Բայդենը Երուսաղեմում Իսրայելի վարչապետին կխնդրի ավելացնել ռազմական օգնությունը Կիևին. Axios
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 14-ին Երուսաղեմում կայանալիք երկկողմ հանդիպման ընթացքում Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին կխնդրի ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային: Այս մասին հաղորդել է Axios պորտալը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։
«Մենք գոհ ենք նոր օգնությունից, որի մասին վերջին օրերին հայտարարել է Իսրայելը, բայց Ուկրաինան առանձնահատուկ պահանջներ ունի, որոնց մասին մենք պատրաստվում ենք խոսելու իսրայելական կողմի հետ»,- մեջբերում է հրատարակությունը Միացյալ Նահանգների վարչակազմի՝ անունը չհայտնած ներկայացուցչի խոսքը:
Պորտալը նշում է, որ Իսրայելը, թեեւ ճշտել է Մոսկվայի նկատմամբ իր քաղաքականությունը եւ զբաղեցրել ավելի «ուկրաինամետ դիրքորոշում», առայժմ Ուկրաինային արդի զենք չի մատակարարել:
Ավելի վաղ հրեական պետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելը 1,5 հազար սաղավարտ, նույնքան պաշտպանական բաճկոնակ եւ հազար հակագազ կմատակարարի Ուկրաինայի քաղաքացիական ծառայություններին:
Ինչպես հուլիսի 13-ին հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ, Ուկրաինայի իրադրությունը կլինի Երուսաղեմում Լապիդի եւ Բայդենի առաջիկա բանակցությունների թեմաներից մեկը:
Ըստ որում պաշտոնյան խուսափել է այն հարցի ուղղակի պատասխանից, թե Բայդենը պլանավորում է արդյոք «Իսրայելին դրդելու» Ուկրաինա զինամթերքի ուղարկման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: