«Եթե իշխանափոխություն լինի, էդ դեպքում հնարավոր է բողոքարկեմ՝ գործը նորից բացեն». Դաժանաբար ծեծված փոխգնդապետի ընտանիքը՝ դատարանի վճռի մասին

2019 թվականի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատարանն օրերս վճռել էր՝  ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Այս վճռից, սակայն, դժգոհ են փոխգնդապետի ընտանիքն ու հարազատները:

«Ձգին-ձգին, 2 տարի 3 ամիս արեցին, որ կարողանան մնացածին արանքից հանել, էդ մեկն իր վրա վերցնի, նստի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանը՝ նշեց Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը:

Սամվել Մխիթարյանը հավելեց՝ որդու վիճակը նույնն է՝ «անգիտակցության մեջ է»:

Ծեծված փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը, թեև մտածում է վճիռը բողոքարկելու մասին, սակայն գործող իշխանությունների օրոք դատարաններից լուրջ ակնկալիքներ չունի:

«Միտք կա բողոքարկելու, բայց ներկա իշխանությունից է կախված. քանի դեռ այս  իշխանությունները նստած են, հեչ բան էլ չի փոխվի: Եթե ասում են՝ Տրդատն էդտեղ է եղել, հետո հանում են, հետո իրեն տանում են պատգամավոր են դնում, ես ինչքան էլ բողոքարկեմ, մեկ է՝ Նիկոլն ու Տրդատը նույն բանն են՝ իրենք իրենցը պետք է անեն:

Եթե իշխանափոխություն լինի, էդ դեպքում հնարավոր է՝ բողոքարկեմ, որ գործը նորից բացեն, իսկ եթե չէ՝ ներկայիս իշխանությունից հույս չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչև օրս անգիտակից վիճակում է: Մոտ 2.5 տարի առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի ընտանիքը դժգոհ է գործով դատարանի կայացրած վճռից:

Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը:

Միջադեպին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ մարզպետը ներկա է եղել և անգործություն դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ:

Քննչական կոմիտեն, սակայն, հայտնել էր, որ նախկին մարզպետը տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Այդուհանդերձ, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, իսկ մեկ տարի անց էլ վերցրեց իշխանական պատգամավորի մանդատը:

 

Տեսանյութեր

Լրահոս