«Պետական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է. եթե մինչ այս պահը ՊՆ-ն հայտարարել է զոհերի թիվը, բայց գտնում է՝ այն պետական գաղտնիք է, նշանակում է՝ հանցագործություն է կատարվել». Մարտիկ Մարտիրոսյան

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը պետական ու ծառայողական գաղտնիք է համարել ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը նշեց, որ այդ տեղեկությունը չի կարող համարվել պետական կամ ծառայողական գաղտնիք՝ նշելով, որ պատասխան գրության մեջ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ չի հստակեցրել՝ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետակա՞ն, թե՞ ծառայողական գաղտնիք է:

««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը հստակ թվարկում է, թե որ տեղեկությունները կարող են համարվել պետական և ծառայողական գաղտնիք: Մասնավորապես, օրենքի 9-րդ հոդվածում նշվում են՝ ռազմական բնագավառում ո՞ր տեղեկությունները կարող են համարվել պետական գաղտնիք:

Դրանց թվում են զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման հետ կապված և այլ տեղեկություններ, այդ թվում՝ ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

Բայց զոհերի թվի մասին տեղեկությունը չի կարող համարվել գաղտնիք: Այստեղ մի կարևոր հանգամանք կա. պետական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով: Հիմա եթե մինչ այս պահը ՊՆ-ն հայտարարել է զոհերի թիվը, բայց գտնում է, որ այն պետական գաղտնիք է, նշանակում է՝ հանցագործություն է կատարվել: Բայց ես պնդում եմ՝ զոհերի թիվը հրապարակելը պետական գաղտնիք չի պարունակում՝ համաձայն օրենքի:

Այստեղ մենք ունենք նաև կառավարության որոշում, որն իրավասություն է տալիս պաշտպանության նախարարությանը՝ պետական գաղտնիքի շարքը դասել որոշակի տեղեկություններ, բայց բոլոր դեպքերում ՊՆ-ն և ցանկացած պետական մարմին, որոնք իրավասություն ունեն պետական գաղտնիքի շարքը դասել որոշակի տեղեկություններ, պետք է առաջնորդվեն օրենքով և չեն կարող դուրս գալ դրանից: Ցանկանում եմ նշել նաև, որ նման վեճ նախկինում եղել է. 2009-ին հասարակական կազմակերպությունը դիմել էր ՊՆ-ին տարվա զոհերի թվի մասին տեղեկություն ստանալու համար, նախարարությունը մերժել էր: Արդյունքում՝ սահմանադրական վեճ էր առաջացել, և ՍԴ-ն ևս այն որոշմանն էր հանգել, որ ՊՆ-ն տեղեկությունները պետական գաղտնիքի շարքը դասելու հարցում պետք է առաջնորդվի օրենքով»,- նշեց փաստաբանը:

Մարտիկ Մարտիրոսյանի խոսքով՝ եթե տեղեկություն տիրապետողը չի տալիս տեղեկություն, որը գաղտնիք չի պարունակում, խախտում է կատարում, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն:

«Այսինքն, լրատվամիջոցները կարող են դիմել վարչական դատարան՝ տեղեկություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության հարցով: Բացի այս, կարող են դիմել Վարչական դատարան՝ տեղեկության տրամադրման պահանջով, որ դատարանը պարտադրի տվյալ ՊՆ-ին տրամադրել տեղեկությունը»,- մանրամասնեց փաստաբանը:

Ռազմական փորձագետների կողմից եղել են դիտարկումներ, որ 2.5 տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանը հրապարակել են բանակի հետ կապված թվեր, որի հիման վրա թշնամին կարող էր մեր զորքի թվի և այլ խնդիրների հետ կապված հաշվարկներ անել, արդյո՞ք օրենքի տեսանկյունից եղել են խախտումներ:

«Առանձին ուսումնասիրությունների վերաբերյալ՝ չգիտեմ, բայց կասկածելի դեպքեր հնարավոր է, որ եղած լինեն: Ես հակառակի մասին կասեմ. եթե չեմ սխալվում՝ 2019-ին մենք սահմանային զոհեր ունեցանք հենց տոնական օրերին, և ՊՆ-ն չէր հրապարակել տեղեկությունը: Եվ երբ որոշ լրագրողներ աղմուկ բարձրացրեցին և այդ մասին խոսեցին, նոր միայն հրապարակվեց»,- մեր դիտարկմանն արձագանքեց Մարտիկ Մարտիրոսյանը:

Պատերազմի օրերին իշխանամերձ անձանց կողմից սոցցանցային գրառումներ եղան ռազմաճակատում տիրող իրավիճակի, օպերացիաների, մարտական գործողությունների մասին, որոնք, ըստ փորձագետների, կարող էին ռազմական գաղտնիքի տրամաբանության մեջ տեղավորել, բայց որի համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Մինչդեռ լրատվամիջոցների դեպքում անհիմն և չպատճառաբանված սահմանափակումներ և տուգանքներ կային:

«Երբ պետական գաղտնիք է հրապարակում այն անձը, որն իրավասություն չունի գաղտնիքը տիրապետելու, նրա դեպքում քրեական պատասխանատվություն չի առաջանում: Քրեական պատասխանատվություն առաջացվում է այն անձի կողմից, որն ի պաշտոնե պետական գաղտնիքի հետ առնչվելու կամ պահելու պարտականություն ունի: Այստեղ պետք է քննություն իրականացվի և պարզեն, թե պետական գաղտնիք տիրապետող ո՞ր անձից է դուրս եկել այդ ինֆորմացիան: Այո, նման դեպքեր կան, երբ նշվում էր, թե այսինչ գործողությունը պետք է ձեռնարկվեր, զորքերի տեղաշարժի, կազմի մասին, որի մասին հենց նշված է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում: Եթե բացահայտվեն այդ հոդվածով սահմանված պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, արդեն առաջ է գալիս համապատասխան պատասխանատվության հարց»,- պարզաբանեց փաստաբանը:

Հավելենք, որ բացի վերևում նշված տեղեկություններից, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի հոդված 9-ում ասվում է, որ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների, հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու, ինչպես նաև՝ ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին տեղեկությունները:

Տեսանյութեր

Լրահոս