Հայկական հոգեբանություն

Այսօր երեկոյան հանդիպեցի իմ սփյուռքահայ բարեկամի հետ։ Սեղանի շուրջ զրուցեցինք հիմնականում Հայաստանում տիրող իրավիճակի, սպասվող ապագայի մասին։ Համեմատություններ արեցինք մեր և այլ ժողովուրդների մտածողությունների միջև՝ հրեաներ, ֆիններ, ռուսներ, արաբներ և այլն։

Ռուսական հոգեբանության մասին խոսելիս, ես հիշեցի մի պատմություն։

1983 թվականին էր, մասնագիտական գործուղման էի մեկնել Մոսկվա։ Մի երեկո հրավիրված էի կոլեգայիս՝ երկրաբան Լենայենց տուն։ Սեղանի շուրջ նստած ընթրում, օղի խմում և զրուցում էինք՝ Լենան, նրա մայրը, հայրը, ով պաշտոնաթող գեներալ էր, և ես։ Զրույցի ընթացքում Լենայի հայրը հանկարծ լրջացավ, շրջվեց դեպի ինձ և հարցրեց․

– Ավետիք, մի հարց տամ, միայն խնդրում եմ անկեղծ պատասխանել։

Ասացի․

– Խնդրեմ, լսում եմ։

– Ավետիք, պատկերացրեք, որ փողոցում ականատես եք երկու հոգու կռվի, որոնցից մեկն ազգությամբ հայ է։ Դուք ո՞ւմ կպաշտպանեք։

– Զարմանալի հարց եք տալիս, առաջին հերթին կփորձեմ նրանց բաժանել միմյանցից, խաղաղեցնել։

– Ավետիք, դուք անկեղծ չեք։ Համոզված եմ, որ դուք, որպես հայ՝ կպաշտպանեք հային, իսկ մենք՝ ռուսներս, նման դեպքում կպաշտպանենք ոչ թե ռուսին, այլ արդարությունը։

Լսելով այս պատմությունը, սփյուռքահայ բարեկամս դառը ժպիտով արձագանքեց․

– Նա լավատեսորեն սխալվել է։ Երանի այդպես լիներ, որ հայը հային պաշտպաներ, թիկունք կանգներ, ինչպես շատ այլ ազգեր։ Համոզված եմ, որ հայը ոչ թե հային կպաշտպաներ, այլ իր անձնական շահը․․․

Ավետիք Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս