Արյուն և զոհեր. իշխանությունը դրան է սպասում՝ բիրտ ուժով Ֆրանսիայի հրապարակը բացելու համար. Ալեն Ղևոնդյան

Հայաստանում ունենք բացառիկ իրավիճակ. բացառիկ նրանով, որ ո՛չ գործող վարչապետը, ո՛չ նրա իշխանության մաս կազմող նախարարները չեն կարողանում արտաբերել «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը, ուստի, գործող վարչապետն իր հրաժարականի պահանջով փողոցում մեկ ամսից ավելի շարունակվող պայքարը ջլատելու նպատակ ունի, ինչի համար էլ հիմնվում է բացառապես ուժային կառույցների վրա։

Սրան զուգահեռ, ընդդիմությունը դասեր է քաղել նախկինում իր գործած սխալներից և Փաշինյանի հրաժարականի պայքարի մարտավարությունը փոփոխությունների է ենթարկել, ուստի գալու է մի կետ, երբ ականատես ենք լինելու էական սրացումների։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ չբացառելով, որ կարող է հասնենք մի կետի, երբ գործող վարչապետը հրահանգ տա բիրտ ուժով ցրել Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքներն ու ցույցերը։

Դիտարկմանը՝ արդյո՞ք այդ հրահանգի համար է, որ մայիս ամսին Ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է 3 միլիարդ 333 միլիոն դրամ, ըստ ԱԱԾ հիմնավորման՝ նաև ներքին սպառնալիքներին դիմագրավելու համար, իսկ ոստիկանությանն էլ մայիս ամսվա ընթացքում տրվել է 6.5 միլիարդ դրամ պարգևավճար, Ալեն Ղևոնդյանը արձագանքեց.

«Հայաստանի գոյության միակ և հիմնավոր ներքին սպառնալիքը գործող վարչապետի առկայությունն է. եթե ինքն առկա է՝ Հայաստանն ապագա չի ունենալու, Արցախը՝ առավելապես։

Գործող վարչապետը, բացառապես իր իշխանությունը և ոչ թե՝ պետությունը պահելու նպատակով գնել է ԱԱԾ-ն և ոստիկանությունը։ Ներքին անվստահության այն աստիճան խնդիրներ ունի, որ ՊՊԾ-ն փորձեց առանձնացնել ԱԱԾ-ից։

Ուժային համակարգը դրված է աճուրդի և, փաստորեն, գործող վարչապետը  գնել է այդ կառույցում աշխատող մարդկանց, հետևապես՝ պետք է այդ մարդիկ հասկանան, որ իրենց երեխաների ապագան թրքացումն է, իրենց երեխաները հայտնվելու են այլ իրականության մեջ՝ ընդհուպ ֆիզիկական սպառնալիքի, որը գալու է թրքացումից»։

Հայաստանի թրքացումը կանխելու և Արցախն Ադրբեջան չդարձնելու համար Հայաստանում մեկնարկած բողոքի և անհնազանդության ակցիաները  տապալելու համար, ըստ Ղևոնդյանի, իշխանությունն առայժմ որդեգրել է սպասման քաղաքականությունը։

«Իշխանությունը սպասում է բռնությամբ, արյամբ և զոհերով ակցիայի, որպեսզի լեգիտիմ ուժ կիրառելու հիմքեր ունենա Ֆրանսիայի հրապարակը բացելու համար»,- ասաց Ղևոնդյանը՝ նշելով, որ իր այդ նպատակին հասնելու համար իշխանությունը պարբերաբար դիմել և դիմում է նաև թուրք-ադրբեջանական տանդեմին։

«Տարածում են թեզեր, թե՝ մի՛ ընդդիմացեք թրքաֆիկացմանը, որովհետև սահմանին լարվածություն է լինելու։ Սակայն պարզ է, որ խնդիրը սահմանին չէ, խնդիրը Հայաստանի ներսում է, ուստի ուռուցքի տեսքով խնդիրը կկարողանա՞նք հեռացնել վիրահատական միջամտությամբ, սահմանային խնդիրները շատ արագ կլուծվեն»,- ասաց Ղևոնդյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս