իհարկե, Քյարամյանը շարունակեց գնալ Արցախ և ինչ-ինչ առաքելություն իրականացնել:

168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ տարբեր հատվածներում, ընդ որում՝ Շուշիում, տարբեր դրվագներում կարճ ժամանակահատվածներով առնչվել է Արգիշտի Քյարամյանի հետ, միասին են եղել:

«Ինքը ճիշտ է ասում, որ Շուշիում վերջին օրերին միասին ենք եղել: Եվ Արգիշտի Քյարամյանը Շուշիի ուղղության հրամանատարին՝ գնդապետ Առուստամյանին, աջակցել է: Եվ նրա խնդրանքով, իմ խնդրանքով տարբեր դրվագներում Արգիշտի Քյարամյանը հանդերձավորվել է՝ հագել սաղավարտը, իր զրահաբաճկոնը, վերցրել զենքն ու կապի միջոցները, և պարտաճանաչ կերպով մեկնել այս կամ այն ուղղություն, նկատի ունեմ Շուշիի հատվածում՝ տարբեր ստորաբաժանումներ տեղակայելու, խնդիրները տեղում պարզաբանելու, բացատրական, ինժեներական աշխատանքներում աջակցելու: Մենք, իրոք, վերջին օրերին իր հետ ենք եղել:

Նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քյարամյանը: Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քյարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քյարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու»,- մանրամասնել էր Սեյրան Օհանյանը:

Հավելենք, որ տելեգրամյան ալիքներում և մեդիահարթակներում տեղեկություններ շրջանառվեցին, որ Քյարամյանը նոյեմբերի սկզբին նշանակվել է Շուշիի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Եվ երբ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատրելի է ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարականն է։

«Սակայն ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան, Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականություններն ամբողջությամբ կատարված են, և նստելով Ինկասացիայի մեքենան՝ հեռացել է Շուշիից»,- մասնավորապես, գրել էր «Մեդիապորտը»:

Հավելենք, որ Արգիշտի Քյարամյանի անվան հետ կապված մամուլում հրապարակումներ եղան ազգությամբ ադրբեջանցի Իրանի բազմաթիվ քաղաքացիներին ՀՀ անձնագրեր տրամադրելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս