Հայտարարությունները, թե հարաբերությունների հաստատումը թույլ կտա էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա, բացարձակ մերկապարանոց են. Վահե Դավթյան
Մասրիկ-1 կայանի շահագործումը կրկին հետաձգվել է. «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը օբյեկտիվ չի համարում իշխանությունների կողմից մատնանշվող հետաձգման պատճառները՝ համավարակն ու պատերազմը:
«Հայտնի է, որ 2016-17 թթ. օրակարգ բերված այս նախագիծը պետք է ավարտին հասցված լիներ դեռ 2019 թ., երբ օբյեկտիվորեն չկար որևէ խանգարող հանգամանք: Մյուս կողմից, երբ Մասրիկ-1-ի կամ այլ նախագծերի, այդ թվում՝ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման խնդիրները բացատրում են համավարակով կամ պատերազմով, պետք է հիշեցնել՝ Հայաստանի համար ծայրահեղ ծանր շրջանում՝ 1992-1995թթ., Արաքսի վրայով կառուցվեց ու շահագործման հանձնվեց Իրան-Հայաստան ավտոմոբիլային կամուրջը:
Մասրիկի կայանի խնդիրը կարող է դիտվել որպես Հայաստանում իրականացվող էներգետիկ անվտանգության կարևոր ցուցիչ: Կարծում եմ՝ այս հարցում մեծ ազդեցություն ունի նաև սահմանային խնդիրը, քանի որ օբյեկտը կառուցվում է Մեծ Մասրիք համայնքում, որն ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Քարվաճառից:
Ավելին՝ պատերազմի օրերին համայնքը ռմբակոծվել է թուրքական բայրաքթարներով»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց փորձագետը:
Այս համատեքստում Վահե Դավթյանը հիշեցրեց Մասրիքից ոչ հեռու՝ Սոթքում, գործունեություն ծավալող «Զոդ ուինդ» ընկերության ճակատագիրը, երբ ադրբեջանական զինվորականներն էին ներխուժել ընկերության տնօրինման տակ գտնվող տարածք՝ կրակի բացման սպառնալիքով: Վերջինի հետևանքով ընկերությունը սառեցրել էր նախագիծն ու դիմել դատարան:
«Ինձ հայտնի է նաև «ԱՅԳ-1» արևային կայանի կառուցման հետ կապված բազմաթիվ խնդիրների մասին: Պարադոքսն այն է, որ այս ամենի հետ՝ օրվա իշխանությունները հայտարարում են առաջիկա տարիներին համակարգում վերականգնվող էներգետիկայի կշիռը մինչև 15% հասցնելու մասին»,- հավելեց նա:
Անդրադառնալով տարածաշրջանային նոր իրողությունների լույսի ներքո և, մասնավորապես, այսպես կոչված, խաղաղության օրակարգերի համատեքստում Հայաստանի էներգետիկ անվտանգության մարտահրավերներին՝ Վահե Դավթյանն արձանագրեց, որ գլխավոր մարտահրավեր է շարունակում մնալ էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացումը:
Ըստ նրա, սակայն, վերջին շրջանում մենք ականատեսն ենք հակառակ գործընթացների:
«Մասնավորապես, 2022 թ. փետրվարից ազատականացնելով Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկան՝ օրվա իշխանությունները փաստացիորեն բացեցին դարպասներն արտաքին ներկրողների համար:
Առայժմ ներկրումն իրականացվում է Վրաստանից, սակայն հաշվի առնելով Թուրքիայի էներգետիկ նկրտումները 2025 թվականից ի վեր, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանումը 5000 ՄՎտ-ի հասցնելու Բաքվի ծրագրերը՝ չեմ բացառում, որ հարաբերությունների հաստատման պարագայում Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիայի ներկրող. ներքին օրենսդրական դաշտն ամբողջությամբ ներդաշնակեցված է այդ հեռանկարին:
Նշեմ նաև, այդ ամենին կարող է նպաստել միջանցքային սցենարի կյանքի կոչումը, ինչի մասին արդեն հայտարարում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը՝ ասելով, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» պատրաստ է էլեկտրաէներգիայի արտահանում իրականացնել»,- արձանագրեց «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են այս իրողությունները լավատեսական սպասումներ ձևավորել իշխանական ու մերձիշխանական տարբեր շրջանակներում, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Մերձիշխանական որոշ պսևդո-փորձագետների հայտարարություններն առ այն, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը թույլ կտա Հայաստանին էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա, բացարձակ մերկապարանոց են:
Թուրքիան այսօր ակտիվորեն զարգացնում է միջուկային էներգետիկան՝ կառուցելով Եվրոպայում ամենախոշոր միջուկային համալիրներից մեկը, դրան զուգահեռ՝ իրականացնում է մասշտաբային ծրագրեր վերականգնող էներգետիկայի, հատկապես՝ հիդրոէներգետիկայի ոլորտում, ինչպես նաև նոր՝ 135 մլրդ խմ գնահատվող սևծովյան հանքավայրի հայտնաբերմամբ պայմանավորված՝ մեկնարկել է գազատուրբինային մի շարք նախագծեր:
Թուրքիան ձգտում է 2025թ.-ից հետո կայանալ որպես տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող առանցքային խաղացող, ինչը հստակ արտահայտված է նաև թուրքական բազմաթիվ ռազմավարական փաստաթղթերում»:
Քանի որ Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ ընդունել էր «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին, քննարկել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործման, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունները (ի դեպ, այս հարցին ավելի վաղ անդրադարձ էր կատարվել նաև Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ), փորձագետից հետաքրքրվեցինք նաև նոր ատոմակայանի կառուցման հեռանկարների մասին:
Նա նկատեց՝ թեև 2021թ.-ից ի վեր խոսվում է նոր ատոմակայանի կառուցման մասին, սակայն որևէ առաջընթաց չի արձանագրվում, առաջընթաց չկա անգամ պայմանավորվածությունների ֆորմալիզացման տեսանկյունից:
«Այսպես, 2021-ին «Գեոպրոմայնինգ» ընկերությունը կառավարությանը փոխանցեց «Զանգեզուրի մղնձամոլիբդենային կոմբինատի»՝ իրեն պատկանող բաժնետոմսերի 60%-ից 25%-ը, որից հետո ընկերության սեփականատեր Ռոման Տրոցենկոն հայտարարեց կոմբինատին կից պղնձաձուլարան կառուցելու մտադրության մասին: Ու որպես այս մեկ օրվա ընթացքում իրականացված տարօրինակ գործարքի արդարացում՝ կառավարությունից հայտարարեցին, որ նույն Տրոցենկոն Սյունիքում ատոմակայան կկառուցի, ինչը վերահաստատվեց նաև «Ռոսատոմի» նախագահի կողմից:
Սակայն առ այսօր չկա ԱԷԿ-ի կառուցման մասին որևէ ստորագրված փաստաթուղթ, չկա անգամ մի սիմվոլիկ հուշագիր: Միաժամանակ, չկա նաև կառավարության հստակ դիրքորոշում առ այն, թե ինչ հզորության ատոմակայան է մեզ անհրաժեշտ, ինչն իր հերթին՝ վկայում է առհասարակ տնտեսական քաղաքականության բացակայության մասին: Մենք չգիտենք, թե որքան էլեկտրաէներգիա ենք սպառելու 2-3 տարի հետո, քանի որ երկրի տնտեսությունը կառավարվում է բացառապես իրավիճակային, այսրոպեական մեթոդներով՝ առանց գոնե միջնաժամկետ կանխատեսումների»,- նշեց Վահե Դավթյանը:
Նա, այդուհանդերձ, շեշտեց՝ ԱԷԿ-ի խնդիրը նախևառաջ աշխարհաքաղաքական է. հայկական «խաղաղ ատոմը» արտաքին տարբեր ուժերի բախման կետերից է:
«Այդ ուժերից են Վաշինգտոնը, որի հետ ամիսներ առաջ Երևանը փաստաթուղթ է ստորագրել ռազմավարական հարաբերությունների, այդ թվում՝ «խաղաղ ատոմի» զարգացման վերաբերյալ, Մոսկվան, որը շարունակում է հանդես գալ՝ որպես հայկական միջուկային էներգետիկայի առացքային դերակատար, Անկարան, որը զարգացնելով սեփական ատոմային համալիրը՝ ջանք չի խնայում Բաքվի հետ մեկտեղ տարածելու Հայկական ԱԷԿ-ի էկոլոգիական ռիսկերի մասին կեղծ թեզեր: Որպես պոտենցիալ խաղացողների կարող ենք դիտարկել նաև Չինաստանը, Իրանն ու Հնդկաստանը:
Սակայն այսօր, երբ պարզ չէ Հայաստանի ապագան, երբ այդ ուժերի միջև դեռևս շարունակվում են խորքային բանակցությունները տարածաշրջանի վերաձևավորման շուրջ, որևէ մեկը չի իրականացնի միլիարդավոր դոլարների ներդրում Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու համար: Եթե դիտարկում ենք կոնվենցիոնալ հզորության կայանը, ապա խոսքն առնվազն 4 մլրդ դոլարի մասին է»,- եզրափակեց «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահը: