Բաժիններ՝

«Հիմա մարդիկ զգացին, որ պայթյունն իրենց դռների մոտ է. վախի, տագնապի մթնոլորտ են ստեղծում նաև կեղծ ահազանգերը». Հոգեբան

«Երևանի կենտրոնում այս մեծ աղետը, իհարկե, մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ է առաջացնում: Նրանք կորցնում են անվտանգ լինելու զգացողությունը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին՝ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նրա մեկնաբանմամբ, երբ մարդն այս կամ այն իրադարձությունը չի տեսնում, իր աչքի առջև չի կատարվում, օրինակ, Բերձորում, Աղավնոյում կատարվողը, թվում է, թե իրեն չի վերաբերում:

«Մարդկային իմաստով սա հասկանալի է, որովհետև վտանգի ժամանակ մարդու մոտ սթրեսային իրավիճակներում սկսում են ինքնապաշտպանական մեխանիզմներ աշխատել, որոնցից մեկը կոչվում է իրականության ժխտում, նաև հուզական մեկուսացում:

Հիմա մեր ժողովրդի մոտ այս մեխանիզմներն են աշխատում: Դա նաև անզորության հետևանք է: Եթե մարդիկ համարում են, որ իրենց ձեռքում իրադրությունը փոխելու որևէ լծակ չկա, հոգեկան աշխարհն այս մեխանիզմներն է աշխատեցնում, որ քեզ չի վերաբերում: Հուզականորեն մեկուսանում, իրենց գործերով են զբաղվում: Հիմա մարդիկ զգացին, որ պայթյունն իրենց դռների մոտ է: Վախի, տագնապի մթնոլորտ են ստեղծում նաև կեղծ ահազանգերը: Վախը համարվում է մարդու հիմնական ապրումներից մեկը, ու ռեակցիաները կարող են տարբեր լինել:

Կարդացեք նաև

Օրինակ՝ կարող է ոչնչացնել իրեն վախեցնողին, կարող է նաև փախչել: Բայց եթե քեզ վնասել ցանկացողն այնքան է մոտենում, որ հասկանում ես՝ փախչելն անհնար է, փախուստի տարածքը վերածվում է հակահարձակման տարածքի: Այսինքն, մարդը հետ է շրջվում ու առանց երկար մտածելու՝ սկսում է պայքարել: Հիմա, իմ կարծիքով, այն կարմիր գիծն է, որ վախի տարածքը վեր է ածվելու հակահարձակման տարածքի»,- նշեց Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանն անդրադարձավ նաև սոցիալական ցանցերում պայթյունի հետևանքով մահացած փոքրիկի լուսանկարները տարածելուն՝ նշելով.

«Երխայի պատկերն ազդեցիկ է, սիմվոլիկ նշանակություն ունի. ոչ միայն մարդկային ողբերգություն է, այլև չգիտես, թե ինչ անես: Ցավակցելն այն բառը չէ…»:

Տեսանյութեր

Լրահոս