«Սա այն գինն է, որ Ադրբեջանը վճարում է Իսրայելին 44-օրյա պատերազմից առաջ և հետո իրեն մատուցած կարևոր ծառայությունների համար»․ Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Ադրբեջանում էր Իսրայելի Գյուղատնտեսության նախարարը: Առաջին հայացքից ոչ այնքան կարևոր այս լուրը մի քանի հետաքրքիր նյուանսներ է պարունակում: Իսրայելցի պաշտոնյային ընդունել է նաև Ալիևը, մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել են ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում իսրայելական ներդրումների կազմակերպման վերաբերյալ հարցեր: Իմ տպավորությամբ՝ Իսրայելի նպատակն է ամրանալ հենց Իրանի հետ սահմանակից շրջաններում, որը նախկինում կազմում էր Արցախի անվտանգության գոտին: Փաստացի, դա նաև Իրանի համար էր անվտանգության գոտի:

Սա այն գինն է, որ Ադրբեջանը վճարում է Իսրայելին 44-օրյա պատերազմից առաջ և հետո իրեն մատուցած կարևոր ծառայությունների համար: Գյուղատնտեսության նախարարի այցից առաջ՝ ապրիլի վերջին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում ունեցավ Իսրայելի Ֆինանսների նախարարը՝ Ավիգդոր Լիբերմանը: Վերջինս նախկինում զբաղեցրել է Իսրայելի Պաշտպանության նախարարի, ԱԳՆ ղեկավարի, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնները: Դրանից կարելի է դատել, թե որքան կարևոր է եղել այս այցը իսրայելական կողմի համար:

Դեռ անցած տարի հրապարակված իմ վերլուծություններից մեկում նշել էի, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ռազմական հաջողության հետևանքով Արցախում և Արցախի շուրջ ստատուս-քվոյի փոփոխության պատճառով խարխլվել է տարածաշրջանային բալանսը՝ առաջ բերելով անվտանգային նոր մարտահրավերներ ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ տարածաշրջանային այլ պետությունների համար ևս:

Փաստացի, մոտ երեք տասնամյակ Արցախը զսպիչ գործոն էր ամբողջ տարածաշրջանում թուրք–ադրբեջանական տանդեմին դիմակայելու համար: 2020 թ. պատերազմում Թուրքիայի ակնհայտ աջակցության շնորհիվ ռազմական հաջողության հասնելուց հետո Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները շարունակում են խորացնել ռազմաքաղաքական համագործակցությունը և բացահայտ հայտարարում, որ տարածաշրջանում հարցերը լուծելու են միասնաբար՝ հիմքում դնելով էթնիկ` թյուրքական գործոնը: Սա, իհարկե, ուղիղ հարված է և մարտահրավեր ամբողջ տարածաշրջանի համար և չի կարող անտարբեր թողնել տարածաշրջանի մյուս պետություններին (հղումը՝ shorturl.at/esR09):

Վերջին շրջանում Իսրայելի պաշտոնյաների ինտենսիվ այցերն ավելի ակներև են դարձնում Իսրայելի մտադրությունները Իրանի հետ կապված: Ադրբեջանն էլ ամենայն պատրաստակամությամբ ծառայում է այդ նպատակին: Այդ համատեքստում ուշագրավ է այսօր ադրբեջանական քարոզչական կայքերից մեկի՝ haqqin.az-ի հոդվածը՝ «Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի» սադրիչ վերնագրով:

Այս ամենի ֆոնին մենք փոխարենը ճիշտ գնահատենք, թե ինչպես է փոթորկվում տարածաշրջանն ու աշխարհը, ինչպես են բոլորը փորձում ուժով հարց լուծել, ստեղծում ենք մեզ համար կեղծ «խաղաղասիրության» դիսկուրս ու փորձում հավատալ դրան, քանի որ դա հեշտ է: Իսկ իրականությունն այլ է, չկա ու չի կարող լինել միակողմանի խաղաղություն, ավելին՝ ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից տարվող ագրեսիվ քաղաքականությունը մեզ թելադրում է հնարավորինս արագ ու հմուտ կերպով վերականգնել մեր մարտունակությունն ու հզորացնել զինված ուժերի կարողությունները: Մնացածը՝ ինքնախաբեություն է և կարող է շատ աղետալի հետևանքներ ունենալ մեր պետության համար՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում լարվածության աճի մեծ հավանականությունը»:

Տեսանյութեր

Լրահոս