Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել․ պարզապես ցեղասպանություն է լինելու. Կարեն Ճշմարիտյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն է:
- Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, համագործակցությանը նպաստելու ձգտումներ միշտ են եղել, բայց հիմա դա կապել՝ Արցախի ինքնորոշման, կարգավիճակի, միջանցքների հարցը՝ ԵՄ-ից ինչ-որ գումար տրամադրելու հետ՝ նման է, որ ժամանակին Պաղեստինին էին առաջարկում 50 մլրդ, որ հրաժարվի ինքնորոշումից:
- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը պրոթուրքական էր, և դժվար է ասել, թե որքանով կիրականանան նշված կետերը. ի վերջո, գոյություն ունեն նաև աշխարհաքաղաքական շահեր:
- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ կարծես մյուս մասնակիցները դուրս են մնացել, Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին չի նշվում, ոչ մի խոսք չկար տարածքային անվտանգության մասին, նշվել է, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր շրջանների միջև տարանցման ուղիների, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ: Սա ոչ թե պերմանենտ պատերազմի, այլ հետագա կոնֆլիկտներ ստեղծելու իդեալական ճանապարհ է:
- Բրյուսելում Շառլ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը Հայաստանի համար տապալված բանակցություն էր, որովհետև հայանպաստ ոչինչ չկար, իսկ Ադրբեջանի համար հաջողված հայտարարություն էր, և սա աղետալի է:
- Բնական է, որ Ադրբեջանն իր շահն է հետապնդում, Թուրքիան՝ նույնպես, երբ Բաքվում նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարում է, որ շարունակելու են թուրքական փաշաների գործը, ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, կամ ի՞նչ վիլայեթացում, պարզապես ցեղասպանություն, սպանդ է լինելու: Իսկ այդ բանակցություններում հայկական շահը ներկայացնող չկա, այլ կերպ բնութագրել հնարավոր չէ՝ բանակցությունները պարզապես տապալվել են:
- Եվրոպական խորհրդի կողմից քաղաքական ու տնտեսական հարցերն իրար խառնելով՝ ինչ-որ հարց լուծելու միտում եմ տեսնում:
- Եվրոպական իրական արժեքները Ծնող-1, Ծնող-2-ը չեն:
- Ի՞նչ կապ կար կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության վերականգնման և Վեհափառի ու Եկեղեցու դեմ հարձակումների միջև… Ինչո՞ւ էին 2018-ից հարձակվում կրոնի, կրթության, բանակի, լեզվի, մշակույթի վրա. որովհետև դրանք են պետության հիմքերը:
- Ցանկացած պետության հիմքն արժեքներն են, արժեքները խարխլեն՝ պետություն չկա:
- Այսօր ժողովուրդը շատ բան է հասկանում. սա սովորական իրավիճակ չէ:
- 2018-ի իշխանափոխությունը 40 օր տևեց՝ 25 տարի այդ օրվան պատրաստվելուց հետո:
- Խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն արագացնում են ադրբեջանական, թուրքական և հայկական կողմերը. նրանք են շահագրգռված:
- Եթե պարտությունը գրանցվում է մարտի արդյունքում, դա այլ բան է, բայց երբ պարտվելուց և զինադադարի հայտարարություն ստորագրելուց հետո են գնում զիջումների՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ:
- Քանի դեռ Թուրքիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, չի ընդունել Արցախի ինքնորոշման իրավունքը, և դրանից չի անցել 3-4 սերունդ, խաղաղություն չի կարող լինել: Եթե լինի Հայաստանի ռազմական, տնտեսական, քաղաքական ամրություն և աշխարհաքաղաքական բալանս՝ հնարավոր է խաղաղություն:
- Թուրքիայի հետ սահմանի բացումը չի նշանակում սահմանի վերացում, ինչպես ԵՄ-ում:
- Եթե Թուրքիայի հետ սահմանները բացվեն և օրինական մաքսազերծում արվի՝ թուրքական ապրանքը Հայաստանում կթանկանա:
- Թուրքիայի հետ մենք որևէ երկկողմ համաձայնագիր չունենք, չկա տնտեսական համագործակցության և ոչ մի փաստաթուղթ: Թուրքիան մեզ չի ճանաչել՝ որպես ԱՀԿ անդամ, իսկ որպեսզի ճանաչի, երկար բանակցություններ են պետք, որը տեսանելի ապագայում հնարավոր չէ: