Ինչու է լռում ՊՆ-ն-2, կամ՝ արդյո՞ք հնարավոր էր փրկել հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի կյանքը
168.am-ը երեկ անդրադարձել էր մայիսի 28-ին Ներքին Հանդի հատվածում շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի մահվան հանգամանքներին՝ հայկական և ադրբեջանական կողմերի պաշտոնական տեղեկությունները համադրելու տեսանյունից:
Եվ չնայած դրա արդյունքում առաջացած հարցերին, որոնք շարունակում են բարձրացվել սոցցանցերում և մամուլում, այդ թվում՝ ռազմական ոլորտից ոչ հեռու մարդկանց կողմից, ՊՆ-ն շարունակում է լռություն պահպանել:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացվում է որպես մի քանի օր առաջ մեր զինծառայողի խոցման հատված։ Լուսանկարներում տեսանելի է վրան, որը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։ Երբ մեր զինծառայողի զոհվելու օրն ինձ ասեցին, որ խոցման պահին զինծառայողը գտնվել է վրանում, առհասարակ, զորքերի պահպանության այդ հատվածում զինծառայողները վրանում են ծառայություն կրում, հիշեցի այս իշխանությունների հավաստիացումները, որ առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով։ Եթե նույնիսկ վրան տեղադրվել է, ապա ինչ որոշումների հիման վրա է այն տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում»:
Այսինքն, ՊՆ-ն պետք է պատասխանի՝ ինչո՞ւ են այդ վտանգավոր և խոցելի հատվածում, թշնամու դեմ դիմաց մեր զինվորները կտորից վրանների ներքո մարտական ծառայություն իրականացնում՝ ապահովված չլինելով պատշաճ կացարաններով:
Ինչո՞ւ են մեր զինծառայողների վրանները տեղադրված պարզ դիտարկվող վայրում՝ անմիջապես թշնամու ուղիղ խոցման կրակի տակ:
Ինչո՞ւ առ այսօր ամրացված չէ թշնամու հետ մեր շփման գիծը:
Ինչո՞ւ նախկին իշխանությունների օրոք դիրքերում հանդիպող «կանսերվայի բանկաները», կամ «կանսերվի կոկոշները» քննադատող Նիկոլ Փաշինյանը մեր զինվորների մարտական հերթապահության անցկացման վայրերում համապատասխան աշխատանքներ պատերազմից մոտ 2 տարի հետո չի կատարել: Մինչդեռ «կանսերվայի բանկաները» ինչ-որ ժամանակահատվածում որոշակի և լուրջ հարցեր լուծել են:
Մյուս կողմից, պատասխանն առավել քան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանին բանակ պետք չէ, և արդեն մինչև պատերազմը հասկանալի էր՝ ունենալու ենք ոստիկանական պետություն: Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք. ոստիկանությանը հատկացվող մեծ խրախուսանքային բյուջե՝ Երևանի կենտրոնում ոստիկանության զորքերի՝ քաղաքացիների նկատմամբ բռնությունների համատեքստում, և թշնամու ուղիղ նշանառության տակ վրանային պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինվոր:
Վերադառնալով շարքային Դավիթ Վարդանյանի մահվան հանգամանքներին, ինչի վերաբերյալ այլ հարցադրումներ ևս շրջանառվեցին, օրինակ, որ ոտքից վիրավորման դեպքում հանգիստ կարող էին փրկել: Նման կարծիք, մասնավորապես, հայտնել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:
«Պատկերացրե՛ք՝ ինչքան արյուն կորցրած կլինի ճանապարհին, մինչդեռ վիրավորված է եղել ընդամենը ոտքից, հանգիստ պիտի փրկեին… Անմխիթար ճանապարհներ, հերթապահ մեքենա չկա հեռու դիրքերում… Ո՞նց, ո՞նց կարող եք այսքան դաժան վարվել սեփական ժողովրդի հետ…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
168.am-ը փորձել է մասնագետից պարզել՝ արդյոք զինվորի կյանքը փրկելու հնարավորություն կա՞ր, երբ հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում զինծառայողը հրազենագնդակային վիրավորում ստացել է ձախ ոտքի աճուկային շրջանում:
«Աճուկային շրջանը շատ բարդ շրջան է, այդտեղով անցնում են խոշոր անոթներ՝ երակ, զարկերակ, նյարդ և այլն: Եվ այդտեղ արյան բավականին բարձր ճնշում կա, և եթե խոշոր անոթը վնասված լինի, հնարավոր է՝ րոպեների, անգամ՝ վայրկյանների ընթացքում մարդն արագ արնաքամ լինի, կորցնի բավականին մեծ քանակով արյուն: Բարդ է նաև այն հանգամանքը, որ այստեղ ոչ այնքան ժգուտ դնելու հարցն է, որքան այլ տեխնոլոգիայի, որովհետև այդտեղ ֆիզիկապես ժգուտ տեղադրելը շատ դժվար է: Նախ՝ մկանային հյուսվածքներն են, հետո, այսպես ասած, անհարմար տարածք է ինչ-որ լարան դնելու և կապելու համար: Տարբերակներից մեկն այդ հատվածում արյունահոսությունը կանգնեցնելու՝ դա բռունցքի պես փաթաթած սեղմող վիրակապ դնելն է: Բռունցքի պես վիրակապ են անում, սեղմում վերքի վրա, ոտքը ծալում են՝ ծնկում և աճուկի հատվածում, և այդ ծալված ոտքը կապում են մեջքին, ձգում, որպեսզի ոտքն ինքը սեղմի և կանգնեցնի արյունահոսությունը հենց այդ անոթից: Չգիտեմ՝ ինչ է արվել այդ պահին, բայց տիրույթը բավականին բարդ հատված է, և հնարավոր է՝ կարճ ժամանակահատվածում արնաքամ եղած լինի»,- բացատրեց մասնագետը:
Բնականաբար, այս նախնական և ընդհանուր բացատրությունը հիմնված է պաշտոնական հաղորդագրության վրա, որ զինծառայողը հրազենագնդակային վիրավորում ստացել է ձախ ոտքի աճուկային շրջանում: Բայց առավել նեղ մասնագիտական գնահատական հնարավոր է տալ դատաբժշկական փորձաքննության տվյալների հիման վրա, երբ պարզ կլինի՝ կոնկրետ ինչն է վնասվել, ո՞ր հատվածից է մտել գնդակը և որտեղով դուրս եկել, ինչ հյուսվածքներ են վնասվել:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ այդ օրը ժամը 10:40-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:
Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել:
Իր հերթին՝ ՀՀ քննչական կոմիտեն տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
Միաժամանակ, ասվում է, որ նախնական տեղեկություններով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022թ. մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը: