Ի՞նչ են անում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դեսպանները Սյունիքում՝ միաժամանակ

Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև նոր պայմանավորվածությունների ու Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների առաջին հանդիպմանը զուգահեռ՝ աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կենտրոնում կրկին Սյունիքն է:

Մայիսի 24-ից Սյունիքի մարզում են զուգահեռաբար Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և եվրոպացի մի շարք այլ դեսպաններ:

ՌԴ դեսպանատնից այսօր տեղեկացրին, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ մայիսի 24-ին մեկնել է Սյունիք։

Ճանապարհին նա հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխում մարտական առաջադրանք կատարելիս կործանված «Մի 24» ուղղաթիռի անձնակազմի հիշատակին։

Դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաև հայկական Տեղ և Պարույր Սևակ սահմանային անցակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց ամենօրյա և ուսումնամարտական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև կեցության և ծառայության անցկացման պայմաններին, որոնք սեղմ ժամկետում զգալիորեն բարելավվել են ռուսական կողմի ջանքերով։

Սյունիքի մարզում Կոպիրկինին դիմավորել են Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը և քաղաքապետարանի ներկայացուցիչները, որոնք քաղաքի բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար:

Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի տարածքում գտնվող ռուս սահմանապահների դիրքեր: Մեղրիի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է հայկական սահմանի տվյալ հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները:

ԵՄ պատվիրակությունից էլ նախօրեին հայտնեցին, որ մայիսի 24-ին Գորիսում 2022թ․ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցել է «Ավելի ուժեղ ձեռներեցության էկոհամակարգը. Աջակցություն խոցելի և տեղահանված անձանց» (SEES) ծրագրի մեկնարկին, Սյունիքում։ Միջոցառմանը միացել էին ԵՄ անդամ երկրների դեսպաններ։

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Գորիսում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցել է նաև «Ապատեղեկատվությունը Հայաստանում. հայացք Սյունիքից» միջոցառմանը, ճեպազրույց է տվել, մասնակցել ընդունելության՝ նվիրված 2022թ. Եվրոպայի օրվան և ԵՄ-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, իսկ մայիսի 25-ին Գորիսում 2022թ. Եվրոպայի օրվա շրջանակում այցելել Գորիսի բժշկական կենտրոն, որին նվիրաբերվել է ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարք` որպես Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանման նպատակով ԵՄ աջակցության ավելի մեծ փաթեթի մաս։

ԱՄՆ դեսպան Թրեյսիի այցի մասին, թերևս, դեսպանատունը կհաղորդի այցի ավարտից հետո, ինչպես սովորաբար անում է ԱՄՆ դեսպանատունը՝ այցի մասին մամուլի հաղորդագրություն է տարածվում դրա ավարտից հետո: Սակայն Սյունիքի մարզպետարանից տեղեկանում ենք, որ դեսպան Թրեյսին ևս Սյունիքում է և մայիսի 24-ին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Լին Թրեյսին ասել է, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար, և հավելել է, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։

Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դեսպաններն այցի ժամկետները համաձայնեցրել են միմյանց հետ: Սակայն դժվար չէ ենթադրել, որ այցի համաժամանակայնությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական մրցակցության նոր դրսևորումներով ու բրյուսելյան պայմանավորվածություններով: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ԱՄՆ, ԵՄ, Իրանի, ՌԴ և եվրոպական մի շարք դեսպաններ հաճախ են լինում Սյունիքում, սակայն երբեք չէր եղել, որ Սյունիք միաժամանակ այց կատարեին ՌԴ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դեսպանները:

Ինչպես հայտնի դարձավ մայիսի 23-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից, Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածներ, նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրի հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: «Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների, տարանցման տուրքերի, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների համատեքստում մաքսային ընթացակարգերի շուրջ։ Փոխվարչապետներն առաջիկա օրերին կզբաղվեն այս աշխատանքով»,- նշվում էր Եվրոպական խորհրդի նախագահի տարածած հայտարարության մեջ։

Միշելի հայտարարությունում ազդարարվել էր նաև սահմանային հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպման մասին, որը կայացավ նախօրեին՝ մայիսի 24-ին, հայ-ադրբեջանական սահմանին:

Ակնհայտորեն դեսպանների համաժամանակյա այցը Սյունիք կապ ունի այդ տարածաշրջանի շուրջ պայմանավորվածությունների և նոր տարածաշրջանային ու արտատարածաշրջանային գործընթացների հետ: Եվ այցը հենց այս շրջանում և դեսպանական նման կազմով արտահայտում է Սյունիքի նկատմամբ աշխարհաքաղաքական սրված շահերն ու բարձր «խաղադրույքները»:

Այս այցերի հետ պետք է համադրել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի նախօրեի հարցազրույցը, որում նա խոսել էր՝ ինչպես ապաշրջափակման գործընթացից, «Հյուսիս-Հարավ» ճանապարհային նախագծից, այնպես էլ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսության բացումից և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունից:

Բնականաբար, նման հետաքրքրությունը և դիվանագիտական ակտիվությունը Սյունիքի շուրջ արտացոլում է այն ներուժը, որն ունի Հայաստանն իր արտաքին ճակատում, և որը ՀՀ իշխանությունները ներկայիս դիվանագիտական թիմով իրացնելու ունակ չեն:

Տեսանյութեր

Լրահոս