Պետք է համատեղ հանրային ապագայի նախագիծ մշակենք, քանի որ պետությունն ընդհանուր է, իսկ Նիկոլը չի գնում․ Վահե Հովհաննիսյան

Ներքաղաքական ստատուս-քվո չկա, տեղի ունեցողն այլանդակություն է։ Երբեմն մեզ թվում է, թե մենք՝ Հայաստանը, Երևանը, Ֆրանսիայի հրապարակը, մի այլ մոլորակ են։ Շատ կարևոր է երբեմն կողքից նայել՝ ինչ է կատարվում, այդ թվում՝ սեփական քայլերին ու արարքներին։ Մեզ մոտ մի վտանգավոր միտում կա, երբ նախ թվում է, թե մենք այլ մոլորակում ենք, հետո սթափվում ենք և հասկանում, որ որևէ ռիսկ չի նվազել։ Ամեն օր լսում ենք թշնամու ձևակերպումները, տեսնում նրա քայլերը միջազգային հարթակներում, ռազմատեխնիկական լուծումները, նոր զորամասերի բացումն անմիջապես մեր դռան շեմին, նրա՝ օր օրի հստակեցվող պահանջների ցանկը և ոչ կոմպրոմիսայնությունը։ Հիմա նայենք մեզ՝ ինչո՞վ ենք զբաղված մենք։ Պատերազմից հետո մեզ տրված է անցումային մի ժամանակ, մենք հիմա ապրում ենք այդ անցումային ժամանակում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

«Այս անցումային ժամանակն ունի երկու լուծում՝ կա՛մ մենք կարողանում ենք ուժ ու կամք գտնել՝ ապահովելու հետպատերազմյան Հայաստանի վերելքը, կա՛մ փլուզվելու ենք մինչև վերջ։ Այս իմաստով՝ ստատուս-քվո կոչվածը շատ անկայուն է ու հարաբերական, այն շատ կարճ ժամանակ է տևելու, մենք հիմա «վայելում ենք» այդ անցումային ժամանակի վերջին փուլը։ Կա՛մ մեր մեջ կգտնենք այդ կամքը՝ այլ ազգերի ու պետությունների նման պատերազմից հետո հետևություններ անելու և ոտքի կանգնելու, իսկ դրա շանսն ու այլ մեծ հնարավորություններ ունենք, կա՛մ կփլուզվենք մինչև վերջ։ Այսօր մենք մեծ վտանգների ու մեծ հնարավորությունների ընտրության խաչմերուկում ենք, և ամեն ինչ միայն ու միայն մեզնից է կախված»,- ասաց քաղաքական գործիչը։

«Պատերազմից անմիջապես հետո՝ շաբաթներ անց, երևանյան ռեստորաններում քեֆ-ուրախություն էր։ Որևէ բան չվերագրենք ընդդիմությանը կամ էլիտաներին, սովորական հայ հասարակությունը քեֆ էր անում։ Փողոցներում դիահերձարաններ շտապող հազարավոր ընտանիքներ էին, ծնողները մասունքներ էին փնտրում, Եռաբլուրում հերթով թաղումներ էին, սև ժապավեններ, կորսված պետականություն՝ Արցախում, մահեր, զոհեր, վիրավորներ, իսկ Երևանում քեֆեր էին։ Ընդդիմության կամ հարթակի այս կամ այն քայլին հրապարակային անհամաձայնություն կարելի է հայտնել, բայց չէ՞ որ պատերազմից շաբաթներ անց Երևանը տոնախմբությունների ու հրավառության մեջ էր։ Մի բակում կամ շենքում 18 տարեկանի մահվան ողբն էր, կողքի շենքում՝ հրավառություն, և մենք բոլորս ապրել ենք այդ պատկերը։ Սա առանձին թեմա է, որն ապշեցուցիչ է, բացարձակ քաղաքական հարց չէ, այլ հասարակության կայացածության և որակի ցուցիչ»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ չի հաջողվում այսքան ժամանակ անց փոխել հանրային տրամադրությունը, թեև մեծամասամբ հաջողվել է, բայց ոչ ամբողջական ծավալով, իսկ պատճառն այն է, որ գտնված չեն հանրության հետ խոսելու և հաղորդակցվելու ճիշտ խողովակները․ «Մենք բոլորս հետևում էինք, այս կամ այն չափով մասնակից էինք Դիմադրության շարժման ակցիաներին, անտարբեր չէինք։ Դրա առանցքում, սակայն, չկար հասարակ քաղաքացու օրակարգը։ Բացի անվտանգության կարևորագույն, ամենացավոտ, ամենանվիրական հարցերից՝ Թուրքիա, Ադրբեջան, սահման, Շուշի, կա քաղաքացու հանրային օրակարգ, որը բավական սուր է։ Մեր քաղաքացին ապրում է այդ օրակարգով, բայց հարթակը չկարևորեց այն և չկարողացավ քաղաքացու հետ երկխոսության մեջ մտնել իր իսկ սոցիալական օրակարգով։ Մենք չենք կարողանում ֆիքսել քաղաքացու մտահոգությունների փաթեթը, որ սկսենք այդ փաթեթի լուծման ուղղությամբ խոսել իր հետ»:

«Օրինակ, օրեր առաջ գործող վարչապետը գնացել էր Երասխահուն գյուղ, և մի քաղաքացի նրան ասում էր՝ «դուք մեզ փրկեցիք դժոխքից»։ Մենք ընդունում ենք, որ նա մեր քաղաքացին է՝ հայկական անձնագրով, և իր տեսակետն այն է, որ Նիկոլն իրեն փրկեց դժոխքից։ Մենք ընդունում ենք, որ Հայաստանի կրթական որոշակի ցենզ ունեցող հանրության 90 տոկոսը լրիվ հակառակն է ասում՝ «դու մեզ բերեցիր դժոխք»։ Հնարավո՞ր է այս երկու հակադիր տեսակետներով քաղաքացիների համատեղ պետությունը։ Ոչ միայն հնարավոր է, այլև այլ լուծում չկա, մենք պետք է կարողանանք համատեղ կյանքի մի նախագիծ մշակել, որում պիտի ապրենք։

Եթե մի հրաշքով Նիկոլը թողներ-գնար, որպես քաղաքացի հասկանար, որ այդպես ավելի արագ կհարթվի բզկտվածությունը, կարագանա ներքին կոնսոլիդացիան, ամեն ինչ շատ ավելի հարթ կգնար։ Շատ երկրներում ղեկավարներն ամենափոքր հարցերի պարագայում՝ չնչին գնաճի, որևէ սխալ բառի, ձևակերպման, արտահայտության, հեռանում են։ Նիկոլը չի գնում, հետևաբար՝ մենք պիտի ճանապարհ գտնենք՝ հանրային համատեղ ապագայի նախագիծ մշակենք, որում տարբեր, այդ թվում՝ իրարամերժ կարծիքներ ունեցող հանրային շերտերը պիտի ֆիքսեն, որ պետությունն ընդհանուր է, և պետք է գնանք առաջ»,- ամփոփեց Վահե Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս