Ինչպես կրակոցը դարձավ կրակոցներ, որսորդական հրացանը՝ «Կալաշնիկով», և քաղհասարակություն կոչվածի ամլությունը

Երեկ երեկոյան Ապարանում կրակոցներ էին հնչել: Ըստ սկզբնաղբյուր կայքի՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) «Կալաշնիկով» ինքնաձիգով կրակել են երիտասարդների վրա: Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

Կայքը նշում էր 1 զոհի մասին: Քիչ ավելի ուշ տեղեկություն տարածվեց երկրորդ զոհի, իսկ այսօր առավոտյան՝ արդեն 3-րդ սպանվածի մասին: 4 հոգի վիրավոր են:

Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։

Ոստիկանությունը ողբերգության առնչությամբ առաջին հաղորդագրությունը տարածեց միայն 00:22-ին, երբ արդեն հայտնի էին անգամ առնվազն մեկ սպանվածի ու բոլոր վիրավորների անունները: Բժշկական կենտրոնից էլ տեղեկացրել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալ:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունն այնքան անհեթեթ էր ՔՊ-ական «քիլլերներին» ու նրանց թևեր տվողներին արդարացնելու տեսանկյունից, որ չէին էլ նայել՝ ինչ են գրում, և իրավական տեսանկյունից ինչ խնդիրներ են ստեղծում իրենց համար:

Նախ շտապել էին հայտարարել, որ միջադեպի պատճառը կենցաղային է: Փաստորեն, այն դեպքում, երբ միջադեպի մասնակից անձանցից որևէ մեկն ի վիճակի չի եղել բացատրություն տալ, ոստիկանությունը միայն իր ու իրենից վեր կանգնած ինչ-որ մեկի բնազդով հասկացել է, որ դեպքը կենցաղային է, և, որ կապ չունի Նիկոլ Փաշինյանին հայհոյելու հետ:

Հաջորդ ձևակերպումն արդեն հնարավոր չէր կարդալ առանց տեքստը ձևակերպողին հրահանգավորողի ու հաստատողի տարրական գրագիտությանը կասկածելու:

Ըստ ոստիկանության տրամաբանության՝ որսորդական հրացանի միայն մեկ կրակոցը բավարար էր 3 զոհ ու 4 վիրավոր ունենալու համար: Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների:

Թե ինչպե՞ս և ինչո՞ւ «Կալաշնիկովը» դարձավ որսորդական հրացան, ինքնին պարզ է դեպքն ի սկզբանե կենցաղային որակելու տեսանկյունից:

Եվ վերջում ևս մեկ անգամ՝ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում: 20 րոպե անց ոստիկանությունը խմբագրեց իր հաղորդագրությունը:

Կրակոցը դարձավ կրակոցներ, մնացածը մնաց գրեթե անփոփոխ:

Մինչ ոստիկանության առաջին հաղորդագրությունը և դրանից հետո ու հատկապես՝ այն խմբագրելուց հետո ՔՊ-ական ողջ ռեսուրսը՝ պատգամավորներ ու նրանց հարող անձինք, ըստ ամենայնի իրենց հեռախոսներին ստացված հաղորդագրության տրամաբանության մեջ, սկսեցին արդարացնել ՔՊ-ական պատգամավորին ու փոխմարզպետին: Որևէ մեկը կոչ չարեց սպասել քննչական գործողությունների ավարտին, դեպքի հանգամանքների գոնե նախնական պարզմանը: Մեղավոր չեն ու վերջ: Այնքան ակտիվորեն էին արդարացնում իրենց կուսակիցներին, որ ակամայից հակառակն ավելի համոզիչ էր դառնում կամ առնվազն կասկածներ հարուցում:

Մինչդեռ այդ մարդիկ համրանում են, երբ թշնամի պետության ղեկավարը հերթական տարածքային պահանջներն է ներկայացնում Հայաստանին, երբ մեր իսկ ինքնիշխան տարածքից կրակում ու սպանում են մեր զինվորին: Դա իրենց չի հետաքրքրում, նույնիսկ հաղորդագրություն չեն տարածում:

Ինչևէ, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, հիշեցնենք, որ նույն այս մարդիկ, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, քաղհասարակություն կոչվածն առաջին իսկ րոպեներից քառատում էին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, երբ նրա ընտանիքին պատկանող ռեստորանում սպանվեց բժիշկ Վահե Ավետյանը: Հետագայում պիտի պարզվեր, որ դեպքն իսկապես կենցաղային էր, Ռուբեն Հայրապետյանը ոչ տեղում էր եղել, ոչ տարածքում, բայց դա չխանգարեց, որ նա անմիջապես մանդատը վայր դնի, իսկ Ռուբեն Հայրապետյանին շարունակեն պահանջել կախաղան բարձրացնել:

Նույն իրավիճակն է մինչ այժմ «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունից հետո. «Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը այսօր էլ ակտուալ է իշխանական մեդիայի, իշխանությունների ու նրանց մերձավոր շրջապատի համար: Մինչդեռ նույն մարդիկ ձկան պես համր էին, երբ հաշմվեց փոխգնդապետ Արա Մխիթարյանը, որին ծեծելու հրահանգ տալու մեջ մեղադրվողների մեջ ակտիվորեն շրջանառվում էր Վայոց Ձորի այն ժամանակվա մարզպետ, ներկայիս ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի անունը:

Հարցն այն չէ՝ մեղավո՞ր էր պաշտոնյան, թե՞ ոչ, հարցը քաղհասարակության ամլությունն էր:

Լուռ էին նաև, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց հղի կնոջը, այսինքն՝ լուռ չէին, մեղադրում էին զոհին:

Լուռ են և հիմա: Ու այդպես էլ կլռեն… Հիմա իրենք աշխատավարձ են ստանում լռելու համար:

Տեսանյութեր

Լրահոս