«Աշխարհը վրեքներս ծիծաղում էր» կամ մի քանի հիշեցում անվադողեր հավաքող ՔՊ-ականին
168.am-ը երեկ գրել էր, որ պահեստազորի գեներալները պահանջում են քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի նկատմամբ, որն անհնազանդության ակցիաների ժամանակ «հատուկ վերաբերմունք» է դրսևորել զինվորականների, պահեստազորի գնդապետների նկատմամբ:
Այս հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, «Նավակ ճոճող» մականունը կրող Վիլեն Գաբրիելյանը.
««Խոսքս ուղղված է ստորև նշված անձանց. պահեստազորի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյան
պահեստազորի գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան
պահեստազորի գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան
պահեստազորի գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյան
պահեստազորի գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյան
պահեստազորի գեներալ-մայոր Վալերի Քոչարյան
պահեստազորի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյան
պահեստազորի գեներալ-մայոր Ստեփան Գևորգյան
պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյան
ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյան
արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան
ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան
ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան
ԱԱԾ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյան
ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյան»:
Գրառման մեջ նա գրել է՝ «Ուրեմն, պարոնայք գեներալները սրտնեղել են, իրենք պնդում են, որ ոստիկանությունը, մասնավորապես, ի դեմս ՀՀ ոստիկանության մայոր Միքայել Ավագյանի բռնություն է գործադրել պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ, ի դեպ, պնդում են, որ ուղղորդված բռնություն է եղել հենց այն պատճառով, որ պարոնը ԶՈւ պահեստազորի սպա էր:
Անշուշտ, եթե նման դեպք տեղի է ունեցել, ապա այն պետք է քննվի:
Սակայն աբսուրդը կայանում է նրանում, որ ուզում եմ հարց ուղղեմ՝ պարոնայք գեներալներ, բա որտե՞ղ էիք, երբ բռնություններ էին գործադրվում տարբեր լեգենդար հրամանատարների նկատմամբ, բա որտե՞ղ էիք, երբ դա անձամբ Երանոսյան Լյովան էր անում, թե՞ այդ ժամանակ ծառայության մեջ էիք ու օրենքը արգելում էր նման դեպքերի վերաբերյալ կարծիք արտահայտել (ինչը ի դեպ չեր խանգարում ձեզ քաղաքական գործընթացների մեջ խառնվել), թե՞ ծառայության մեջ էիք և եթե կարծիք հայտնեիք ուսադիրներից կզրկվեիք:
Ինձ համար հստակ է, որ համբավը ևպատիվը ցանկացած մարդու համար, իսկ ուսադիր կրած մարդու համար առանձնահատուկ առաջնայինն է:
Ցավում եմ Ձեզ համար, էդպես էլ չհասկացանք, թե որտեղ թողեցիք ձեր համբավը, պատիվն ու հարգանքը ուսադիրների հանդեպ»:
Հարցեր իրեն քաղաքական գործիչ հորջորջող ՔՊ-ականին
Նախ՝ որևէ մեկը չի ասում, որ նախկինում ուժային կառույցներում սխալ պաշտոնյաներ չեն եղել, և ոչ էլ որևէ մեկը Երանոսյան Լևոնի գործողություններն է արդարացնում՝ զինված ուժերում թե ոստիկանությունում: Այստեղ չմոռանանք, որ նախկին իշխանությունները որոշ դեպքերում բավականին բարյացակամ են եղել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, համաներում շնորհել: Անցնենք առաջ:
Երկրորդ, լավ կլիներ, որ Վիլեն Գաբրիելյանը հստակ նշեր՝ երբ, ում օրոք և որ լեգենդար հրամանատարների դեմ են բռնություններ գործադրվել, երբ է եղել, որ վաստակ ունեցած, փորձառու, կադրային հրամանատարները, գեներալները համատարած վարկաբեկվեն, և այն էլ՝ քաղաքական նախասիրություններից ելնելով: Այդ բոլոր դեպքերին հատ-հատ կանդրադառնանք:
Երրորդ, քանի՞ անգամ է Վիլեն Գաբրիելյանը քննադատել Նիկոլ Փաշինյանին, երբ հեղափոխությունից հետո վարկաբեկման արշավ սկսվեց արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարների դեմ, երբ քաղաքական ամբիցիաներից ելնելով՝ ՊԲ հրամանատարի պաշտոնից հեռացվեց գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Չորրորդ, ինչո՞ւ գեներալներին համախմբվելու կոչ չարվեց, երբ Նիկոլ Փաշինյանն ազատվեց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովից, որը3-րդ բանակային կորպուսն էր ղեկավարում: Իսկ պատերազմից հետո, որի ժամանակ փորձառու զինվորականներ կորցրեցինք, նման փորձառու զինվորականի բանակից հեռացումը շռայլություն էր:
Հինգերորդ, պատերազմի պարտության պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը փորձեց դնել միայն բանակի վրա, սակայն տարբեր գեներալներին «թշնամի» հռչակեց միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, երբ իր դեմ խոսեցին: Արդյո՞ք «Օմարի արծիվ» Վիլեն Գաբրիելյանը հորդորել է գեներալներին լինել միասնական, կամ գոնե Նիկոլ Փաշինյանին, որ հարգի հայկական բանակի գեներալներին, այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը, ով միայն իր բանակի գեներալների և սպաների պատիվը պահելու համար գնաց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով:
Վեցերորդ, արդյո՞ք քննադատվել է դեպքը, երբ 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով: Չէ՞ որ սա բանակի կողմից քաղաքականությանը խառնվել էր: Կամ քննադատվե՞լ է, երբ պատերազմի օրերին Իջևանում պայմանագրայինների հարազատները նրանց իսկ «նավոդկով» փակեցին ավտոբուսի ճանապարհը, և նրանք չգնացին պատերազմի դաշտ: Պատժվող եղա՞վ:
Այս հարցերի շարքը կարելի է լրացնել:
Ինչ վերաբերում է ձևակերպմանը՝ «գեներալներ, էդպես էլ չհասկացանք, թե որտեղ թողեցիք ձեր համբավը, պատիվն ու հարգանքը ուսադիրների հանդեպ», ասենք տեղը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում, հրամանատարական կետերում, պատերազմի դաշտում, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում և… Այո, եթե մտածեին պատվի մասին, Նիկոլ Փաշինյանին առնվազն պատերազմից հետո չէին «ծառայի», չէին հանդուրժի: Իսկ նրանց դեմ ամեն ինչ դեռ նոր է սկսվելու, և այս անգամ հրթիռների անհեթեթ գործը, որի բուն մասով դեռ դատական նիստ չի էլ եղել, շատ թեթև բան է թվալու: Հիշեցնենք, որ այս գործով անցնում է նաև ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ իր խոսքերով՝ սկզբունքային, ազնիվ, արդար ընկերը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Ի դեպ, որի ազատության համար ոչ մի գեներալ, զինվորական երաշխավորություն չտվեց. գուցե վախեցա՞ն:
Այնպես որ, գեներալները համախմբվելու շատ հնարավորություններ են բաց թողել, և հենց առաջինը իրենց վարկաբեկողի դեմ: Իսկ նման փոքր քայլերը պիտի ողջունել՝ գոնե ցույց տալու, որ ինչ-որ բան կուլ չեն տալիս… հուսանք, մի օր գործնականում…
Հ.Գ. Ի դեպ, այս գրառումից հետո Վիլեն Գաբրիելյանը մի ամբողջ գրառում էր նվիրել պահեստազորի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, սակայն դեպքը, որը թվագրել էր 2017-ին, իրականում տեղի է ունեցել 2018-ի փետրվարին:
Հետաքրքիր է՝ Վիլեն Գաբրիելյանը լսե՞լ է Արծրուն Հովհաննիսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա քննադատում է բոլոր նրանց, ովքեր ասում էին, թե անվադողերով պետք է պաշտպանական գիծ կառուցվի. «Աշխարհը վրեքներս ծիծաղում էր անիվներով պաշտպանական գիծ սարքելու համար»:
Արծրուն Հովհաննիսյանը, թերևս, նկատի ուներ իշխող ՔՊ-ականներին, մասնավորապես՝ «Նավակ ճոճող» մականունով Վիլեն Գաբրիելյանին, որը 2018թ. ապրիլին ֆեյսբուքյան իր էջումկոչով դիմել էր «սիրելի հայրենակիցներին», գրելով՝
«Այս նկարը այն մասին է, որ՝
Հարգելի Հայրենակիցներ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը։
Մեզ անհրաժեշտ են հին մաշված անվադողեր, որոնք լրացուցիցիչ ինժեներական պաշտպանական աշխատանքների կարևոր բաղկացուցիչ մաս են, սահմանների խրամատների հավելյալ ամրապնդման համար։ Անվադողերը, և Երևանում մինչև պահեստավորման վայր տեղափոխելը Ձեր վրա, պահեստավորելը և դեպի «դեպքի վայր» պերեկիդկա անելը (տեղափոխելը) իմ։ Եթե մարզերից մարդ լինի ցանկացող կապ հաստատեք, մի բան կմոգոնենք։ Առաջարկների և աջակության դեպքում զանգահարել (097)77-17-62, հարցնել Ճոճողին կամ պարոն Լեյտենանտին ;ճ
Հ․Գ․ սա էլ իմ չունեցած սեփական մեքենայից մի զույգ անվադող իմ կողմից, մի զույգն էլ մի երկու ժամից կլինի ?
Հ․Գ․Գ․ Տարածելը և աջակցելը ողջունելի է»։