Պահեստազորի գեներալները պահանջում են քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի նկատմամբ. պահանջին միացել է նաև Օնիկ Գասպարյանը

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի բռնի գործողության մասին՝ պահեստազորի գնդապետ, արցախյան պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ:

«2022 թվականի մայիսի 17-ի առավոտյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ առանց որևէ հիմնավոր պատճառաբանության բռնություն են կիրառել մայթով քայլող ՀՀ քաղաքացու, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել են Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել։

Պահեստազորի գնդապետ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելուց առաջ, ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները և այդ նույն գումարտակի ստորաբաժանման հրամանատար, ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը վաղօրոք իմացել են, որ այդ քաղաքացին պահեստազորի սպա է, արցախյան 3 պատերազմների մասնակից, 3-րդ կարգի զինհաշմանդամ, 44-օրյա պատերազմում իր երկու որդիների հետ ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորումից դեռևս վերջնականապես չապաքինված անձ։

Սակայն, այդ հանգամանքը ոստիկանության ծառայողներին չի խանգարել, որ հասարակական վայրում հայհոյախառն արտահայտություններ կատարեն Արայիկ Մուրադյանի հասցեին, վիրավորելով վերջինիս մարդկային, սպայական արժանապատվությունը, ազատամարտիկի բարձր կոչումը և որից հետո մայոր Միքայել Այվազյանի հրամանով և անմիջական մասնակցությամբ սկսել են ֆիզիկական բռնություն կիրառել և հաշվեհարդար տեսնել Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Իսկ հաշվեհարդար տեսնելուց հետո Արայիկ Մուրադյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք և որոշ ժամանակ անց ազատ արձակել»,- նշված է հայտարարության մեջ:

Հավելենք, որ մայոր Այվազյանի «քաջագործությունների» մասին 168.am-ն օրեր առաջ էր գրել։

Մասնավորապես, Նալբանդյան փողոցում տեղի ունեցած անհնազանդության ակցիայի ժամանակ նա, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք էր դրսևորել 2016թ․  Ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմների մասնակից, «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանակիր, գնդապետ Սերգեյ Հայրապետովի հանդեպ:

Հիշեցնենք, որ ակցիայի ժամանակ մոտ 10 կարմիրբերետավորներ գնդապետին գետնին էին տապալել, ոտքերով հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել: Եվ երբ ներկա կանայք տեղեկացրել էին, թե ում նկատմամբ են բռնություն  գործադրում՝ զինվորական է, մայոր Այվազյանն արձագանքել էր, որ «թքած ունի» գնդապետի «Մարտական խաչի», պատերազմի մասնակից լինելու վրա:

Այսինքն՝ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարը հատուկ վերաբերմու՞նք ունի զինվորականների և պատերազմով անցածների նկատմամբ: Գուցե: Իսկ թե ո՞րն է պատճառը՝ հայտնի չէ, թեպետ նման դեպքերում որևէ արդարացում չի կարող լինել:

Իսկ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը վերոնշյալ դեպքի առնչությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանից և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանից պահանջում է քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի և ոստիկանության՝ հանցանք կատարած այլ ծառայողների նկատմամբ, երկրորդ՝ կասեցնել դեպքի հետ առնչություն ունեցող ոստիկանության ծառայողների պաշտոնավարումը։

Այս հայտարարության տակ ստորագրել են ուժային տարբեր կառույցներ ներկայացնող պահեստազորի սպաների մի շարք միություններ, գեներալներ, մասնավորապես՝ զինված ուժերից հեռացված:

Ի դեպ, նշված պահանջի տակ ստորագրած պահեստազորի գեներալների շարքում կա նաև ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունը:

Տեսանյութեր

Լրահոս