Թուրքերը ռամիլսաֆարովներ կբերեն Հայաստան՝ այստեղ կոնֆլիկտներ հրահրելու նպատակով. Կարեն Իգիթյան

Մինչ օգոստոսի 7-ին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, ՀՀ նախագահի և Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ Դիլիջանում քննարկում էր մեր երկրի տնտեսությանն առնչվող հարցեր, այդ նույն ժամանակ Աղավնոյի բնակիչները հավաքում էին իրենց իրերը, հրաժեշտ տալիս իրենց գյուղին, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը բերեց նրան, որ Աղավնոն, Բերձորը մինչև օգոստոսի 25-ը պետք է հանձնվեն Ադրբեջանին։

Կովկասագետ, «Հայկական նախագծի» անդամ Կարեն Իգիթյանի փոխանցմամբ՝ հայրենազրկման այս գործընթացը հասկանալու համար նախ պետք է հասկանալ դրա պատճառը, իսկ պատճառը հասկանալու համար պետք է հասկանալ այս իշխանության վերաբերմունքը առհասարակ հայրենիք և հայրենազրկում երևույթի հանդեպ, իսկ դրա համար բավական է հիշել, թե ինչպե՞ս էին Վազգենաշենի բնակիչներին ադրբեջանցիների հետ դեմ դիմաց միայնակ թողել, ինչպես էին արել այնպես, որ ադրբեջանցիների ծաղրանքի ներքո հայերն իրենց տներից դուրս բերեն իրենց իրերը. Հայաստանի Կառավարությունը նույնիսկ հարկ չէր համարել նրանց տեղեկացնել, որ իրենց գյուղը հանձնվելու է։

«Հիմա նույնն են անում, շարունակում են հանձնել։ Այս Կառավարությունը մինչև հիմա հանձնում է, որևէ բան հետ չի բերել, ուստի, քանի իրենք են իշխանություն, անհնար է խոսել հնարավորության մասին, թե երբևէ կարող ենք հետ բերել հանձնվող տարածքները, որովհետև նրանց համար կարևորը ոչ թե հայրենիքն է, այլ իրենց իշխանությունը պահելու հարցը»,- ասաց Կարեն Իգիթյանը։

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ գործող իշխանությունը շեշտը դրել է բացառապես իր իշխանությունը պահելու վրա, ուստի, եթե այդ նպատակի համար պետք է հանձնել հայկական տարածքները, ապա գնացել և շարունակելու է գնալ այդ ճանապարհով՝ միևնույն ժամանակ արժանանալով՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ՝ թուրքական իշխանությունների սպառնալիքներին, ինչին ականատես եղանք այսօր, երբ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ևս մեկ անգամ սպառնաց ՀՀ իշխանություններին ու նրանց միջոցով՝ նաև հայ ժողովրդին։

Հիշեցնենք, Չավուշօղլուն օգոստոսի 7-ին դիմելով ՀՀ իշխանություններին, ասել էր.

«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին» ։

Ինչ վերաբերում է Սյունիքով միջանցքն Ադրբեջանին տալուն, ինչը իրար կմիացնի եղբայրական պետություններ Ադրբեջանին և Թուրքիային՝ դառնալով «Թյուրքական դարպաս», ապա, ըստ Իգիթյանի, դա հիմք է դնելու ոչ միայն Սյունիքի և այդ մարզի հայկական գյուղերի հայաթափման, այլ նաև թուրքերի՝ դեպի Հայաստան հոսքի։

«Թուրքերը կգան Հայաստան, այստեղ բնակարաններ կառնեն, իրենց հետ մարդկանց կբերեն, բայց նրանք այն թուրքերը չեն լինի, որոնց հետ հայերը շփվում են Վրաստանում կամ այլ տեղ՝ առևտուր անելիս։ Թուրքերը Հայաստան կբերեն ռամիլսաֆարովների՝ շատ լավ պատրաստված մարդկանց, որոնք մեր երկրում ստեղծելու են կոնֆլիկտներ։ Թուրքերը Հայաստանում սադրելու են կոնֆլիկտներ՝ ճնշելու մեզ՝ հայերին, ուստի մեզ մնալու է երկու տարբերակ՝ կամ պաշտպանվել, կամ թողնել հեռանալ մեր հայրենիքից»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս