Ինչո՞ւ է Միրզոյանը Լավրովի հետ քննարկում «հին» փաստաթղթերը, և ինչո՞ւ է «լռում» Մոսկվան

Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցությունները վերջնականապես հաստատեցին ավելի վաղ ստեղծված տպավորությունը, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցային գործընթացը տարբեր ուղղություններով լիովին տեղափոխվում է Բրյուսելի միջնորդության դաշտ: Մայիսի 22-ի հանդիպումը բրյուսելյան հարթակում սկսված գործընթացի թվով երրորդ ռաունդն էր, որը, ի տարբերություն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկսված մոսկովյան միջնորդության, ավելի դինամիկ ու արագ ընթացք ունի:

Բրյուսելյան հարթակում Փաշինյանն ու Ալիևն ունեցել են շուրջ 5 շփում, որոնցից առաջինը՝

  • 2021 թ. դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ,
  • ոչ պաշտոնական շփում դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ,
  • ապա փետրվարի 4-ին տեսակոնֆերանսի ձևաչափով՝ Շառլ Միշելի ու Էմանուել Մակրոնի միջնորդությամբ,
  • ապրիլի 6-ին Բրյուսելում՝ Միշելի միջնորդությամբ,
  • և վերջինը՝ մայիսի 22-ին:

Ակնհայտորեն՝ հանդիպումներից հետո տարածվող հայտարարությունների բովանդակությունը ևս դինամիկ կերպով փոխվում է, գործընթացը տեղում չի դոփում: Դա նաև այն շնորհիվ, որ բրյուսելյան հարթակում քննարկումները չեն սահմանափակվում Փաշինյան-Միշել-Ալիև շփումներով, այս հարթակը հաստատեց նաև ուղիղ շփումներ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, որոնք, ապրիլի 6-ի բարձրաստիճան հանդիպումի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, հետո ունեցել են 2 հեռախոսազրույց, ինչպես նաև ստեղծվել է քննարկումների հավելյալ կապ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջև:

Մայիսի 22-ի հանդիպումից հետո պարզ դարձավ նաև, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները կհանդիպեն ոչ թե Մոսկվայում կամ Բրյուսելում, այլ սահմանին, այսինքն՝ սա կլինի ուղիղ շփում, ավելին՝ գործընթացում Մոսկվայի նախատեսվող միջնորդական դերակատարությունը կվերանա:

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ մոսկովյան հարթակում եռակողմ 3 հանդիպումների 3 հայտարարությունները բովանդակությամբ միմյանցից գրեթե չեն տարբերվում, և այդ պայմանավորվածությունների շրջանակում չափազանց մեծ ձգձգումներով սկսեց գործել փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումների համար:

Իսկ սահմանազատման հանձնաժողովների ձևավորման հարցը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններից սահուն կերպով տեղափոխվեց Բրյուսել, որտեղ էլ որոշում կայացվեց այս հարցը քննարկել ոչ թե Մոսկվայում, այլ հայ-ադրբեջանական սահմանին:

Հայաստանյան հանրության համար կենսական նշանակություն ունի բանակցությունների բովանդակային կողմը, սակայն ոչ պակաս կարևոր է այն, թե ինչ է տեղի ունենում գործընթացի արտաքին՝ միջնորդական հատվածում: Ակնհայտ է մեկ բան, որ Արևմուտքը՝ ի դեմս ԵՄ-ի, «վերցրել» է բանակցային գործընթացը, այդ թվում՝ կողմերի ցանկությամբ, և այս դեպքում, ինչպես մոսկովյան հարթակում, այնպես էլ Բրյուսելի դեպքում կարևորվում է Բաքվի դիրքորոշումը:

Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժում էր գործընթացին միջամտելու Արևմուտքի բոլոր փորձերը: Փորձագիտական հանրությունը չի մոռացել ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահների հետպատերազմյան առաջին ու միակ տապալված այցը տարածաշրջան Իլհամ Ալիևի ջանքերով: Սակայն վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը չափազանց ոգևորված է Բրյուսելի միջնորդության փաստից, Բրյուսելին անվանում է անկեղծ միջնորդ:

Իլհամ Ալիևն ակնհայտորեն ոգևորության հստակ պատճառ ունի, քանի որ Շառլ Միշելի վերջին հայտարարությունը լիովին կառուցված էր ադրբեջանահաճո ձևակերպումների վրա: Հատկանշական է, որ պատերազմից հետո Հայաստանի հումանիտար հիմնական խնդիրները չեն լուծվել, շուրջ մեկուկես տարի Հայաստանը չի կարողացել դիվանագիտական հարթակում անհրաժեշտ աշխատանքով այս հարցը լուծել, իսկ Ադրբեջանը կարողացավ իր դրած հումանիտար հին և նոր խնդիրները դարձնել բրյուսելյան պաշտոնական լեքսիկոնի մաս, ինչպիսին վերջին հայտարարությունում.

«Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը»:

Սա, իհարկե, Միշելի հայտարարության ընդամենը մեկ հատվածն է, նույնիսկ հումանիտար բաղադրիչում գերիշխում է ադրբեջանական օրակարգը:

Վերադառնալով բուն թեմային՝ Մոսկվայի դիրքերի ակնհայտ թուլացմանը գործընթացում, ուշագրավ էր, որ Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման հաջորդ օրը՝ մայիսի 23-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զուգահեռաբար հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Դատելով ստեղծված դիվանագիտական իրավիճակից՝ հեռախոսազրույցները նախաձեռնել է Սերգեյ Լավրովը, զրույցների թեման՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքը:

Ի դեպ, հարկ է նշել, որ այս փաստաթղթերն են նշվել նաև ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Այս դեպքում հարց է առաջանում, թե փաստաթղթային ո՞ր բազայով է առաջնորդվում Երևանը, այսպես կոչված, կարգավորման գործընթացում՝ այն փաստաթղթերով, համաձայնություններով, որոնք կայացվել են Մոսկվայի միջնորդությա՞մբ, թե՞ հայտարարություններով, պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել Բրյուսելի միջնորդությամբ:

Մեղմ ասած, տարօրինակ իրավիճակ է՝ երբ երկրի համար ամենակարևոր հարցերում կա երկու օրակարգ՝ Մոսկվայի հետ քննարկվում են մոսկովյան պայմանավորվածությունները, Բրյուսելի հետ՝ բրյուսելյան:

Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկում 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքը, եթե Փաշինյանն ունի բազմաթիվ նոր պայմանավորվածություններ 2021 թվականի նոյեմբերի 26-ից հետո, որոնց ուղղությամբ արագ տեմպերով առաջ է գնում, կամ ինչո՞ւ է Փաշինյանը Բրյուսելում ձեռք բերում նոր պայմանավորվածություններ, եթե նախորդ փաստաթղթերի իրականացման ընթացքն է քննարկում Մոսկվայի հետ:

Իրականում, սա, իհարկե, աշխարհաքաղաքական աճպարարություն է, և ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությանը ծանոթ բոլոր վերլուծաբանները գիտեն, որ դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն գոյություն չունի, ու ներկայիս խնդիրն արևմտյան վեկտորի հաստատումն է:

168.am-ի տեղեկությունների համաձայն, Մոսկվայի «լռությունը» կրում է հիմնականում իրավիճակային բնույթ: Նախ, ըստ մեր մերձդիվանագիտական աղբյուրների, Մոսկվան գործընթացից դուրս է, բայց հայկական կողմից դեռ իրազեկվում է բոլոր բարձրաստիճան և դիվանագիտական շփումների ընթացքի մասին, խոսքը վերաբերում է թե՛ ապրիլի 19-ի Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Մոսկվա, թե՛ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մայիսի 12-ին Միրզոյան-Լավրով հանդիպմանը:

«Պարզ է, որ կան գործընթացներ, որոնք փորձում են դուրս բերել ռուսական ազդեցությունից, այս փուլում ամենաքննարկվողը սահմանազատման հարցն է, որը, այսպես թե այնպես, առանց ռուսական միջնորդության չի կարող տեղի ունենալ, քանի որ կան տվյալներ, որոնց տիրապետում է միմիայն Ռուսաստանը:

Դա կարող է քննարկվել նույնիսկ հայ-ադրբեջանական սահմանին, բայց ռուսական խորհրդատվական միջնորդությամբ, դա կա նաև ՌԴ ԱԳՆ հաղորդագրություններում: Մեծ հաշվով, դրան ևս դեմ դիրքորոշում չկա, Միշելի միջնորդություններին՝ ևս, Ռուսաստանը չի կարող նման մասշտաբով զբաղվել այս հարցով: Կա վստահություն, որ խնդիրները բարդ են, Ռուսաստանի ազդեցությունը՝ ուժեղ, գուցե այդ հաշվարկներում կա սխալմունք, բայց այս պահին այդ մասին որևէ մեկը Մոսկվայում կամ Կրեմլում լուրջ չի մտահոգվում, բոլոր ուղղություններով հնարավոր բոլոր սցենարները քննարկվում են, կախված այն զարգացումներից, որոնք կլինեն պատերազմում:

Կասեմ, որ կախված սցենարներից՝ կա դիտարկում՝ ինչպես խաղաղապահների դուրսբերման հնարավորության, այնպես էլ՝ Անդրկովկասում ռուսական քաղաքականության կոնցեպտի վերանայման: Բայց հիմնական հաշվարկը հիմնվում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայիս ներկայության վրա: Ավելի հեռահար ծրագրերը կապ ունի Ռուսաստանի գլոբալ արտաքին քաղաքականության հետ, որը կախված է Ուկրաինայից»,- ասաց դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս