Կառավարությունը մեծ տեմպերով ներքին պարտք է կուտակում

Կառավարությունը փոխել է պարտքի ներգրավման ռազմավարությունը. անցել է ներքին պարտքի ավելի ակտիվ կուտակման։ Վերջին 1-1,5 տարում տեմպով ներքին պարտք են ավելացնում։

Իհարկե, այնպես չէ, որ կառավարությունը դադարել է արտաքին պարտքեր վերցնել։ Բայց արտաքին պարտքը սկսել է համեմատաբար դանդաղ ավելանալ։

Անցած տարի ներքին պարտքը կառավարությունն ավելացրեց գրեթե 35 տոկոսով։

Արտաքին պարտքն էլ աճեց, բայց ավելի քիչ. աճը կազմեց 10,5 տոկոս։

Ներքին պարտքն ավելացավ 668 մլն դոլարով, արտաքինը՝ 591 միլիոնով։

Նախկինում երբեք այդպիսի բան չէր եղել. արտաքին պարտքը միշտ ավելի արագ էր աճում, քան ներքինը։ Անցած տարվանից կառավարությունը փոխել է մոտեցումը։ Սկսել է ավելի մեծ քանակությամբ ներքին պարտք վերցնել։

Այս տարվա սկզբին էլ պարտքն ավելացել է բացառապես ներքին պարտքի մասով։ Երեք ամսում այն համալրվել է 134 մլն դոլարով։ Ապրիլի սկզբի դրությամբ ներքին պարտքը հասել է 2 մլրդ 711 մլն դոլարի։

Անցած և այս տարվա ընթացքում կառավարությունն ավելի քան 802 միլիոն դոլարի ներքին պարտք է կուտակել։

Ներքին պարտքն այդ ընթացքում էապես ավելացել է։ 2020թ. վերջին այն կազմում էր 1,9 մլրդ դոլար։ Անցած և այս տարվա առաջին 3 ամիսներին աճել է 42 տոկոսով։

Փոխարենը՝ այս տարվա սկզբին արտաքին պարտքը նույնիսկ մի փոքր կրճատվել է։ 2021թ. ավարտին դրսի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ Հայաստանի չմարված պարտավորությունները 6 մլրդ 190 մլն դոլար էին։ Այս տարվա սկզբին նվազել են 19 միլիոնով և մարտի վերջի դրությամբ կազմել 6 մլրդ 171 միլիոն։

Թվում է, թե լավ է, որ արտաքին պարտքը պակասել է։ Բայց դա տեղի է ունեցել պետական պարտքի ավելացման պայմաններում։ Պետական պարտքն ավելացել է 130 մլն դոլարով, արտաքին պարտքը կրճատվել է 19 միլիոնով։

Պարտքն ավելացել է գերազանցապես ներքինի հաշվին։ Այնինչ՝ ներքին պարտքն անհամեմատ ավելի թանկ պարտք է։ Ու շատ ավելի մեծ ճնշում է գործադրում պետական բյուջեի վրա։

Իր վտանգներով հանդերձ, դրսից ներգրավված միջոցներն անհամեմատ ավելի էժան են։ Հայաստանն ունի նախկինից ներգրաված վարկային միջոցներ, որոնց տոկոսադրույքը չի հասնում նույնիսկ 1 տոկոսի։

Բայց այդպիսի միջոցների կշիռը մեր պարտքերի մեջ գնալով նվազում է։ Էժան վարկերն ու փոխառությունները կրճատվում են, ավելանում են թանկ վարկային միջոցները։

Այդ միտումը պահպանվել է նաև այս տարվա սկզբին. էժան վարկերն ու փոխառությունները 15 մլն դոլարով պակասել են։ Վերջին տվյալներով, դրանք կազմում են 4 մլրդ 465 մլն դոլար։

2020թ. համեմատ էժան վարկային միջոցները կրճատվել են 200 մլն դոլարով։ Կրճատվել են ու փոխարինվել թանկ փողերով, այդ թվում՝ ներգրավված՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին միջավայրից։

Արտաքին միջավայրում էժան վարկերն ու փոխառությունները փոխարինվում են արժութային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավվող միջոցներով։ Եթե մեր պարտքի մեջ վարկերի ու փոխառությունների միջին կշռութային տոկոսադրույքը վերջին տվյալներով՝ 1,6 տոկոս է, ապա արժութային պարտատոմսերինը հասնում է 5 տոկոսի. առնվազն 3 անգամ ավելի բարձր։

Չնայած դրան՝ կառավարությունն էապես ավելացրել է այդ պարտքի բեռը։ Ինչպես հայտնի է, անցած տարի ևս 750 մլն դոլարի տեղաբաշխում արվեց։

Արդյունքում՝ դրսում տեղաբաշխված պարտատոմսերի պարտքն արտաքին պարտքի կառուցվածքում զգալիորեն ավելացավ։ Այժմ այն հասնում է գրեթե 1,6 միլիարդի։ Այդ ցուցանիշով, այն կշռում է արտաքին պարտքի ավելի քան 25 տոկոսը։ Նախորդ տարվա սկզբին ընդամենը 16 տոկոսն էր։

Այս փոփոխության ազդեցությունն ակնհայտ է պետական բյուջեի վրա։ Ավելացել են արտաքին պարտքի սպասարկման համար հատկացվող գումարները։

«2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտքի սպասարկման ծախսերի աճ է գրանցվել արտաքին տոկոսավճարների գծով՝ 17,3 տոկոս կամ 3,9 մլրդ դրամ, որը մեծ մասամբ պայմանավորված է շրջանառության մեջ գտնվող արտարժութային պարտատոմսերի ծավալների աճով:

Արտաքին տոկոսավճարների աճին նպաստել է նաև պարտքի միջին կշռված անվանական տոկոսադրույքի աճը»,- արձանագրել է Ֆինանսների նախարարությունն այս տարվա առաջին եռամսյակի բյուջեի կատարման հաշվետվության մեջ:

Թանկ փողերի հոսքը պարտքի կառուցվածքում ավելանում է նաև ներքին պարտքի հաշվին։ Իր առավելություններով հանդերձ, ներքին պարտքը թանկ պարտք է։ Շատ ավելի թանկ, քան նույնիսկ դրսում տեղաբաշխված արտարժութային պարտատոմսերից ներգրավվող գումարները։

Ներքին պարտքը հիմնականում ձևավորվում է գանձապետական պարտատոմսերի թողարկումից։ Դրանց միջին տոկոսադրույքը, վերջին տվյալներով, անցնում է 10 տոկոսից։ Այսինքն՝ կրկնակի ավելին բարձր է, քան եվրոպարտատոմսերինը։ Դրա համար էլ պետական բյուջեն ստիպված է ներքին պարտքը սպասարկելու նպատակով հատկացնել բավական մեծ գումարներ։

Տարվա առաջին 3 ամիսներին կառավարությունը սեփական պարտքի տոկոսավճարների սպասարկմանը հատկացրել է ավելի քան 39 մլրդ դրամ։ Շուրջ 27 միլիարդ գնացել է՝ արտաքին, 12 միլիարդ՝ ներքին պարտքի տոկոսավճարների մարմանը։ Եթե վերածենք տարադրամի, ապա կստացվի գրեթե 80 մլն դոլար։

Դրանից բացի՝ ևս 25,5 մլրդ դրամ կամ շուրջ 53 մլն դոլար ուղղվել է արտաքին վարկերի մարմանը։

Արտաքին ու ներքին միջավայրից թանկ փողերի ներգրավման հետևանքով վերջին մեկ տարում զգալիորեն թանկացել է նաև պարտքը։ 2021թ. սկզբին պարտքի միջին կշռութային տոկոսադրույքը 4,2-4,3 էր, հիմա հասել է 4,8 տոկոսի։

Մեկ տարվա ընթացքում այն թանկացել է առնվազն 0,5 տոկոսային կետով, ինչը լուրջ ճնշում է պարտքի սպասարկման վրա։ Դա բյուջեի վրա արժենալու է միլիոնավոր դոլարներ։

Պարտքի թանկացումն ուղեկցվել է նաև մարման ժամկետի կրճատմամբ։

Դատելով կառավարության որդեգրած քաղաքականությունից՝ այս միտումն առաջիկայում շարունակելու է խորանալ՝ ինչպես ընդհանրապես պարտքի, այնպես էլ՝ հատկապես ներքին անհամեմատ թանկ պարտքի ավելացման հետևանքով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս