
Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «գրավել» այն, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ․ ոստիկանությունն ու նախարարությունը լռում են

Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է իր ընտանիքին պատկանող ընկերության՝ «Դավթյան Ֆարմսի»- ի նկատմամբ իրականացվող անօրինության մասին:
«Հունիսի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ:
Դեպքի առիթով անմիջապես դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև մարզպետարան:
Մինչ այսօր չունենք հստակ պատասխաններ, ընկերությունը գտնվում է «գրավված» վիճակում, ընկերության բոլոր աշխատանքները կասեցված են:
Հաստատում և հայտարարում եմ ևս մեկ անգամ.
Մենք պատրաստ ենք փակել տնտեսությունը, ամբողջ 39.9 հա հողը ետ վերադարձնել համայնքին բացառապես օրենքով սահմանված կարգով:
Պահանջում ենք կառավարությունից ստեղծել աշխատանքային խումբ` խնդիրը ուսումնասիրելու և համապատասխան լուծում տալու համար»,– տեղեկացնում է Դավիթ Դավթյանը՝ ավելացնելով, որ շուտով հանդես է գալու մամուլի ասուլիսով` ավելի մանրամասն ներկայացնելու իրավիճակը: