Ուկրաինական պատերազմը նպաստեց, որ Ղարաբաղյան հարցով բրյուսելյան հարթակն ամրապնդվի. Եվրոպացի վերլուծաբան

Բրյուսելում ԵԽ նախագահի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններն արդյունավետ է որակում ոչ միայն Բրյուսելը, այլև Բաքուն, Վաշինգտոնը: Չնայած Երևանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, օրերս մեղադրական տոնով որոշ նկատառումներ արեց Շառլ Միշելի հասցեին, որը բանակցությունների արդյունքներով հայտարարություն էր տարածել, Բաքուն, Բրյուսելը և ընդհանուր առմամբ Արևմուտքը գոհ են Բրյուսելում անցկացված Փաշինյան-Ալիև երրորդ հանդիպման արդյունքներից:

Ի դեպ, թեև Երևանը հրապարակայնորեն անհամաձայնություն է հայտնում Միշելի տարածած հայտարարության վերաբերյալ, մեծ հաշվով, շարունակում է առաջ շարժվել Միշելի օրակարգով, որի ապացույցն էր այդ հանդիպումից անմիջապես հետո հայ-ադրբեջանական սահմանին կայացած Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների առաջին հանդիպումը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ այժմ կողմերն աշխատում են երկու երկրների միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, ապա հավելել, որ քննարկումների ընթացքում Բաքուն ու Երևանը կարողացել են մի շարք հարցերի շուրջ մոտեցնել դիրքորոշումները։ «Արդեն տեղի է ունեցել հանձնաժողովների առաջին նիստը բրյուսելյան հանդիպումից հետո: Սա մեծ ճանապարհի սկիզբն է, առաջին քայլը: Այս նիստը բրյուսելյան հանդիպման շատ կոնկրետ արդյունքն է»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ առաջիկայում տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման շուրջ կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի:

Ընդհանուր առմամբ Բրյուսելի միջնորդությամբ տեղի ունեցող գործընթացի նկատմամբ մեծ է ուշադրութունը թե Արևմուտքից, թե Ռուսաստանից: Այս օրերի ընթացքում եղել են հեռախոսազանգեր Հայաստան Վաշինգտոնից, Մոսկվայից, Նիկոլ Փաշինյանի հանդիպումներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ՀՀ դեսպանների՝ Սերգեյ Կոպիրկինի, Լին Թրեյսիի ու Անն Լույոյի հետ, ՀՀ էր այցելել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, աշխարհաքաղաքական գործընթացները Հայաստանում «եռում են»:

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ բրյուսելյան վերջին հանդիպմամբ Արևմուտքը կարողացավ հակամարտության կարգավորման գործընթացում, դրա հետ կապված բոլոր հարցերի քննարկումներում ՌԴ կարծր ազդեցությունը հավասարակշռել, և նույնիսկ ավելի:

Սա, նրա խոսքով, դեռ իրավիճակային հաջողություն է, քանի որ երկու կամ երեք հանդիպմամբ ոչինչ չի որոշվում, տևական ժամանակ ԵՄ-ն պետք է կարողանա կողմերի հետ աշխատել գոնե նույն տեմպով, որպեսզի ամրապնդի իր դերակատարությունը ռեգիոնում: Սակայն, ըստ Հալբախի, պետք չէ մոռանալ նաև, որ այս բեկումը հնարավոր դարձավ այն ժամանակ, երբ ռուսական դիվանագիտությունն Ուկրաինայից բացի՝ այլ գոտիներից մի փոքր նահանջեց:

«Ակնկալել, որ այսքան հեշտ Ռուսաստանը հակամարտության կարգավորման գործընթացը նվիրելու է Արևմուտքին՝ միամիտություն կլիներ, մյուս կողմից՝ ռեսուրսները չեն բավարարում, հակամարտող կողմերն իրենք արդեն վերադիրքավորվում են, պատրաստվում աշխարհաքաղաքական փոփոխությունների և այս դեպքում՝ հատկապես ձգտելով թուլացնել ՌԴ ազդեցությունը գործընթացներից: Բայց ես այն համոզմունքն ունեմ, որ դա երկարաժամկետ գործընթաց է, հատկապես, երբ որևէ մեկը չգիտի՝ երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում և ինչ արդյունքներով:

Բնականաբար, կան խաղացողներ, որոնք ձգտում են արագացնել այս գործընթացները, որպեսզի համաձայնությունները հնարավորինս շուտ կայանան հենց եվրոպական հարթակում, բայց սա ներկայումս անկանխատեսելի է, քանի որ Ռուսաստանի կամքով պրոցեսները կարող են դանդաղել կամ փոփոխվել: Սակայն ակնհայտ է նաև, որ գործընթացի թիկունքում ողջ Արևմուտքն է, և Ուկրաինայի պատերազմը մեծ դեր ունեցավ, որպեսզի գործընթացներն այս ուղիով ընթանան, ու ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի համար ներկայումս հեշտ չի լինելու, քանի որ նախկինում այդ ազդեցությունը հեշտ էր տրվում Հարավային Կովկասում Արևմուտքի պասիվության շնորհիվ: Ներկայումս կա վճռականություն, ինչպես ասացի, որը մասամբ պայմանավորված է Ուկրաինայով»,- ասաց վերլուծաբանը:

Նա նաև նշեց, որ ապաշրջափակման հարցում կողմերը շատ ավելի շուտ կգան համաձայնության, քան սահմանային բանակցություններում, քանի որ դրված են անկալվների, տարածքների հարցերը:

«Պարզ է, որ շատերը կցանկանան, որ իրենց միջնորդությամբ արագ համաձայնություններ կնքվեն, բայց բարդ իրողությունները սահմանազատման գործընթացում շատ ավելի շատ են, քան ապաշրջափակման»,- ասաց եվրոպացի քաղաքագետը:

Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, Ուվե Հալբախը կարծում է, որ այստեղ ևս առնչվում ենք բարդ իրողությունների հետ․ Ադրբեջանը կցանկանա սահմանազատման գործընթացի շրջանակում լուծել այս հարցը, հետո ամրագրել Խաղաղության համաձայնագրում, բայց ինչպես երևում է՝ հայկական կողմը բարձրացնում է անվտանգության հարց, իսկ թե ինչպես պետք է ապահովվի, ինչ փոխընդունելի կարգավիճակ պետք է քննարկվի՝ ես դեռ բարդ եմ պատկերացնում»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս