Բաժիններ՝

Սխալ սննդային ռեժիմը շոգի հետ միասին կարող է առաջացնել ծանր սննդային թունավորում. մանկաբույժ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնեցին, որ հաշվետու ժամանակահատվածում Երևանի բնակիչների շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել, արձանագրվել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեպքերի հետևյալ արդյունքը. աղիքային վարակի 139 դեպք է գրանցվել, օդակաթիլային վարակի՝ 135, մանկական վնասվածքների՝ 168, քիմիական թունավորումների՝ 24, կծվածության՝ 62 դեպք: Երևանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 815 դեպք է արձանագրվել:

168.am մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե, օրինակ, երեխաների շրջանում ո՞ր հիվանդություններն են տարածված։ Մեր զրուցակիցը հարցին ի պատասխան՝ նշեց, որ այս սեզոնին բնորոշ են «կեղտոտ ձեռքերի» աղիքային վարակային հիվանդությունները, սննդային ալերգիաները, արևահարությունները, ինչպես նաև ջրծաղիկը։

«Ջրծաղիկը շատ արագ տարբերվում է մյուս ինֆեկցիաներից: Երեխայի բարձր ջերմելուց հետո նկատվում է ցանը, որը սկսվում է գլխի մազածածկ մասից, տարածվում մարմնի և վերջույթների վրա։ Վերջին կոնտակտից մինչ 21 օր հիվանդը վարակիչ է։ Էնտերովիրուսային վարակները, աղիքային ինֆեկցիաներից սալմոնելոզը, դեզինտերիան, հեպատիտ Ա-ն տարածվում են կեղտոտ ձեռքերի միջոցով, նրանք առաջացնում են սրտխառնոց, լուծ, փսխում, որը բերում է արագ ջրազրկման։ Դա առավել վտանգավոր է մինչև մեկ տարեկանների համար։

Հեպատիտ Ա-ի ժամանակ նաև մաշկն ու լորձաթաղանթները դեղնում են, մեզը մգանում է, հիվանդը ջրազրկվում է և ենթարկվում ինտոքսիկացիայի: Բոլոր դեպքերում ճիշտ է միանգամից մանկաբույժին դիմելը, որպեսզի վիճակն ավելի չծանրանա երեխայի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Հարցին՝ ամռանը շատ հաճախ սխալ սնվելու պատճառով երեխաների մոտ թունավորման դեպքեր են լինում. պատճառը շո՞գն է, թե՞ ճիշտ չեն սնվում, խառնում են մի շարք մթերքներ, որոնց բաղադրիչներն իրար հետ համատեղելի չեն, մանկաբույժը պատասխանեց. «Շոգի հետևանքով ընկնում է մարսողական համակարգի ֆերմենտատիվ ակտիվությունը, անհրաժեշտ է լինում օգտագործել շատ հեղուկներ, հյութեր և կոմպոտներ, դյուրամարս սնունդ, բանջարեղենային շիլաներ։ Տարիքից շուտ հավելյալ սնուցումը, սխալ սննդային ռեժիմը շոգի հետ միասին կարող է առաջացնել ծանր սննդային թունավորում։ Նման դեպքերում արդեն առանց հիվանդանոցի ապաքինվելը համարյա անհնար է։ Ուստի ծնողներն իրենք պետք է խուսափեն երեխաներին տալ ապխտած մթերք, քաղցրեղենի մեծ քանակ, դժվարամարս սնունդ: Պետք է կերակրեն տարիքին համապատասխան և այդ սեզոնին համապատասխան սննդով, որը հեշտ մարսելի լինի: Չպետք է մոռանան հետևել երեխայի հիգիենային, ընդհանուր տան հիգիենիկ վիճակին»:

Տեսանյութեր

Լրահոս