Ո՞ւմ օրակարգով և ինչի՞ է պատրաստվում Փաշինյանը․ Փաշինյան-Միշել-Ալիև երրորդ դեմ առ դեմ հանդիպումը Բրյուսելում

Վաղը՝ մայիսի 22–ին, Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Միշել-Ալիև թվով երրորդ դեմ առ դեմ հանդիպումը։ Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, նույն օրն առանձնազրույց է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ և եռակողմ հանդիպում Ղարաբաղյան, այսպես կոչված, բրյուսելյան հարթակում։

 Ըստ Արմեն Գրիգորյանի՝ փաստաթուղթ չի ստորագրվի

Մտահոգությունները, թե Բրյուսելում Փաշինյանը կարող է, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիր ստորագրել, փորձել է փարատել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

Նա վստահեցրել է, որ որևէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ, և ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն: ԱԽ քարտուղարը նաև տարօրինակ է որակել հնչող քննադատությունը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում՝ նշելով, որ Ադրբեջանի հետ քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է:

«Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր և Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են և ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը՝ կրկին Բրյուսելում

Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ վերջին հանդիպումը կայացել էր ապրիլի 6-ին Բրյուսելում, որտեղ ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում պայմանավորվել էին մինչև ամսվա վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաև ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։

Բացի այդ, ինչպես հայտարարեց Շառլ Միշելի գրասենյակը, հանձնարարվել էր արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը, որն «անդրադառնալու է բոլոր անհրաժեշտ հարցերին»։ Թե որոնք են այդ հարցերը, եվրոպական կողմը չէր հստակեցրել։ Ապրիլի 6-ի հանդիպումից հետո եղավ Միրզոյան-Բայրամով 2 հեռախոսազրույց, ինչպես նաև հանդիպում՝ մոսկովյան հարթակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ։

 Երևանն անմիջապես ընդունեց Բաքվի առաջարկները, իսկ Բաքուն՝ ոչ

Մինչ այդ ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել էր 5 առաջարկներ, որոնք, ըստ Ադրբեջանի, պետք է կազմեին Խաղաղության պայմանագրի հիմքը, Հայաստանն այն միանգամից ընդունեց, հստակեցնելով, որ Ադրբեջանի առաջարկները պետք է լրացվեն, ի պատասխան ներկայացնելով 6 առաջարկներ, որոնք ադրբեջանական կողմը ոչ միայն չի ընդունել, այլև ծաղրի է ենթարկել։

Ի դեպ, հայկական «առաջարկները» հայաստանյան հանրության համար բացահայտվեցին շատ ավելի ուշ, քան փոխանցվել էին ադրբեջանական կողմին։

Ընդհանուր առմամբ՝ փորձագիտական հանրության մի ստվար հատված գտնում է, որ Հայաստանի ներկայացրած առաջարկներն իրենց բովանդակությամբ համարժեք չեն Ադրբեջանի ներկայացրած փաթեթին, այնպես էլ չեն արտահայտում հայկական շահը, քանի որ դրանում ներառված չէ գոնե Արցախի համար կարմիր գիծ համարվող ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։

Ուշագրավ է հատկապես այն դրվագը, որ հայկական կողմն ընդունել է ադրբեջանական փաթեթը, իսկ ադրբեջանական կողմը՝ ոչ, ինչը նշանակում է, որ հայկական կողմը Բրյուսել է մեկնում, ըստ էության, ադրբեջանական օրակարգով բանակցությունների, այլապես ադրբեջանական կողմը կընդուներ, կամ հայկական կողմը չէր ընդունի բանակցությունները հենց այս փուլում շարունակելու առաջարկը։ Հարց է առաջանում, թե ինչի շուրջ են բանակցելու Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում, եթե հայկական կողմի նույնիսկ կիսատ, հայկական կողմի շահը չարտացոլող փաթեթն Ադրբեջանը չի ընդունել։

Պարզաբանենք, որ ՀՀ իշխանություններն առանձնակի հպարտությամբ նշում էին, որ իրենց ներկայացրած կետերում նշված է Արցախի վերջնական կարգավիճակի մասին, այնինչ կարգավիճակ անորոշ որակումը կարող է նշանակել նաև կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ինչն արցախահայությունը որևէ պարագայում չի դիտարկում ու համարում է, որ ամենաքիչը պետք է խոսվի ինքնորոշման իրավունքի մասին։ Սակայն Ադրբեջանը, որի հետ ՀՀ իշխանությունները պատրաստվում են Խաղաղության դարաշրջան բացել, ՀՀ իշխանություններին թույլ չի տալիս նույնիսկ իրենց դեմքը փրկելու անհույս փորձեր անել, քննարկելով և մանիպուլյացնելով «կարգավիճակի» թեման։ Ադրբեջանը համարում է և շեշտում է, որ կարգավիճակի հարցը փակ է, հակամարտությունը՝ լուծված։ Թեև այստեղ հարկ է նաև շեշտել, որ այդպես չեն կարծում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները։

 Սահմանազատման գործընթացի հետաձգումը՝ աշխարհաքաղաքական խնդիր

Մի առանձին թեմա է Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման-սահմանագծման բանակցությունները, որոնք դեռևս անցյալ տարվա Փաշինյան-Պուտին-Ալիև Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով՝ արդեն պետք է սկսված լինեին, սակայն հետաձգվեցին, և այդ պայմանավորվածությունները «տեղափոխվեցին» բրյուսելյան հարթակ՝ ապրիլի 6-ի պայմանավորվածությունների արդյունքում մինչև ամսվա վերջ պետք է պատրաստ լինեին հանձնաժողովները։

Սակայն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա նաև սահմանազատման թեմային անդրադարձավ։ Հանդիպման արդյունքում տարածված 30 կետերից 26-րդում ասվում է․ «Կողմերը պայմանավորվեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ»:

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմն արդեն տևական ժամանակ նշում է, որ պատրաստ է սահմանազատման Ադրբեջանի հանձնաժողովը։ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները պետք է հանդիպեին Մոսկվայում, սակայն օրերս՝ մայիսի 18-ին, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Իլհամ Ալիևն ասաց, որ հայկական կողմը հրաժարվել է մեկ համաձայնեցրած հանդիպումից այդ հարցով և մերժել է մեկ այլ հանդիպում մայիսի 7-11-ն անցկացնելու նախնական առաջարկը։

Մայիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հստակեցրեց՝ հանձնաժողովի կազմը պատրաստ է, ըստ նրա, պատշաճ պահի աշխատանքային խմբի ղեկավարությունն այդ մասին կհայտարարի: «Ինչպես գիտեք, Սոչիի և Բրյուսելի հայտարարություններով Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են երկկողմ աշխատանքային խումբ՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով, և մենք կարող ենք օգնություն խնդրել և՛ Մոսկվայից, և՛ Բրյուսելից, դա, բնականաբար, լինելու է երկկողմ աշխատանքային խմբում»,- նշել էր Գրիգորյանը, ըստ էության ակնարկելով, որ Մոսկվան այս հարցում ևս գլխավոր միջնորդի դերում չի լինելու, թեև ամիսներ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում էր, թե քարտեզները ՌԴ գենշտաբում են, այդպիսով հասկացնելով, թե որտեղ են լինելու բանակցությունները։ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանը չի ներկայացրել անկլավների մասով իրավական հիմնավորումներ։ Սահմանազատման հանձնաժողովների հանդիպման հետաձգումը կարող է ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական պատճառ։ Կա երկու հիմնական կարծիք այս թեմայի վերաբերյալ՝ հետաձգում է Մոսկվան, կամ հետաձգում են կողմերը՝ Մոսկվայի միջնորդական դերակատարությունն այս հարցում ևս Բրյուսելի հետ կիսելու նպատակով։

Բրյուսելյան հանդիպումը կլուծի երկու խնդիր

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ նշեց, որ Խաղաղության համաձայնագիրը մեկ-երկու ամսում չի կազմվում, այն երկարատև գործընթաց է հատկապես մի փուլում, երբ կա աշխարհաքաղաքական «մեծ պատերազմ»։

Քաղաքագետը հիշեցրեց օրերս Բրյուսել կատարած Արարատ Միրզոյանի այցը, որի շրջանակում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն ակնարկել էր, որ դեռ վաղ է խոսել համաձայնագրից։

Ըստ Տարասովի՝ սա պատահական հայտարարություն չէր, թեև դիվանագիտությունը և հրապարակային հայտարարությունները շատ տարբեր են միմյանցից, իրական դիվանագիտությունը շատ ավելի առջևում է, քան հայտարարությունները։

«Բայց այս փուլում, կարծում եմ՝ առավելապես լուծվելու է գործընթացում Բրյուսելի հաստատման հարցը»,- նկատեց քաղաքագետը։

Վերջինս նաև այն կարծիքին է, որ արդեն ունենալով միմյանց պատկերացումներն առաջարկների տեսքով, կողմերը վերջնական հաստատելու են այդ կետերի հետ կապված տարընթերցումները։

Տարասովի կարծիքով՝ Բաքուն ու Երևանը փորձում են նստել երկու աթոռի վրա, դա վաղուց Մոսկվայում նկատել են։

Սակայն, վերլուծաբանի կարծիքով, այդ ուղղությամբ բավարար դիվանագիտական աշխատանք արվում է այս պահի համար։

«Մոսկվան գործընթացում է ու դեռ կլինի։ Գործընթացները հուշում են, որ միայն պատերազմից հետո Մոսկվան կկարողանա նորովի ներկայանալ ամենուր, միայն պատերազմում հաղթելուց հետո նոր թափով կաշխատի Հարավային Կովկասում։ Իսկ մինչ այդ, եթե Երևանն ու Բաքուն իրենք որոշել են, որ Բրյուսելը ևս պետք է զբաղվի, թող զբաղվի, այդ դեպքում Մոսկվայից ի՞նչ են ակնկալում։ Ակնհայտ է, չէ՞, որ Ռուսաստանի համար պատերազմն Ուկրաինայում հիմնական խնդիրն է բոլոր ճակատներում, դրանից է կախված նաև Հարավային Կովկասի ապագա տեսքը, սակայն այս պահին կանխատեսումներ անելու համար շատ վաղ է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս