Ո՞նց է հաշվարկվել, ի՞նչ մեխանիզմներով, և արդյո՞ք դա առաջին փուլի համար շատ չէ. Ավանեսովը՝ «Աջափնյակ» կայարանի համար 554 միլիոն դրամ հատկացնելու մասին
Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանն այսօր ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց «Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հարցը:
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նախատեսվում է Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները. «Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի և «Մետրոգիպրոտրանս» բաժնետիրական ընկերության միջև 2021 թվականի նոյեմբերի 11-ին կնքված N ԵՔԵՓՄԱՇՁԲ-21/1՝ Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, նախագծով առաջարկվում է «Նախագծային աշխատանքներ» ծրագրով նախատեսել 554,000.0 հազար դրամ: Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունները»:
Նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ հավելեց, որ խոսքը նաև Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքի փուլերից մեկի ֆինանսավորման մասին է, ու նախագծային աշխատանքները կատարելու նպատակով են պահուստային ֆոնդից ֆինանսական միջոցներ ներգրավում:
ԲՀԿ ավագանու անդամ Մարկոս Հարությունյանն էլ հարց ուղղելով փոխքաղաքապետին՝ ասաց. «Շատ լավ հասկանում ենք, թե ինչու քաղաքական այս ֆոնին որոշեցիք Աջափնյակի մետրոյի թեման էլի քննարկել: Ուզում եմ հստակ պատասխանեք՝ Աջափնյակի նոր կայարանը ե՞րբ է կառուցվելու, ե՞րբ է նախատեսված, որ բնակիչներն օգտվեն մետրոյից: Եվ արդյո՞ք մտածել եք բիզնես նախագծեր իրականացնելու մասին, որովհետև հիշում ենք ՝ Հայկ Մարությանը հիասքանչ նախագիծ էր ներկայացրել երևանցիներին, որը, կոպիտ ասած՝ գրվեց սառույցին»:
Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ժամկետները կախված են շինարարության ծավալից, որը պարզ կլինի նախագծման աշխատանքների ավարտից հետո, և այս որոշումով նախագծման աշխատանքների առաջին փուլն են ֆինանսավորում: Ինչ վերաբերում է բիզնես կենտրոնին, ապա կարող են միասին քննարկում անել:
Ավագանու մյուս անդամ Էռնեստ Ավանեսովն էլ, նախքան հարցը, նկատեց. «Ժամանակին կար մի տխուր տենդենց, երբ տարբեր ընտրություններից առաջ թեկնածուները խոստանում էին ասֆալտապատել այս կամ այն փողոցը, հիմա ավելի քաղաքակիրթ ձևով փորձում են կամ ցանկություն են հայտնում մետրոպոլիտենի մեջ ներդրում ունենալ, հուսով եմ՝ արդյունքը գոնե դրական կլինի: Բայց ինձ այլ բան է հետաքրքրում: Պարոն Արևշատյան, կխնդրեի պարզաբանել՝ ո՞նց է հաշվարկվել, ի՞նչ մեխանիզմներով, և արդյո՞ք դա առաջին փուլի համար շատ չէ»:
Վ.Արևշատյանը շեշտեց. «Թիվը 554 միլիոն է, այս պահին տեղեկություն չունեմ, կարծում եմ՝ ավելի կոմպետենտ ստորաբաժանումներից պետք է ճշտել»:
Լևոն Հովհաննիսյանն էլ պատասխանեց՝ նշելով. «Այդ գինը, ամեն ինչը որոշվել է մրցույթով: Գնագոյացման արդյունքում շահող կազմակերպության հետ ստացել ենք այդ առաջարկը»:
Քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանն էլ հավելեց, որ հստակ գինը որոշվում է մրցութային ընթացակարգով: «Կարծում եմ՝ մրցույթը եղել է մրցակցային, մասնակցել են եվրոպական, ռուսական ներկայացուցչություն ունեցող ընկերություններ, որի արդյունքում ձևավորվել է այդ գինը: Կառավարության որոշմամբ ունենք սահմանված գործակիցներ, որով ճշտվում է, թե շինարարության աշխատանքի համեմատ նախագծանախահաշվային փաստաթղթերի արժեքն ինչքան կարող է լինել: Այս դեպքում, կարծում եմ, որ գինը ոչ բարձր է, ոչ ցածր, ձևավորվել է շուկայական հարաբերությունների արդյունքում: Կարծում եմ՝ նորմալ գին է»,- ասաց նա:
Ավագանու անդամ Լևոն Զաքարյանն էլ նկատեց. «Սովորական մի կոյուղատարի անցկացման համար, երբ նախագծանախահաշվարկային աշխատանք են անում՝ մի քանի միլիոն արժենում է, կարծում եմ, որ այս գինը նորմալ է մետրոպոլիտենի մի ամբողջ կայարանի կառուցման համար: «Փեթակի» մոտ կար որոշակի ձևավորված կարծիք և որոշում, որ կարելի է կայարան ավելացնել: Եթե նորություն կա այս առումով, խնդրեմ, ասեք»:
Որպես նորություն՝ Ստեփան Մաչյանը հայտնեց, որ քաղաքապետը հանձնարարել է տվյալ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել, հիմա աշխատում են նախագծանախահաշվարկային փաթեթի ձեռքբերման ընթացակարգի վրա, և հնարավոր է՝ ավագանու հաջորդ նիստին բյուջեի փոփոխության առաջարկ ներկայացնեն:
Ապա, որոշակի հստակություն մտցնելով թվերի մեջ՝ նա ասաց, որ «Աջափնյակ» կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ընդհանուր արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է կազմում, մոտ 3.7 միլիոն դոլար: Նախատեսվում է կառուցել շատ բարդ ինժեներական կառույց, որը նախագծելը տևելու է մեկ տարուց ավելի: Շինարարության արժեքը հստակ կկարողանանք ասել նախագծից հետո. տարբեր գնահատականներով՝ 30-100 միլիոն դոլար է: Մետրոյի մի կմ գիծ կառուցելու շինարարության միջինացված արժեքն աշխարհում մոտ 100 միլիոն դոլար է, եթե թունելներով է կառուցվում:
Վերջում քվեարկություն տեղի ունեցավ, և կողմ քվեարկեցին 37-ը, դեմ՝ 1-ը, և ձեռնպահ՝ 4-ը: