Դատական իշխանության պերճանքը՝ «գյադեք, էս կողմ անցեք, գյադեք, էն կողմ անցեք»
Գաղտիք չէ, որ իշխող քաղաքական ուժն անում է հնարավոր ամեն ինչ դատական իշխանությունը գործադիրի կցորդը դարձելու և դատարանները վստահելի ու կառավարելի դատավորներով համալրելու համար:
Այդ նպատակի իրագործման համար որպես գերխնդիր դրված է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատներում յուրային դատավորների նշանակումը:
Դատական իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների ձևավորման գործընթացն այնքան էլ հարթ չի ընթացել, քանի որ գործող դատավորներից ոչ բոլորն են պատրաստակամություն հայտնել գործող իշխանությունների կամակատարը դառնալ:
Իշխանություններն ի սկզբանե ցանկություն են ունեցել հակակոռուպցիոն պալատում չներառել գործող դատավորներից որևէ մեկին և պալատը ձևավորել բացառապես ոչ դատավոր յուրայիններով, սակայն շատ արագ հասկացել են, որ պալատի գործունեությունն անմիջապես կտապալվի, եթե դրանում ներառված չլինեն փորձառու դատավորներ: Խնդիր է դրված նաև Վճռաբեկ դատարանի դատավորի պատմուճան «նվիրել» Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշ գիտնական անդամներին, որպեսզի դրանով վարձահատույց լինեն նրանց հավատարիմ ծառայության համար:
Բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել Վճռաբեկ դատարանի ապագա վարչական պալատի դատավորների թեկնածուների ընտրության շուրջ: Մասնավորապես, իշխանությունների համար նախընտրելի դատավորների թեկնածուների հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի մոտ և որոշվել է, որ Վճռաբեկ դատարանի վարչական պալատ պետք է «գործուղվեն» Քրիստինե Մկոյանը, ում համար անզիջում պայքար է մղում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Լիաննա Հակոբյանը, ով սորոսական թևի նախընտրելի թեկնածուն է և Արտակ Զեյնալյանը, որը Էդմոն Մարուքյանի մտերիմն է:
Սկզբնապես այդ հրահանգի իրագործումը գրեթե անհնար է եղել, քանի որ գործող մյուս դատավորները, հասկանալով, որ պալատի դատավորների թեկնածուների ընտրությունը ԲԴԽ-ում օբյեկտիվ չի անցնելու, հրաժարվել են իրենց թեկնածությունն առաջադրել: Նրանց զայրացրել է նաև այն հանգամանքը, որ Վարչական պալատում կարող է հայտնվել մասնագիտական բավարար որակներ չունեցող Արտակ Զեյնալյանը և վերանայել պրոֆեսիոնալ և փորձառու դատավորների կողմից կայացված դատական ակտերի օրինականությունն այն դեպքում, երբ Վարչական դատարան նրա կողմից նաև որպես լիազորված անձ ներկայացրած հայցադիմումները բազմաթիվ թերությունների պատճառով հաճախ վերադարձվում են կամ դրանց ընդունումները մերժվում են:
Ստեղծված իրավիճակում ԲԴԽ-ին հրահանգ էր իջեցվել անել հնարավոր ամեն ինչ՝ ցանկալի թեկնածուներին ԱԺ հասցնելու համար թեկնածուների անհրաժեշտ քանակն ապահովելու նպատակով:
Իշխանությունների ֆավորիտ թեկնածուների բեք վոկալիստների դերում հանդես գալու համար ԲԴԽ-ի ընտրությունը կանգ է առել ոչ բարձր հեղինակություն և իշխանահաճո որոշումներ կայացնելու մեծ փորձ ունեցող դատավորների վրա և ԲԴԽ ներկայիս ղեկավարին և անդամներին այնուամենայնիվ հաջողվել է համոզել նրանցից մի քանիսին հանդես գալու Քրիստինե Մկոյանի, Լիաննա Հակոբյանի և Արտակ Զեյնալյանի բեք վոկալիստների դերում:
Իշխանություներին փաստացի հաջողվել է հնարավոր դարձնել Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն և վարչական պալատներ ունենալու իրենց երազանքի իրագործումը, որն առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ հունիսի 27-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում ավարտին է հասցվելու:
Դատավորների ցանկալի կազմով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատները ձևավորելուն զուգընթաց իշխանությունները զբաղված են նաև ապագա պալատներում հավատարիմ նախագահներ ունենալու խնդրի լուծմամբ և չնայած նրան, որ ըստ հավաստի տեղեկությունների, իշխանություններին իրենց ծառայություններն առաջարկողների թիվը փոքր չի եղել, այնուամենայնիվ «վերևներում» որոշումն արդեն կայացվել է:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի թեկնածուների հարցում իշխանությունները կանգնել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական ներկայիս պալատի դատավոր Արսեն Մկրտչյանի վրա: Վերջինս չունի իրավաբանական կրթություն, այլ court.am կայքի տվյալների համաձայն՝ ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը: Նա նաև ՀՀ ՊԵԿ ներկայիս նախագահ Ռուստամ Բադասյանի մտերիմն է:
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի թեկնածուի հարցում իշխանություններն ավելի լայն ընտրության հնարավորություն ունեն, քանի որ վերջիններիս ծառայություններ մատուցելու խոստումներ և հավատարմության երդումներ տալու հարցում այդ պալատի նախագահի հնարավոր թեկնածուները գերազանցում են միմյանց: Տեղեկությունների համաձայն, ի թիվս այլոց, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի հավանական թեկնածուներից են ԲԴԽ դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ գիտնական անդամ Լիպարիտ Մելիքջանյանը:
Վարչական պալատի նախագահ դառնալու ուղղությամբ ակտիվ աշխատում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախկին նախագահ, ներկայումս Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Հովսեփ Բեդևյանը, ով իր մտերիմ շրջապատում արդեն հայտնել է, որ լուծված է իր՝ պալատի նախագահ նշանակվելու հարցը: Վերջինս հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի անդամ՝ իր աշխատանքային վերելքը սկսել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում աշխատելով, և նրա որդու՝ Լևոն Քոչարյանի մտերիմ ընկերն է, սակայն կարողացել է ներկայիս իշխանությունների հավատարիմ մարդը դառնալ: Ընդ որում, Ռոբետ Քոչարյանի շրջապատի յուրային լինելու հանգամանքն է նախկինում նպաստել Ազգային Ժողովում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի ընտրության ժամանակ Հովսեփ Բեդևյանի օգտին նաև ընդդիմադիր պատգամավորների կողմ քվեարկելու փաստը: Նշենք, որ Հովսեփ Բեդևանի հարազատ ընկերներից է նաև ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:
Ուշադրութան է արժանի այն փաստը, որ նոր ստեղծվող պալատներում ցանկալի նախագահներ նշանակելու իշխանություների մտադրությունը պլանավորված է եղել վաղուց: Այդ նպատակով էլ տարիներ առաջ վերացվեց օրենսդրական այն պահանջը, որ պալատի նախագահներ կարող են նշանակվել միայն տվյալ պալատում աշխատանքի 3 տարվա ստաժ ունեցող դատավորները, որպեսզի հետագայում որևէ խոչընդոտ չլինի Արսեն Մկրտչյանին և Հովսեփ Բեդևյանին պալատների նախագահներ նշանակելու հարցում, քանի որ նրանք չունեն պահանջվող ստաժը:
Արձանագրենք. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն միջամտում է դատական իշխանության ձևավորմանը, այլև, ինչպես բազմաթիվ փաստերի ենք ականատես եղել՝ անմիջական հրահանգներ է իջեցնում դատավորներին, ինչպես ասում էր 2018թ. օգոստոսի 17-ի հանրահավաքի հայտնի ելույթում. «․․․ թե՞ ձեզ թվում ա մենք ձևերը չգիտենք դատավորներին զանգելու, հաթաթա տալու, թե՞ ձեզ թվում ա մենք ձևերը չգիտենք, թե ինչպես են դատավորներին պարտադրում այս կամ այն որոշումը կայացնել»։
Այդ հանրահավաքից շուրջ 10 ամիս անց էլ՝ 2019-ի հունիսի 5-ին, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, նա ասել էր.
«Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»։