Բաժիններ՝

Միլիարդները՝ ասֆալտին. նույն ճանապարհի կառուցման համար կրկնակի ֆինանսավորում

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրը Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հանձնվեց Ադրբեջանին, ինչից հետո Հայաստանը կանգնեց այդ հիմնական ճանապարհին 8 այլընտրանքային ճանապարհ կառուցելու խնդրի առաջ, այդ ճանապարհների շինարարությունն էլ իրականացվում է արագացված ընթացակարգով, իսկ նախկին մի քանի փորձից հայտնի է, որ այս իշխանությունները հաճախ այնքան են շտապում, որ շատ կարևոր հանգամանքներ հաշվի չեն առնում և ստիպված են լինում նույն ճանապարհը կառուցել մեկից ավելի անգամներ, որովհետև, ինչպես Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, պարզվում է՝ կառուցելու սկզբում, բեռնատարների գործոնը հաշվի չեն առել, հետո բախվել են խնդրի, հաշվի են առել, ուստի նույն ճանապարհը պետք է նորից կառուցեն՝ բյուջեից նույն նպատակի համար մեկ անգամ ևս գումար հատկացնելով։

Արդյունքում ստացվում է, որ պետբյուջեից միլիարդավոր դրամների գումարներ են հատկացնում՝ ընդամենը մի քանի ընկերությունների, ավանդույթի համաձայն՝ առանց մրցույթ հայտարարելու և առանց ասֆալտապատում իրականացող բազմաթիվ այլ կազմակերպությունների այդ դաշտ թողնելու։

Հերթական մեկ անձից գնումը կատարվել է վերջերս. Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով 2 միլիարդ 920 միլիոն դրամ է հատկացրել է «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ին՝ Տաթև-Լծեն ճանապարհի կառուցման համար, և դա այն դեպքում, երբ նույն ճանապարհի կառուցման համար դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով 8 միլիարդ դրամ արդեն հատկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։

Ստացվում է՝ կամ ճանապարհը կառուցել են անորակ ու հիմա երկրորդ անգամ ասֆալտապատում իրականացնելու համար խնդիր կա, կամ այստեղ էլ, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, ճանապարհը կառուցել են՝ առանց բեռնատարների գործոնը հաշվի առնելու։

Նշենք, որ Տաթև-Լծեն ճանապարհը, ըստ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Գնել Սանոսյանի, պետք է դառնա ոլորաններ ունեցող Տաթև-Աղվանիի այլընտրանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս