«Տղես ասում էր՝ պապ, սեպտեմբերի 29-ին տանկով Թալիշ գյուղի մեջ կանգնած ենք, զորք չկա, որ առաջ գնանք, բայց տանկերով ջարդել ենք». զոհվածի հայր
Պահեստազորի սպա Արմեն Ասլանյանին, ում հանդիպեցինք Ֆրանսիայի հրապարակում, 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն՝ Վազգեն Ասլանյանին (ծնված 2001թ.-ին): Նա բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիս ամսին:
Կրտսեր սերժանտ Վազգեն Ասլանյանը 2020թ. հունվարին Մարշալ Բաղրամյանի ուսումնական զորամասից տեղափոխվել է Արցախի Մարտակերտի շրջան, գյուղ Սրխավեն, եղել է տանկիստ:
«Հոկտեմբերի 2-ին տղաս զոհվել է: Ամսի 27 ին վաղ առավոտյան ժամը 7։20 զանգեց՝ պապ, կռիվ է սկսվել։ Մեկնեցի Արցախ, սակայն, ավաղ, չկարողացա հասնել որդուս, Վազգենիցս մի քիչ հեռու էի գտնվում, չարաբաստիկ հոկտեմբերի 2-ին, երբ թշնամին սկսեց հարվածել մեր ուղղությամբ, որդիս զոհվեց, ես՝ վիրավորվեցի,- 168.am-ի հետ զրույցում պատմեց պահեստազորի սպան՝ հավելելով,- ժամանակն է ազատվել ներքին թուրքից, որպեսզի հետո անցնենք իրական թուրքերին և մեր հողերն ազատագրենք»:
Իսկ թե որքանով է այսօր բանակն ի վիճակի դիմագրավել թշնամու սադրանքներին, Արմեն Ասլանյանը նշեց. «Եթե այսօրվա իշխանությունները գնան, մենք ի վիճակի ենք կայուն Հայաստան ստեղծել: Իսկ բանակն այսօր էլ է մարտունակ, պարզապես հզոր հրամանատար է պետք: Ինչքան հերոս ունենք, բոլորին վարկաբեկեցին, դրա համար էլ երկիրը հասել է այս օրվան: Երբ նրանք թուրքի դիմաց էին կանգնում, թուրքը դողում էր, այս իշխանությունները հենց այդ մարդկանց թիրախավորեց: Մեզ այսօր ժամանակակից բանակ է պետք, և կունենանք, ես դրանում վստահ եմ»:
Հակադարձմանը, որ Նիկոլ Փաշինյանն էլ է խոսում ժամանակակից, պրոֆեսիոնալ բանակից, պահեստազորի սպան արձագանքեց. «Ո՞րն է իրենց պրոֆեսիոնալ բանակը, որ 5 ամիս է՝ ԳՇ պետ չունե՞նք, որ ինչքան հերոս կա, պատվազրկե՞ց, ստից քրեական գործ են սարքում, թե իբր գործ ենք անում… Ես իր ոչ մի խոսքին չեմ հավատում, ինքն ավելի շատ իր աթոռն է գնահատում, քան իր ընտանիքը, ինքնասիրությունը»:
Արդյոք պատերազմում կարո՞ղ էինք հաղթել, կամ գոնե պարտվել ոչ այս արդյունքով, ինչն ունեցանք, զինվորականը պատասխանեց, թե որպես առաջնագծում պատերազմի մասնակից՝ կարող է վստահ ասել՝ ի վիճակի էինք պատերազմը կանգնեցնել:
«Հենց հաջորդ օրն էլ հնարավոր էր պատերազմը կանգնեցնել, կամ գոնե 4-րդ օրը, դրա համար պարզապես լավ ղեկավար պիտի ունենայինք: Ապրիլյան քառօրյան դրա վառ ապացույցը, որ Ադրբեջանը խնդրեց ՌԴ-ին, որ միջնորդի պատերազմը կանգնեցնել,- շեշտեց զոհվածի հայրը և շարունակեց,- Առաջ գնալու ռեսուրս չունեինք, բայց պաշտպանության համար բավականին ռեսուրս ունեինք: Զինվորական բաներ կան, որից հասարակությունը տեղյակ չի, ընդամենը մարտավարություն էր պետք, ճիշտ կազմակերպում, հակագրոհ, որ թուրքը վախենար: Փաստ է՝ առաջնագծում կռվել են, մեր զոհերի հիմնական մասը եղել է նահանջ հրամանի դեպքում:
Անձամբ մենք իջել ենք իրենց նշանակած տեղը, և մեր ուղղությամբ հարվածել են՝ Մատաղիսում: Մատաղիսը, մեծ հաշվով, հանձնեցինք, էնտեղ մահապարտ տղերք կային մի քանի հարյուր, եկել էին, որ կռվեին: 18 տարեկան էրեխեն լացում էր, թե ես ո՞նց իմ սուրբ հողը թողնեմ: Տղես ասում էր՝ պապ, սեպտեմբերի 29-ին տանկով Թալիշ գյուղի մեջ կանգնած ենք, զորք չկա, որ առաջ գնանք, բայց տանկերով ջարդել ենք, բայց մեզ նահանջի հրաման են տվել, էս գյուղը մնում է անտեր, ի՞նչ անենք: Ասեցի՝ տվել են, նահանջի, դու տանկով չես կարա մենակ… Զորք չեն ուղարկել, որ էդ գյուղը պահեն: Էսօր էլ ասում են, թե մեր բանակը պատրաստ չի եղել, Ալիևն ասեց, որ 5 միլիարդի զենք ենք առած եղել, բա էդ զենքն ո՞ւր էր: Սա սարքած պատերազմ էր, էս արյունահեղությունը պիտի լիներ, Նիկոլ Փաշինյանն ինքն իր բերանով ասեց, որ կարող էր պատերազմը կանխել, կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի»: