Կառավարությունը մեկ անձից 8 միլիարդի գնում է կատարել 2 ընկերությունից. մեկը նախկին պատգամավորի եղբորորդունն է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեկտեմբերի 24-ին մեկ անձից 8 միլիարդ 149 միլիոն դրամի գնում է կատարել ասֆալտապատում իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերությունից՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» և «Քարավան»։
Այս երկու ընկերությունները պետք է իրականացնեն Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները, որը Գորիս-Կապան ավտոմայրուղում 21 կմ-ի՝ Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանը դիտակում է՝ որպես այլընտրանքային ճանապարհ։
Մեկ անձից գնման ընթացակարգով այս երկու ընկերությունների հետ կնքված պայմանագրով սահմանված գնման գնից տրվել է նաև կանխավճար՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» ՍՊԸ-ին՝ 960 միլիոն դրամի չափով, և «Քարավան» ՍՊԸ-ին՝ մեկ միլիարդ 19 միլիոն դրամի չափով։
Ո՞ւմ են պատկանում այս երկու ընկերությունները, որոնցից միլիարդավոր դրամների գնումներ են կատարել՝ առանց որևէ մրցույթ հայտարարելու, պարզապես մեկ անձից գնման սկզբունքով։
Պարզվում է՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» ՍՊԸ-ն պատկանում է 2-րդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։
Ա.Ա.Բ. «Պրոեկտ»-ը ունի նաև մասնաճյուղ Վրաստանում։
«Քարավան» ՍՊԸ-ի միակ հիմնադիրը Հակոբ Հակոբյանն է. այս ընկերությունը ճանապարհաշինարարությամբ է զբաղվել առավելապես Արցախում։