«Ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը». Ստալինի և Չարենցի «երկխոսությունը»
Եղիշե Չարենցն այն բացառիկ հեղինակներից մեկն է, ում ստեղծագործություններում խտացված է պատմական ժամանակաշրջանը, տեղի ունեցող դեպքերը և իրադարձությունները, Կրեմլի ու Հայաստանի քաղաքական դեմքերի գործունեությունն ու որոշումները։ Չարենցն անտարբեր չէր կարող անցնել հատկապես քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների կողքով, քանի որ յուրաքանչյուր իրադարձության հիմքում նա փորձում էր տեսնել, թե ի՞նչ կտա դա Հայաստանին։
Բացառություն չէին կազմում նաև ԽՍՀՄ առաջնորդներն ու Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարները։ Չարենցն ամուր մարդկային կապով կապված էր Ալեքսանդր Մյասնիկյանի հետ, և Մյասնիկյանի մահը շատ ծանր հարված էր բանաստեղծի համար, հատկապես, որ նա Մյասնիկյանի մահվան բոթը լսեց Վենետիկում, իսկ այդ ժամանակ նա արտասահմանյան ուղևորություն էր իրականացնում հենց Մյասնիկյանի որոշումով և կարգադրությամբ։ Չարենցի համար շատ ծանր հարված էր 1936 թվականի հուլիսի 9-ին Աղասի Խանջյանի ողբերգական սպանությունը։ Բերիայի կողմից իրականացված Աղասի Խանջյանի սպանությունը որակվեց որպես ինքնասպանություն, սակայն Չարենցը և շատերը գիտակցում էին, որ դա խորհրդային համակարգի հերթական մութ սպանությունն է։
Չարենցի ստեղծագործական համակարգում մեծ տեղ ունեին նաև ԽՍՀՄ առաջնորդները։ Լենինի կերպարին նա անդրադառնում է իր ստեղծագործություններում, ինչպես նաև նրա մարդկային հատկանիշների մասին խոսում է իր օրագրային գրառումներում և նամակներում։ Չարենցն ամենաբարդ «հարաբերություններն» ունեցավ հատկապես Ստալինի հետ։ Բնականաբար, դա այդպես էլ լինելու էր, քանի որ հայկականությունը ոչնչացնող Ստալինը լինելու էր հայկականությունը պահպանել ցանկացող Չարենցի համար կոնֆլիկտի առաջնային կետը։ Չարենց-Ստալին հեռահար կոնֆլիկտը սկսեց սահմանվել հենց 1933 թվականից, երբ «Գիրք ճանապարհի» գրքում տպագրվեց «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» ստեղծագործությունը, որով Չարենցը ցույց էր տալիս Լենինի մահից հետո իշխանության համար պայքարող Ստալինին և Տրոցկուն։ Ստեղծագործությանը ծանոթացավ և Իոսիֆ Ստալինը.
«Շատ արագ «Աքիլլե՞ս, թե՞ Պյերոն» տողացի թարգմանվել է ռուսերեն, որը ինքը` Գ. Ղազարյանը, տարել է Մոսկվա և ԽՍՀՄ գլավլիտի պետի միջոցով հանձնել Ստալինին։ Մի քանի օր անց Ստալինը կանչել է վերջինիս և ասել. «Ես ուշադրությամբ կարդացի Չարենցի այդ պոեմը։ Եվ ահա, թե ինչ կասեմ դրա մասին։ Որպես գեղարվեստական գործ՝ լավ է մտահղացված ու գրված։ Սակայն որոշ նկատառումներով պետք չէ դա տպագրել։ Ուստի, իմ անունից Չարենցին պետք է ասել, որ առայժմ հրաժարվի դրա հրատարակությունից»։ (Հատվածը վերցված է Դավիթ Գասպարյանի Եղիշե Չարենց. «Նորահայտ էջեր» գրքից, էջ 503):
Քանի որ Գիրքը արգելքի տակ էր դրվել, Չարենցը փորձում է ամեն կերպ հասնել նրան, որ գիրքը հանվի արգելքից և նորից տպագրվի։ Նա նամակ է գրում Մարիետա Շահինյանին՝ հույս ունենալով, որ կարող է ինչ-որ դրական փոփոխություն տեղի ունենալ, և այդ նամակում ակնարկում է նաև, որ նամակ է գրել նաև Ստալինին։ Չարենց-Ստալին հեռահար հաջորդ զրույցը տեղի է ունենում 1935 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի խորհրդայնացման 15-ամյակի կապակցությամբ։ Կրեմլում Ստալինն ընդունում է Հայաստանից եկած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ստեփան Զորյանը։ Ստալինը սկսում է հարցեր տալ Ստեփան Զորյանին.
«Ստալին- Ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը։
Զորյան- Ոչինչ։
Ստալին- Նրան կարծեմ նեղացնում են։
Զորյան– Նա այժմ իրեն հրաշալի է զգում։
Ստալին- Դուք օպերային թատրոն ունե՞ք։
Զորյան- Երրորդ տարին է, որ գոյություն ունի օպերա։ Մենք ունենք հայերեն օրիգինալ օպերաներ»։ (Հատվածը վերցված է «Գրական թերթ», 1936 թ, հունվարի 10, թիվ 1 համարից)։
Չարենցի և այդ շրջանի հայ իրականության համար, ինչ խոսք` հետաքրքիր էր այն, որ մոտ 160 միլիոն բնակչություն ունեցող ԽՍՀՄ-ի ղեկավարը հետաքրքրվում է Եղիշե Չարենցով։ Այս կապակցությամբ չի ուշանում և Չարենցի մեկնաբանությունը.
«Այդ առիթով, ինչ վերաբերում է անձնապես իմ տպավորություններին ու իմ զգացմունքներին, ես միայն կարող եմ ասել, որ առաջնորդի այդպիսի վերաբերմունքը իմ հանդեպ ոչ միայն իմ հոգին լցնում է մեծագույն ուրախությամբ ու հիացմունքով, ոչ միայն նոր ազդակ է հաղորդում խորհրդային հայրենիքի գրականության և կուլտուրայի ասպարեզում հետագա աշխատանքի համար….»։ («Նորահայտ էջեր», էջ 183):
Այս իրադարձություններից հետո Չարենցը նշանակվում է Պուշկինի մահվան 100-ամյա հոբելյանական հայաստանյան միջոցառումների հանձնաժողովի նախագահ, սակայն կարճ ժամանակ անց նրա դեմ ճնշումները նորից նոր թափ են ստանում։ Հատկապես 1936-1937 թվականներին սկսվում է Չարենցի ստեղծագործական պայքարը Ստալինի դեմ։ Նա բանաստեղծություններ և այլ գործեր է գրում, որտեղ մերկացնող քննադատությամբ Ստալինին ներկայացնում է՝ որպես աշխարհում գտնվող չարիք։ Այս ամենի տրամաբանական հանգուցալուծումը եղավ այն, որ Չարենցը դարձավ ստալինյան բռնապետության և Ստալինի անձնական ցուցումով սպանված ամենաբացառիկ հայ մտավորականներից մեկը։
Զ. Շուշեցի