Դա մահակ է՝ մարդկանց տեռորի ենթարկելու համար. գործադիրը կմեղադրի ու վճիռ կհրապարակի. Տնտեսագետ
Պետական եկամուտների կոմիտեն e-draft իրավական միասնական տեղեկատվական հարթակում հրապարակել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ՊԵԿ-ին տալ այնպիսի լիազորություն, որով այդ մարմինը կկարողանա տիրապետել բանկային գաղտնիքին՝ առանց դատարանի վճռի։
Նշենք, որ ներկա օրենսդրական կարգավորմամբ քաղաքացու բանկային գաղտնիքին պետական մարմինը կարող է տիրապետել բացառապես քաղաքացու համաձայնությամբ և դատարանի ուժի մեջ մտած որոշմամբ, բանկային գաղտնիքին տիրապետելու այլ օրենսդրական կարգավորում չկա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը առանց դատարանի որոշման քաղաքացու բանկային գաղտնիքին տիրապետելու նկրտումը պայմանավորեց գործադիր իշխանության միայն մեկ ցանկությամբ՝ այն է՝ էլ ավելի շատ լծակներ կենտրոնացնել իր ձեռքում։
«Այս օրենսդրական նախագիծը հակասում է օրենսդիր, գործադիր և դատական մարմինների տարանջատման սահմանադրական հակակշիռների մեխանիզմին։ Այս նախագծով գործադիր մարմինը փորձում է ստանալ անսահմանափակ լիազորություններ, որը կդարձնի դագանակ այլախոհների, բիզնեսի և, առհասարակ, բոլոր մարդկանց գլխին՝ նրանց տեռորի ենթարկելու նպատակով»,- ասաց Խաչատրյանը։
Այս օրենսդրական նախաձեռնության պաշտպանների և հեղինակների միակ արդարացումն ու հիմնավորումն այն է, որ եթե քաղաքացին ազնիվ է, վախենալու որևէ պատճառ չպետք է ունենա, մինչդեռ տնտեսագետը հակադարձում է.
«Դե, այդ դեպքում եկեք բոլորս մեր բանկային գաղտնիքները թափանցիկ հրապարակենք. չէ՞ որ հենց էնպես չէ, որ «բանկային գաղտնիք» հասկացությունն է սահմանվել և պաշտպանվել օրենքով։ Հակառակ դեպքում, դա շատ նման կլինի վերջերս արձանագրված մի դեպքի, երբ հայտարարեցին, թե պետական դավաճան են բռնել, խայտառակեցին մարդուն, ի լուր աշխարհի նրա վրա փակցրեցին պետական դավաճանի խարանը, բայց դատախազությունը արդարացրեց այդ մարդուն, որովհետև բավարար ապացույցներ չկային՝ մարդուն առաջադրված մեղադրանքն ապացուցելու համար։ Նույնն էլ էստեղ է, եթե դատարանում և մինչև դատարան հասնելն իրավական որևէ գործընթացներով չեն հիմնավորում բանկային գաղտնիքին տիրապետելու անհրաժեշտությունը, ապա դրան կտիրապետեն՝ առանց բավարար ապացույցներ ունենալու։ Սա խոսում է միայն մեկ բանի մասին՝ գործ ունենք լիազորությունների չարաշահման կամ անսահման լիազորություններ ունենալու հանգամանքի հետ»,-ասաց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչը։
Նրա փոխանցմամբ՝ եթե պետական մարմինը ցանկանում է տիրապետել բանկային գաղտնիքին՝առանց դատարանի որոշման, այդ դեպքում մեծ ռիսկերի առաջ է կանգնեցնելու ոչ միայն առկա, այլև պոտենցիալ ներդրողներին, որոնց, թեև, դա չի զարմացնի, որովհետև ավելի վատ օրինակ ունեն աչքների առաջ։
«Մի երկրում, որտեղ Կառավարության նիստի ժամանակ հայտարարվել է, որ պոտենցիալ ներդրողին ԱԱԾ-ի աշխատակից են կցելու, այդ երկրի ներդրողին դժվար թե զարմացնի ՊԵԿ-ի այս նախագիծը։ Իրականության մեջ, սակայն, սա բերելու է ներդրումային ու բիզնես միջավայրի վատթարացման ու պետական քաղաքականություն իրականացնողների կողմից կամայականությունների։ Ստացվում է՝ բոլոր լիազորությունները կենտրոնացնում են գործադիրի ձեռքում, ինչի արդյունքում գործադիրը պետք է մեղադրի, դատավճիռ հրապարակի ու դա կյանքի կոչի։ Այդ դեպքում, թող դատարաններն ու Ազգային ժողովը փակեն. ամեն ինչ անի Կառավարությունը»,- խոսքը եզրափակեց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Պետական եկամուտների կոմիտեն տարածեց հաղորդագրություն առ այն, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): Փաթեթը հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների և արձագանքների հավաքագրման նպատակով:
Քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում