Ում կզոհաբերեն, ում կպահեն… Առաջ՝ դեպի հլու-հնազանդ դատական համակարգ

Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությունը դատական համակարգում, այդ թվում՝ նաև Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տիրող իրավիճակի մասով, որևէ նոր բացահայտում չարեց: Այն, թե ինչպիսի կառույց է ԲԴԽ-ն, դատական համակարգին մոտ կանգնած յուրաքանչյուր անձի համար գաղտիք չէ, և պարտադիր չէր լսել Ջհանգիրյանի որակումները, հասկանալու համար, թե բարոյական ինչ չափանիշներով օժտված անձինք են պաշտոնավարում այդ տխրահռչակ կառույցում:

Զանգվածային լրատվության միջոցներով բազմիցս հրապարակումներ են եղել այն մասին, որ իշխանությունները հետևողականորեն կյանքի են կոչում Վճռաբեկ դատարանը զավթելու իրենց երազանքը: Այդ բաղձալի երազանքին հասնելու, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի քրեական պալատից բացի, նաև մյուս պալատները հլու-հնազանդ դատավորներով համալրելու նպատակով իշխանություններն իրենց յուրայինների միջոցով հավաքագրել են այնպիսի թեկնածուների, որոնք Վճռաբեկ դատարանում հետագա գործունեության ընթացքում հաշվետու են լինելու իրենց հովանավորյալներին:

Ինչպես նախկինում գրել էինք, այդ դատավորներին Վճռաբեկ դատարան հասցնելու հարցը լուծվել է ոչ թե ԲԴԽ-ում, ինչը պահանջում է գործող օրենսդրությունը, այլ ապագա Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի աշխատասենյակում: Այսինքն՝ Ջհանգիրյանն այնքան էլ չէր սխալվում ԲԴԽ-ին համապատասխան որակումներ տալու հարցում, քանի որ ԲԴԽ անդամները, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնյաներ և հարկատուների հաշվին ստանալով բարձր աշխատավարձեր, իրականում մատնված են պարապուրդի, քանի որ փաստացի չեն իրականացնում օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, և նրանց փոխարեն դրանք իրականացնում են այլ պաշտոնատար անձինք և բոլորովին այլ վայրում: Որքան էլ ԲԴԽ անդամները փորձում են իրենք իրենց համոզել, որ իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, հարցազրույցներ են տալիս իրենց կողմից իբր կատարվող աշխատանքների մասին, այդուհանդերձ իրողությունն այն է, որ ԲԴԽ անդամները ԲԴԽ-ի պաշտոնական www.court.am կայքից են տեղեկացել միայն, թե իրենք ում են «ընտրել» Վճռաբեկ դատարանի ապագա վարչական և հակակոռուպցիոն պալատներում պաշտոնավարելու համար:

Ընդ որում, զանգվածային լրատվության միջոցները ԲԴԽ անդամներից ավելի վաղ էին տիրապետում այն տեղեկատվությանը, թե ում են նրանք «ընտրելու»: Ավելին՝ զանգվածային լրատվության միջոցներն անգամ տեղյակ էին, թե ովքեր են իշխանությունների ֆավորիտները և ինչպես պետք է ձևավորվեն եռյակները, որպեսզի իշխանությունների ցանկալի թեկնածուները Ազգային ժողովում խնդիր չունենան:

ԲԴԽ-ի պաշտոնական www.court.am կայքի տվյալները մասամբ հաստատեցին մեր հրապարակումների արժանահավատությունը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի ապագա վարչական պալատում պաշտոնավարելու համար անվիճելիորեն ընտրվելու է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, որի եռյակում գտնվողներն ընդամենը բեք վոկալիստների դեր են կատարելու և իրական մրցակիցներ չեն: Դատական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Քրիստինե Մկոյանը չի փայլում մասնագիտական բարձր որակներով, լրիվությամբ արժանի է ներկայիս իշխանություններին և նրանց «արժեքների» կրողն է ու Վճռաբեկ դատարանի ապագա վարչական պալատում իշխանությունների ամենահավատարիմ դատավորն է լինելու: Մյուս եռյակում մեծ հավանականություն ունի ընտրվելու նույն դատարանի նախագահ Արա Բաբայանը:

Բավական հետաքրքիր դասավորություն ունի մյուս եռյակը, որում ընդգրկվել են Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու Վարչական դատարանի նախագահ Հրաչ Այվազյանը: Այս եռյակում ընդգրկված բոլոր երեք թեկնածուներն իշխանությունների համար նախընտրելի թեկնածուներ են, սակայն ընտրվելու է նրանցից միայն մեկը, ինչը նշանակում է, որ իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց բնույթին, այդ թեկնածուներից երկուսին «զոհելու» են:

Համանման իրավիճակ է նաև հակակոռուպցիոն պալատում պաշտոնավարման համար կազմված եռյակներում, ինչից պարզ է դառնում, որ ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանը, ում մասնագիտական աղետալի ցածր որակները դատական համակարգում հայտնի են շատերին, Լիպարիտ Մելիքջանյանը, ով, չունենալով դատավորի փորձառություն, պետք է վերանայի փորձառու դատավորների դատական ակտերը, նախկին փաստաբան, ներկայումս Ազգային ժողովի ՔՊ-ի պատգամավոր Արթուր Դավթյանը և փաստաբան Գևորգ Գյոզալյանը, այդուհանդերձ, անվիճելիորեն ընտրվելու են:

Թերևս, Ջհանգիրյանի՝ ԲԴԽ-ին վերաբերող որակումներն ամբողջությամբ կիրառելի են նաև Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ՔՊ-ական պատգամավորների կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլի ուսապարկերի նկատմամբ: Այնպես որ, ՔՊ-ական պատգամավորներ, իմացեք, որ ձեզանից ոչինչ կախված չէ և դուք որոշումներ ընդունելու իրավունք չունեք: Ձեզանից առաջ ընտրությունն արդեն կատարված է և սույն հոդվածում այդ մասին պարզապես տեղեկացնում ենք, որպեսզի ԲԴԽ անդամների նման դուք էլ parliament.am կայքից չիմանաք, թե ում եք «ընտրել»:

Այս տեմպերով Վճռաբեկ դատարանը շուտով կդառնա Կառավարությանը կից գործող մարմին, ինչպիսին պատկերացնում է նաև Ջհանգիրյանը:

Տեսանյութեր

Լրահոս