«Բերձորում հետագա մեր ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, պայքարը». Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի ԱԺ-ում ներկայացնելով 2021 թվականի բյուջեի կատարողականը, նշեց, որ 2021 թվականը Արցախի համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր։

«2022 թվականին ևս միասնաբար և հետևողականորեն շարունակելու ենք Արցախի անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքը՝ այդ ճանապարհին կարևորելով յուրաքանչյուրի ջանքն ու եռանդը, ներուժը,  Արցախում, Հայաստանում և սփյուռքում՝ ի շահ հայրենիքի բարգավաճման»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Ներկայացնելուց հետո ԱԺ պատգամավորները հարց ուղղեցին Արայիկ Հարությունյանին։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հետաքրքրվեց, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լաչինի միջանցքով պետք է գծվեր այլընտրանքային ճանապարհ կառուցելու պլանը՝ համաձայնեցնելով կողմերի հետ։

«Ներկայումս մեզ հրացնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է 5 կմ լայնությունից, որի պատճառով էլ փաստորեն դուրս է եկել Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը։ ՀՀ վարչապետն ասում է, մեջբերեմ. «այս երթուղու ընտրության հարցում Արցախի իշխանությունները ներգրավված են եղել, և մենք առաջնորդվել ենք իրենց նախընտրություններով»։ Արդյո՞ք այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի 6-րդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է։ Տրվե՞լ է Ձեր կողմից համաձայնություն, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ է տրվել, և համաձայնություն տալուց առաջ նախատեսե՞լ էինք վերը նշված բնակավայրերի հայաթափվելու հարցը։ Եթե համաձայնեցրել եք, ապա ինչո՞ւ այդ բնակավայրերի բնակիչներին չեք տեղեկացնում, թե առհասարակ ինչ ճակատագիր է  սպասվում նրանց»,- հետաքրքրվեց Մետաքսե Հակոբյանը։

Պատասխանելով հարցին, Արցախի նախագահն ասաց, որ՝ կապված երթուղու հետ ունեցել են մի քանի առաջարկ՝ ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից։

«Այդ բոլոր առաջարկները մերժվել են, առաջարկվող մայուղին քննարկվել է մի քանի անգամ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը։ Ըստ մեզ, մենք ընտրել ենք լավագույն տարբերակը, կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել։ Ճանապարհն ավարտվելուց հետո, երբ լինի ճանապարհ, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու, նախ ճանապարհի կառուցման որակի առումով, երկրորդը՝ արդյո՞ք այդ ճանապարհը լինելու է անվտանգ, իսկ իմ կարծիքով՝ շատ ավելի անվտանգ է լինելու։

Ինչ վերաբերում է այդ բնակավայրերի հայաթափմանը, այդ հարցն այսօր չի քննարկվել, խոսքը վերաբերում է հիմնականում Աղավնոյին, խոսքը Բերձորի մասին չէ, հայտարարությունում գրված է, որ մենք պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք։ Իսկ Աղավնոյի հետ կապված մենք անելիքներ ունենք։ Մենք որևէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք Բերձորից»,- շեշտեց Արցախի նախագահը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աղավնոյի վերաբերյալ ասել է, որ Աղավնոյի հարց այսօր չեն քննարկում։

«Ասել եմ, որ մենք տանում ենք բանակցություններ, և այդ հարցը բանակցային այս փուլում թողեք մեր հնարավորությունների շրջանակներում, տեսնենք, թե ինչպիսի հնարավոր լուծումներ կան։ Իսկ Սուս գյուղում այս պահին բնակիչներ չունենք, այնտեղի և Բերձորի բնակիչները, որքանով տեղյակ եմ՝ ստացել են փոխհատուցում, և այդ առումով մենք… անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձորի բնակավայրում հետագա մեր ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները՝ պայքարը»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս