«Ռուսաստանի համար սա ամենագլխավորը չէ՝ Թուրքիայի համար համեմատաբար կարևոր խնդիր է». Վահրամ Պետրոսյանը՝ Սիրիայում ռազմական գործողությունների մասին

Հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Թուրքիան սկսում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգություն գոտի ստեղծելուն ուղղված գործողության հերթական փուլը»:

«Առաջիկայում թուրքական բանակը Թել-Ռիֆաաթի և Մանբիջի շրջանները կզտի այստեղ գործող ահաբեկչական կառույցներից։ Աստիճանաբար այդ գործողությունները կտարածվեն նաև Սիրիայի հյուսիսի մյուս շրջանների վրա»,- ասել էր Էրդողանը։

Թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին կարող է հայտարարել հունիսի 9-ին Իզմիրում անցկացվող «Էֆես-2022» վարժանքների ժամանակ իր ելույթում։ Թեև այդ ժամանակ արդեն թուրքական ռազմաօդային ուժերը կետային հարվածներ էին հասցնում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ)՝ Թել-Ռիֆաթում և Մանբիջում գտնվող օբյեկտներին:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը խոսելով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում մեկնարկող ռազմական գործողություններից և դրա հետևանքներից, նշեց, որ խնդիրը մշտապես եղել է ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում՝ մշտապես շահարկվող իրողությունների մեջ, սակայն երբևէ չի եղել գլխավորը։

«Ռուսաստանի համար սա ամենագլխավորը չէ, բայց Թուրքիայի համար համեմատաբար կարևոր խնդիր է։ Թուրքիան լուծում է կարևոր խնդիր, որ իր հարավային սահմաններում չլինի գոտի։ Էրդողանն իր հայտարարությունների մեջ սա միշտ շեշտում է, որ պետք է բացառի հարավում քրդերի հետ հարևան լինելու հեռանկարը։ Իրաքում սա չհաջողվեց բացառել, բայց այնտեղ նկատի ունի, որ պետք է բացառի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PPK)-ի գործոնը, իսկ Սիրիայի կոնտեքստում պետք է բացառի կոնկրետ «Դեմոկրատական միություն» կուսակցության ներկայությունը, որին Թուրքիան դիտում է՝ որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության մասնաճյուղ։ Գերտերությունների մեծ մասը նման դիրքորոշում չունի և «Դեմոկրատական միություն» կուսակցությանը դիտարկում են՝ որպես առանձին կուսակցություն։

Այս կոնտեքստում կարևոր է, թե Ռուսաստանի դիրքորոշումն ինչ կլինի։ Բնական է, որ ուկրաինական պատերազմի ընթացքում Թուրքիան պետք է ձգտի մաքսիմալ ուժեղացնել իր դիրքերը Սիրիայի հատվածում՝ օգտվելով այն իրավիճակից, որ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի վրա»,- նշեց Վահրամ Պետրոսյանը։

Քրդագետի խոսքով՝ Թուրքիան ավելի բանալ խաղացող է դառնում Արևմուտքի հետ Ռուսաստանի ունեցած հակասությունների կոնտեքստում՝ որպես ՆԱՏՕ-ական պետություն, որը նաև որոշակի միջնորդական առաքելության պատրաստակամություն է հայտնել ուկրաինական համատեքստում։

Վահրամ Պետրոսյանի կարծիքով՝ այս համատեքստում կոնկրետ Թուրքիային զսպելը բավականին դժվարին խնդիր կլինի, որովհետև կա մի քանի գործոն։ ՆԱՏՕ Շվեդիայի, Ֆինլանդիայի  դիմումից հետո, Թուրքիայի հարցում ավելի զգուշավոր են դարձել նրա արևմտյան գործընկերները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ական գործընկերները, նրանք դեռևս սպասում են, որ Թուրքիան տա իր համաձայնությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ։

«Թուրքիան պահանջում է, որպեսզի Շվեդիան և Ֆինլանդիան լիովին հրաժարվեն քրդական հարցում իրենց նախկին դիտարկումներից ու դիրքորոշումներից։ Ըստ էության սա չափից դուրս ուռճացված իրողություն է, քանի որ այդ երկու երկրները կոնկրետ մշակույթի համատեքստում մշտապես մտածել են, քանի որ քրդական մշակույթը հատկապես Շվեդիայում ծաղկում է ապրել։ Այնտեղ կառույցներ են ստեղծվել, որը Թուրքիան դիտարկում է՝ որպես PPK-ական։ Նման պայմաններում, ինչպես նշեցի, արևմտյան գործընկերները զգույշ են լինելու Թուրքիային՝ քրդական հարցում զսպելու տեսանկյունից։ Նույն զգուշավորությունը, թերևս, կարելի է սպասել նաև Ռուսաստանից, բայց դա զգուշավորություն չի լինելու, որովհետև որոշակի խնդիրներ կան՝ Սիրիայի քրդերի դիրքորոշման հետ կապված։ Եթե մենք բովանդակային անալիզներ անենք, ապա կտեսնենք, որ Սիրիայի քրդերի որոշակի  համագործակցությունն Արևմուտքի հետ, բնական է, որ ռուսական կողմին չի ստիպում գնալ ռիսկի և լիարժեք աջակցություն ցուցաբերել քրդերին»,- շեշտեց Վ. Պետրոսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այստեղ միակ խնդիրն այն է, թե նման գործողությունները որքանով կթուլացնեն նախագահ Ասադի դիրքերն այս շրջանում։ Իսկ այդ գործողությունները թուլացնում են նրա դիրքերը, քանի որ որոշակի կոնտեքստում նաև այդ ուժերը ժամանակ առ ժամանակ համաձայնության կարող են գալ Սիրիայի առաջնորդի հետ։ Հետևաբար՝ ավելի ընդունելի են, քան ցանկացած այլ օտար ուժեր, որոնք կարող են այնտեղ ամրապնդվել։

«Եթե Սիրիայի տեսանկյունից նայենք, ապա գործողությունների որոշակի սահմանափակումը կարող է լինել այն պարագայում, եթե Հունաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների սրումն այն աստիճան լինի, որ Թուրքիայի  ուշադրությունը շեղվի դեպի Էգեյան ծովի կղզիների ուղղությամբ։ Բայց կոնկրետ Հունաստանի հայտարարությունները ցույց են տալիս, որ Հունաստանը նույն վճռականությամբ չպատասխանեց թուրքական մարտահրավերին՝ կոչ անելով խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Հետագա շիկացման չգնալու դեպքում Թուրքիայի դաշնակիցները կարող են թուրքական ագրեսիվությունն ուղղել պարզապես դեպի Սիրիա՝ գոլորշին բաց թողնելու համար։

Յուրաքանչյուր թուրքական հարված, լինի սիրիական թե իրաքյան ուղղությամբ, վերջին շրջանում ոչ թե հերթականն է լինում, այլ բավականին լուրջ ձեռքբերում է, որովհետև տեխնոլոգիական առումով Թուրքիան ներկայումս բավականին լավ դիրքերում է։ Միայն հետախուզական, հարվածային դրոնների իրողությունը չէ, Թուրքիան ավելի է կատարելագործել իր ռազմավարությունը և մարտավարությունը։ Մարտավարության տեսանկյունից տեսնում եմ, որ կոնկրետ այդ ուղղությամբ Թուրքիայի դիրքերը գնալով ամրապնդվում են։ Ամրապնդվել են Իրաքում, էականորեն ուժեղացել են Սիրիայում»,- շեշտեց քրդագետը։

Այս համատեքստում, ըստ Վահրամ Պետրոսյանի, իհարկե, կան Թուրքիային արգելակող գործոններ, եթե ռուսական կողմի «կարմիր գծերը» խախտվեն, բնական է, նա կարող  է միջամտել, սակայն տեղի ունենալիքը ՌԴ-ի անմիջական պատասխանատվության գոտում չէ։ Հարց է նաև, թե այդ գործողություններն ինչպես կընկալի Իրանը և որքանով պատրաստակամ կլինի, իր հերթին՝ զսպել Թուրքիային։ Այս համատեքստում Իրանն էլ իր լավագույն օրերը չի ապրում, քանի որ խորացել են ՄԱԳԱՏԷ-ի հետ կապված խնդիրները։

«Նույնիսկ այս պայմաններում Իրանը վճռական կլինի, որովհետև Սիրիայում դիրքերը Իրանի համար նույնպես կենսական նշանակություն ունեն։ Չմոռանանք, որ այն յուրահատուկ միջանցք է հանդիսանում Իրանի համար։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ Թուրքիան սեփական ձեռքբերումներ կունենա՝ հետախուզական տվյալների հավաքում, հարվածներ, դիրքերի ամրապնդում, փոքր-ինչ նոր դիտարկում, այսպիսին է եղել Թուրքիայի քայլերի տրամաբանությունը և մինչ օրս արդյունք է տվել»,- եզրափակեց Վահրամ Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս