«Խմելու ջուրը հիմա ժողովրդից հեռու է, գնում դույլերով բերում են՝ 100, 200 կամ 20 մետր հեռավորությունից». Նորաբակի գյուղապետ
Դեռևս ամիսներ առաջ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասել էր, որ Գեղամասարում 8 համայնքներից 6-ումջրի խնդիր կա: Որոշ համայնքներ առհասարակ ջուր չունեն, որոշներն էլ՝ մասնակի չունեն։ Նա նաև ասել էր, որ խնդիրն առաջացել էր այն ժամանակ, երբ 2021 թվականի մայիսի 12-ին թշնամին ներխուժել էր ՀՀ տարածք, դիրքավորվել և այդ ժամանակից ի վեր ջրի շատ ակունքներ մնացել են թշնամու վերահսկողության տակ։
Ջրի խնդրի առջև կանգնած գյուղերից մեկն էլ Նորաբակ գյուղն է։
168.am–ի հետ զրույցում Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանն ասաց, որ խնդիրներն անցյալ տարվանից նույնն են, որևէ բան չի փոխվել՝ նույն ջուրն է, որը գյուղ մտնում էնույն աղբյուրից։
«Համայնքին ջրով ապահովող ջրի ակունքներից մեկի վրա նստած է թշնամին, մի ջրագիծն էլ նոր էր կառուցվում, կիսատ է մնացել, դրա վրա էլ են իրենք նստած։ Մի ջրագիծ ունենք, դա էլ թշնամուց մի քիչ հեռու է։ Խմելու ջուրը հիմա ժողովրդից հեռու է, գնում դույլերով բերում են, մեկը՝ 100, 200 կամ 20 մետր հեռավորությունից»,- նշեց Նորաբակի գյուղապետը։
Ըստ նրա, գյուղին ջրով ապահովող ջրագիծը, որի կառուցումը սկսել էին պատերազմից առաջ, մոտավորապես 2 կիլոմետրով մնացել է թշնամու հսկողության տակ, հետևաբար՝ չեն կարողանում աշխատել։
«Հիմա թշնամին մեր հողի մեջ է, ճիշտ է, վարուցանքին չի խանգարում, բայց արոտավայրերից խոտ չենք կարողանալու բերենք, դրանց ներկայությունը մեզ խանգարում է»,- եզրափակեց Վազգեն Ասատրյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախի 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) հայտարարությունից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք։ Նրանք տեղակայվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայվել են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ և պարբերաբար սադրանքների են դիմում, անգամ կրակում են գյուղերի ուղղությամբ։