Բաժիններ՝

Օրվա ձուն ինչ գնով ասես` ծախում են, որ գոնե կեր առնեն. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ 

«Թռչնի կերի ներկրումն ահավոր դժվարացել է: Բացի այն, որ բարձրացել են գները, տեղ հասցնելն էլ է խնդիր դարձել՝ մեքենաները կանգնած են Լարսում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Խոսելով հավկիթի և թռչնամսի շուկայում առկա գնանկման մասին՝ Սերգեյ Ստեփանյանը հայտնեց, որ թռչնամիս ոչ թե Ուկրաինայից են բերում, այլ Ռուսաստանից ու Վրաստանից:

«Տեղական թռչնամիս էլ ենք արտադրում, բայց էլի գնանկում է գնում: Հավկիթից բացի, նվազել է թռչնամսի գինը՝ արդեն 1300 դրամով են վաճառում: Սպառում չկա, գնողունակությունն ընկել է, եկամուտները ցածր են: Հավկիթի դեպքում էլ կերը թանկանում է, փոքր ձեռնարկությունները չեն կարողանում կեր հայթայթել, օրվա ձուն ինչ գնով ասես՝ ծախում են, որ գոնե կեր առնեն:

Հիմա քանի որ գերարտադրություն է, էժան գնով վաճառում են, որ կեր առնեն, բնականաբար, ահագին արտադրողներ շուկայից դուրս կգան, գինը կրկին կբարձրանա: Այսօր ձուն ու թռչնամիսը միակ սննդամթերքն են, որ գնաճի փոխարեն՝ գնանկում են գրանցել՝ անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած»,- նշեց թռչնաբույծների միության նախագահը:

Հավելենք, որ Վարչական դատարանը վերահաստատել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  դիրքորոշումը հավի ձվի շուկայում հակամրցակցային համաձայնության վերաբերյալ:

2022 թվականի ապրիլի 7-ին կայացրած վճռով մերժել է «Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 368-Ա որոշմամբ արտահայտված դիրրքորոշման իրավաչափությունը»,- այս մասին նշված է ՄՊՀ-ի ապրիլին տարածած հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հավի ձվի իրացման գների չհիմնավորված իջեցման և բարձրացման, ինչպես նաև այլ տնտեսավարող սուբյեկտներին շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրանց դուրս մղելու համաձայնեցված գործողությունները և վարքագիծը որակել էր՝ որպես հակամրցակցային համաձայնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս