Բաժիններ՝

«Բնակիչներն իրենց ընկերությանը որևէ բան չեն արել, ծառատունկի և ծնեբեկի հետ կապված աշխատանքին չեն խանգարել, չեն էլ խանգարելու՝ թույլ չեմ տա». Տեղ համայնքի ղեկավար

Հուլիսի 27-ին Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր իր ընտանիքին պատկանող ընկերության՝ «Դավթյան Ֆարմսի»-ի նկատմամբ իրականացվող անօրինության մասին: Նա մասնավորապես գրել էր.

«Հունիսի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ:

Դեպքի առիթով անմիջապես դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև մարզպետարան:

Մինչ այսօր չունենք հստակ պատասխաններ, ընկերությունը գտնվում է «գրավված» վիճակում, ընկերության բոլոր աշխատանքները կասեցված են:
Հաստատում և հայտարարում եմ ևս մեկ անգամ։ Մենք պատրաստ ենք փակել տնտեսությունը, ամբողջ 39.9 հա հողը ետ վերադարձնել համայնքին բացառապես օրենքով սահմանված կարգով:

Կարդացեք նաև

Պահանջում ենք կառավարությունից ստեղծել աշխատանքային խումբ` խնդիրն ուսումնասիրելու և համապատասխան լուծում տալու համար»։

168.amՏեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է գյուղում, բնակիչներն ինչո՞ւ են խոչընդոտում Դավիթ Դավթյանի ընտանիքին պատկանող ընկերության աշխատանքին։

Ի պատասխան մեր հարցերի՝  Տեղ համայնքի ղեկավարն ասաց, որ ընկերության աշխատանքները որևէ մեկը չի կասեցրել և չի խոչընդոտել.

«Բնակիչներն իրենց ընկերությանը որևէ բան չեն արել, ծառատունկի և ծնեբեկի հետ կապված աշխատանքին չեն խանգարել, չեն էլ խանգարելու, ես թույլ չեմ տա։ Ժողովրդի բողոքը վարելահողի հետ է կապված։

Նախկինում մենաշնորհի նման 40 հեկտար հող տրվել է մեկ հոգու՝ Դավթյան Սամվելին, ընդ որում, նա այդ տարածքում պետք է ծառատունկ աներ։ Սակայն ծառատունկ անում է 1 կամ 2 հեկտարում, կես հեկտարում էլ ծնեբեկ է աճեցնում։ Իսկ մնացած հողը վարելահող է, որտեղ ցորեն է ցանում։ Ժողովրդի պահանջն այն է, որ նա զբաղվի իր ծառատունկով ու ծնեբեկի մշակմամբ։ Նախկինում եղել են ազատագրված տարածքներ, վարելահողեր, արոտավայրեր, հիմա դրանք չկան, ունենք վարելահողի խնդիր, որ ժողովուրդը մշակի։ Այժմ կան ընտանիքներ, որ կես հեկտար հող չունեն, ախր այսպես ճիշտ չէ, ժողովուրդ ջան, բա գյուղացին ի՞նչ մշակի»,- նշեց Տեղ համայնքի ղեկավարը։

Ըստ համայնքապետի, եթե ասում են՝ գյուղացին պետք է կպած մնա իր հողին, բայց հող չկա մշակելու ի՞նչ է անելու։ Ճիշտ չէ, որ մեկն ունենա 40 հեկտար հող, իսկ մյուսը՝ կես հեկտար էլ չունենա։

«Գյուղացու ասածները ճիշտ չեն մեկնաբանում, նրա ուզածը վարելահողն է։ Հասկացանք, ներդրումներ են արել, թող աշխատեն, իրենց որևէ մեկը չի խանգարում, կրկնում եմ՝ ես թույլ չեմ տա, որ խանգարեն, բայց գյուղացին էլ պետք է, չէ՞, հող մշակի։ Գյուղացու ուզածը միայն սա է»,- եզրափակեց Դավիթ Ղուլունցը։

168.am-ը կապ հաստատեց նաև Դավիթ Դավթյանի հետ, սակայն նա չցանկացավ մեկնաբանություն տալ, միայն տեղեկացրեց, որ երկու օր անց հանդես կգա մամուլի ասուլիսով և իր ասելիքը կասի, այս պահին որևէ բան չի կարող ասել։

Դավիթ Դավթյանի ասուլիսից հետո կներկայացնենք նաև նրա տեսակետը։

Տեսանյութեր

Լրահոս