Բաժիններ՝

Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը գերազանցել է արագությունը. փորձաքննությամբ է դա հաստատվել. Րաֆֆի Ասլանյան

Ս/թ ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը չի կալանավորվի:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, երեկ ուշ երեկոյան մերժեց Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի գլխավոր դատախազի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ 2022թ. մայիսի 2-ին քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում էր կայացրել Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումները վերացնելու մասին:

Քննիչին ցուցում էր տրվել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ, այդ թվում նաև՝ մեղադրյալին առաջադրված մեղադրանքը լրացնել՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին:

168.am-ի հետ զրույցում ավտովթարի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն ասաց՝ ինքը սպասում էր, որ դատարանը նման որոշում կկայացնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անմիջապես անձը չէր տարվել կալանավորման ու հետագայում դատախազության ցուցումի հիման վրա էր մեղադրանքը լրացվել. մեղադրանքում ներառվել էր դեպքի վայրը լքելու դրվագը:

Նրա խոսքով, տուժող կողմն ի սկզբանե պնդել է, որ փախուստի հանցակազմը հիմնավոր է.

«Նույնիսկ քրեական գործերի նյութերին ծանոթանալու կարիք չկա: Ակնհայտ է, որ անձը դեպքի վայրից հեռացել է:  Ճանապարհային և երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքը 24-րդ հոդվածով հստակ ամրագրում է, որ բացի շտապ օգնություն կանչելուց ու օգնություն ցուցաբերելուց՝ նաև ծայրահեղ դեպքերում վարորդն ինքն անձամբ պետք է մեկ այլ մեքենայով վրաերթի ենթարկված անձին տեղափոխի հիվանդանոց: Կա՞ր այս դեպքից ավելի ծայրահեղ դեպք»,- տարակուսեց փաստաբանը:

Նկատենք, որ ավելի վաղ Hetq.am-ի հետ զրույցում Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը նշել էր, որ ոստիկանը չի լքել դեպքի վայրը, որոշակի տարածություն՝ մոտ 30-40 մետր անցնելուց հետո, կանգնել է, ոտքով վերադարձել դեպքի վայր, որտեղ շատ արագ շտապօգնության մեքենա է եկել: Թե ով է շտապօգնության մեքենա կանչել, պաշտպանը չգիտեր, բայց նշել է, որ կնոջն արագ դրել են շտապօգնության մեքենայի մեջ, որից հետո միայն ոստիկանը հեռացել է դեպքի վայրից ու իր վարած մեքենան տարել ոստիկանություն:

Պաշտպանը դիտարկում է, որ այն իրավիճակներում, երբ վրաերթի հետևանքով անձը կոտրվածքներ ունի, նպատակահարմար է նրան անշարժ դիրքում թողնելը, որպեսզի նրան բուժօգնություն ցույց տան բժիշկները, ինչը, փաստորեն, ըստ պաշտպանի, արագ արվել է:

«Փորձում են ներկայացնել, իբրև ոստիկանը փախուստի է դիմել. այդպիսի բան չի կարող լինել»,- ասել էր Ռուբեն Բալոյանը:

Րաֆֆի Ասլանյանն այս դիտարկմանն ի պատասխան՝ ասաց՝ հիվանդանոց տեղափոխվելու պահին, մեր ունեցած տեղեկություններով, Սոնա Մնացականյանը դեռ մահացած չի եղել, և քննության առարկա պետք է դառնա՝ արդյո՞ք ժամանակին տեղափոխելու դեպքում հնարավոր էր կյանքը փրկել, թե՞ ոչ:

«Համապատասխան փորձաքննությամբ հաստատվել է, որ շարասյան ղեկավարը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը, գերազանցել է արագությունը: Բացի այդ, նշված վայրում ռելիեֆի խնդիր էլ կա, այդ ռելիեֆը դեպի վերև է բարձրանում, կորանում է: Դա նշանակում է, որ նույնիսկ 100 արագությունը նման դեպքերում թույլատրելի չէ, սակայն գերազանցվել է նույնիսկ 100 արագությունը»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս