Սրանք հոգեբանական պատերազմի առանձին օպերացիաներ են, գործում է ներքաշման մեխանիզմը․ Կարինե Նալչաջյան

Հայաստանում տեղի ունեցողը և վերջին իրողությունները, երբ նաև կալանքի տակ են Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականները, հոգեբան Կարինե Նալչաջյանը դիտարկում է հոգեբանական պատերազմի համատեքստում։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նախօրեին է դատապարտվել երկու տարվա ազատազրկման․ դատավորին երկու ամսից էլ քիչ ժամանակ պահանջվեց այս դատաքննությունն ավարտին հասցնելու համար։

«Որպեսզի հասկանանք այս պրոցեսները, մենք պիտի ի սկզբանե ընդունենք, որ գտնվում ենք հոգեբանական պատերազմի թիրախում, ու այդ հոգեբանական պատերազմ վարողների գերնպատակը մեր ոչնչացումն է, մեր պետության ոչնչացումն է, մեր ազգի վերացումը քաղաքակրթական թատերաբեմից։

Իսկ մենք շատ լավ գիտենք, որ պետության, ազգի հիմնասյուներից մեկը հոգևորն է, մեր եկեղեցին՝ իր սպասավորներով։ Եթե իրենց հաջողվի թուլացնել եկեղեցին նաև այսպիսի բռի միջոցներով՝ մեր հոգևորականներին, որոնք նաև մեծագույն հայրենասերներ են, կալանավորելով, կվերացնեն նրանց ազդեցությունն ու դերակատարումը՝ հեշտացնելով իրենց գործը»,- 168am-ի հետ զրույցում մանրամասնեց Կարինե Նալչաջյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ մեր հոգևոր կյանքին այս հարվածը նաև ազգի նվաստացման տեսակ է։

«Կողքից ոչնչացվում են նաև պետության ատրիբուտները։

Սրանք հոգեբանական պատերազմի առանձին գործողություններ են, օպերացիաներ, որոնք իրականացնելու համար, ցավոք, միշտ գտնվում են ծառայողներ,- նշեց հոգեբանը, ապա անդրադարձավ առանձին շրջանակներից հնչող հարցին, թե մեր մեջ այսքան դավաճան որտեղի՞ց,- Նայում ենք՝ դատական համակարգում, կառավարությունում, ինչ-որ մարդիկ այդ ծառայողի խայծը կուլ են տալիս, իսկ այդտեղ նույնպես օգտագործվում են հոգեբանական շատ լուրջ ներգործություններ․ կոգնիտիվ դիսոնանսի օրենքներ գոյություն ունեն։ Գործում է ներքաշման մեխանիզմը»։

Հենց այս համատեքստում հոգեբանը հիշեցրեց «Կրթությունը նորաձև է» շարժումը, որը որակեց անհեթեթություն, սակայն նաև՝ հոգեբանական պատերազմի լավ մշակված օպերացիա։

«Մտնում են որևէ հաստատություն, կազմակերպվում է, որ մարդիկ գան-նստեն դահլիճում։ Այդ մարդկանց մեջ, ես համոզված եմ, որ ճնշող մեծամասնությունը գիտի՝ ինչ է կատարվում, գիտի՝ ինչ կործանարար ուժեր են այսօր կանգնած մեր երկրի ղեկին, բայց մարդը մտածում է՝ լավ, գնամ-նստեմ, դրանից ի՞նչ է փոխվում։ Նաև մտածում է՝ եթե չնստեմ, տնօրինությունն ինչ-որ միջոցներ կձեռնարկի, աշխատանքից կզրկվեմ և այլն։ Այսինքն՝ շատ կենցաղային ու մարդկայնորեն ինչ-որ հասկանալի բաներ։

Բայց տեսեք, եթե ինքը նստել է այնտեղ, իսկ իր ծանոթը հեռուստաէկրանին տեսնում է ու հետո հարցնում՝ ես գիտեմ, որ դու ընդդիմադիր հայացքներ ունես, դու այդտեղ ի՞նչ գործ ունեիր, այդ մարդը ի՞նչ է անում․ նա հակված է արդարացումներ որոնելու։

Նա նույնիսկ սկսում է պաշտպանել այն, ինչը կործանարար է, և հենց այս կերպ հնարավոր է նա գնա առաջիկա ընտրությունների, սկսի դիրքորոշումները փոխել, որ՝ դե լավ, կարող է թուրքերի հետ համակեցությունն էլ լավ լինի, ինչի՞ եք հակառակը մտածում։ Սա է ներքաշման ողբերգությունը, և ես տեսնում եմ՝ աջ ու ձախ էս մեխանիզմն օգտագործվում է»,- ամփոփեց Կարինե Նալչաջյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս