Հայաստանի տնտեսության «հմայքը». ինչի՞ հաշվին է աճել տնտեսությունը

Հայաստանի տնտեսությունը տարեսկզբին աճ է արձանագրել։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն, պաշտոնական տվյալներով, ավելացել է 8,6 տոկոսով։ Դա, իհարկե, տեղի է ունեցել անցած տարվա 3,3 տոկոս անկման նկատմամբ։ Բայց խնդիրը նույնիսկ անցած տարվա ցածր բազան չէ։

Հայաստանի տնտեսության աճը խիստ դեֆորմացված է։ Աճի գերակշիռ մասն ապահովվել է առևտրի և ծառայությունների հաշվին։ Տնտեսագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե ի՞նչ դեր ունեն առևտուրն ու ծառայությունները տնտեսության մեջ հավելյալ արդյունքի ստեղծման գործում։ Դրանք այն ոլորտներ են, որտեղ մեծ արդյունք չի ստեղծվում։

Դրա համար էլ շատ հաճախ Հայաստանում արձանագրվող տնտեսական աճի պտուղները հասարակությունը չի տեսնում։ Այդպես է, որովհետև այդ աճը նստած է լինում հիմնականում առևտրի և ծառայությունների վրա։

Այս ոլորտներից մեր տնտեսության աճի կախվածությունը շատ մեծ է։ Այդ է պատճառը, որը հաճախ բախվում ենք տնտեսական աճի ու անկման մեծ վայրիվերումների հետ։ Դա նկատելի է սովորաբար ճգնաժամերի ժամանակ, երբ սպառողական պահանջարկի ու հասարակության գնողունակության անկման հետևանքով կրճատվում են առևտրի և ծառայությունների ծավալները։

Նման իրավիճակի վերջին անգամ բախվեցինք համավարակի ժամանակ։ Նաև այլ, բայց հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտներում պահանջարկի նվազման հետևանքով տնտեսությունը հայտնվեց բավական խորը անկման մեջ։ Հիմա հակառակ երևույթն է տեղի ունենում. առևտուրը և ծառայություններն աշխուժացել են՝ նպաստելով տնտեսական աճին։

Առաջին եռամսյակի նախնական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 8,6 տոկոսով, որին 6,3 տոկոսային կետով նպաստել են առևտուրն ու ծառայությունները։

Տնտեսության մյուս բոլոր ոլորտների մասնակցությունը կազմել է ընդամենը 2,3 տոկոս։

Սա խոսում է մեր տնտեսության ու տնտեսական աճի որակի մասին։ Ունենք տնտեսական աճ, որն ավելի շատ մտահոգվելու, քան ուրախանալու տեղիք է տալիս։

Առևտրով ու ծառայություններով երբեք տնտեսություն չեն զարգացնում։

Առաջին եռամսյակում այս ոլորտներում արձանագրված աճերը պայմանավորված են, առաջին հերթին՝ ռուս-ուկրաինական հակամարտությումբ։ Դրա հետևանքով այդ երկրներից և հատկապես Ռուսաստանից բավական մեծ քանակությամբ մարդկային հոսք է եղել Հայաստան։ Եկել է մի քանի տասնյակ հազար մարդ, ինչն էլ հանգեցրել է առևտրի և ծառայությունների ոլորտներում լրացուցիչ պահանջարկի ստեղծման։

Բայց դա գործոն է, որն ունի ժամանակավոր բնույթ։ Եթե նույնիսկ ժամանակավոր էլ չլինի, միևնույն է, առևտրի և ծառայությունների աճերն այն աճերը չեն, որոնք կայուն հիմքեր են ստեղծում տնտեսության իրական զարգացումների և հասարակության սոցիալական խնդիրների լուծման համար։

Տնտեսության իրական հատվածի մասնակցությունն անհամեմատ փոքր է տնտեսական աճի ապահովման գործում։

Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում արձանագրված 8,6 տոկոս ՀՆԱ աճին արդյունաբերության, ներառյալ՝ նաև էներգետիկան, մասնակցությունը եղել է ընդամենը 0,38 տոկոսային կետով, շինարարությանը՝ 0,37 տոկոսային կետով։ Գյուղատնտեսությունը նույնիսկ 0,12 տոկոսային կետով բացասական ազդեցություն է ունեցել ՀՆԱ աճի վրա։

Ահա սրանք են այն հիմնարար ճյուղերը, որոնց վրա առաջին հերթին պիտի հիմնված լիներ տնտեսական աճը։

Սակայն, ինչպես տեսնում ենք, դրանց մասնակցությունը տնտեսական աճի գործում չափազանց համեստ է։

Արդյունաբերությունը, էներգետիկան, շինարարությունն ու գյուղատնտեսությունը միասին տարեսկզբի առաջին երեք ամիսներին տնտեսական աճին նպաստել են ընդհանուր առմամբ հազիվ 0,63 տոկոսային կետով։

Աճի այսպիսի կառուցվածքով մեր տնտեսությունը չի կարող հեռուն գնալ։

Մեզ անհրաժեշտ են հիմքեր՝ երկարատև և կայուն աճի ապահովման համար։ Սակայն այդ հիմքերը տեսանելի չեն։

Արդյունաբերության աճը շատ ցածր է, շինարարությանը՝ նույնպես։ Իսկ գյուղատնտեսությունը շարունակում է անկումային մնալ։ Տարեցտարի ոլորտում անկումը խորանում է, կրճատվում են ոլորտի արտադրության ծավալները՝ մեծացնելով ներքին տնտեսությունից թելադրված գնաճային ճնշումները։ Կառավարության քայլերը որևէ արդյունք չեն տալիս։ Արտադրության ծավալների անկումը տեղի է ունենում անկման վրա։

Տնտեսական աճը մնացել է հիմնականում առևտրի և ծառայությունների վրա։ Բայց դա էլ փրկություն չէ հետագա աճի համար։ Տնտեսական ակտիվությունը տարեսկզբի համեմատ գնալով թուլանում է և առաջիկայում էլ շարունակելու է թուլանալ. հունվարին այն կազմել էր ընդհուպ 14,8 տոկոս։ Արդեն փետրվարին իջավ 8,2 տոկոսի, իսկ մարտին կազմեց 6,7 տոկոս։

Հունվար-մարտին տնտեսական ակտիվությունը Հայաստանում 9,6 տոկոս էր, արդեն հունվար-ապրիլին կամ 4 ամսվա տվյալներով՝ կազմեց 9,4 տոկոս։

Հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտության ու Միացյալ Նահանգների և Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների հնարավոր հետևանքները՝ մեծ հավանականությամբ, այս միտումն առաջիկայում ավելի կխորանա։

Թե մինչև ո՞ւր կհասնի, գուցե դեռ վաղ է ասել, բայց միջազգային ու տեղական ֆինանսական կազմակերպությունների գնահատականներն այդ առումով չեն փայլում իրենց լավատեսությամբ։

Անգամ տարեսկզբի նման բարձր տնտեսական ակտիվության պայմաններում մասնագիտացված կառույցները մարտին միահամուռ իջեցրեցին իրենց գնահատականները Հայաստանի այս, նաև հաջորդ տարվա տնտեսական աճի սպասումների վերաբերյալ։ Տնտեսական աճի նրանց ակնկալիքները տատանվում են 1,2-ից առավելագույնը 1,8 տոկոսի սահմաններում։

Ամենաբարձր գնահատականը, որը մինչև հիմա հնչեցվել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ, 1,8 տոկոսն է։ Այդպիսի գնահատական տնտեսական աճին տվել է միջազգային վարկանշային «Մուդիս» գործակալությունը։ Աճի ամենացածր՝ 1,2 տոկոս գնահատականը, Համաշխարհային բանկին է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս