Դիանա Գասպարյանը չի՞ տեսնում իր ենթակայի սանձարձակ վարքագիծը, թե՞ պետք է, որ չտեսնի
Մայիսի 8-ին ընդդիմության՝ դեպի Գյումրի ավտոերթը և բուն հանրահավաքը Գյումրիում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուղեկցվեց իշխանությունների կողմից կազմակերպված սադրանքների ներքո:
Այդպիսի մի սադրանքի արդյունքում բախում տեղի ունեցավ ընդդիմադիր երիտասարդների ու գյումրեցի կամ գյումրեցի ներկայացող տարեց տղամարդկանց միջև, ինչը չափազանց արգահատելի երևույթ է: Ավելի ուշ պարզվեց՝ տարեց տղամարդիկ սանձարձակ հայհոյանքներ են հնչեցրել տարածքով անցնող երիտասարդների հասցեին, ի պատասխան՝ վերջիններս անցել են թույլատրելիի սահմանները: Ըստ ընդդիմադիր գործիչների՝ տարեց տղամարդկանց նման պահվածքը՝ սադրանքը, կազմակերպված էր հենց իշխանությունների կողմից: Նման տեսակետ էին արտահայտել նաև որոշ գյումրեցիներ՝ ավելացնելով, որ այդ տղամարդիկ տեղի բնակիչներ չեն եղել:
Իշխանական կայքերը նախ տեսանյութ տեղադրեցին, ապա ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ փնտրում է միջադեպի մասնակիցներին: Այսօր վաղ առավոտյան ոստիկաններ ներկայացած անձինք տառացիորեն իր բնակության վայրից առևանգել էին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտթևի ղեկավար Հենրիխ Դանիելյանին ու տարել անհայտ ուղղությամբ: Տևական ժամանակ հետո պարզվեց՝ նրան տարել են Գյումրի, իսկ կարճ ժամանակ անց ազատ արձակեցին, և վերջինս մասնակցեց ընդդիմության երթին:
Այս միջադեպը իշխանության տարբեր տրամաչափերի գործիչներ շահարկեցին բոլոր հնարավոր և անհնարին տարբերակներով, իսկ մի համայնքային պաշտոնյա էլ Քրեական օրենսգրքի դասական 137.1, այն է՝ ծանր վիրավորանքի հանցակազմին լիուլի բավարարող ձևակերպումներով գրառում կատարեց, որը, բնականաբար, իրավապահները չեն նկատել:
Այս գրառման հեղինակը Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է: Ընդամենը 5 տողանոց գրառման մեջ այնպիսի որակումներով (մոնղոլ-թաթար երիտդաշնակներ, ընդդիմություն կոչվող բանդա, նախկին ՄԻՊ Արման Թաթոյան վերնագրով խեղկատակ) է հանդես եկել այս պաշտոնյան, որ սրանից հարյուրապատիկ ավելի մեղմ գրառումներ կատարողների վերաբերյալ հարյուրներով քրեական գործեր են հարուցված:
Ընդ որում, այդ գրառման ներքո տարբեր քաղաքացիներ արդարացիորեն կշտամբել են համայնքային ծառայողին և հարցրել, թե ինչ է իրականում ակնկալում նա Արման Թաթոյանից, և ինչո՞ւ հարց չի ուղղում ոստիկանությանը:
Շեշտում ենք, համայնքային բարձրաստիճան պաշտոնյան ջնջել է քաղաքացիների այդ մեկնաբանությունները, բայց իր բուն գրառումը թողել է:
Այս արարքը ոչ միայն Վաղարշապատի ղեկավարի առաջին տեղակալի կողմից իր կարգավիճակի կոպիտ ոտնահարում է, այլ նաև արարք, որ, հիշեցնենք ևս մեկ անգամ հայրենի իրավապահներին, պատժվում է Քրեական օրենսգրքի հայտնի, ծանր վիրավորանքի 137.1-րդ հոդվածով:
Հետաքրքիր է՝ ինչ է այս առիթով մտածում Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը, ով հեղինակել է այդ օրենքը և այն պաշտպանել ԱԺ-ում: Արդյո՞ք նա կդիմի դատախազին կամ Ոստիկանություն, որ քրեական գործ հարուցեն այս կարգազանց պաշտոնյայի նկատմամբ: Չէ՞ որ նա անհաշտ պայքար է մղում վիրավորանքի ու հայհոյանքի դեմ:
Կարող ենք նաև ենթադրել, որ Արսեն Պետրոսյանի ղեկավարը՝ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը, տեղյակ է այս գրառումից, ու քանի որ այդ գրառումը մինչ այս պահը առկա է, նշանակում է՝ ինքը խրախուսում է նման արատավոր վարքագիծը:
Հետաքրքիր է, որ Դիանա Գասպարյանը Արդարադատության նախարարությունում աշխատել է հենց Արման Թաթոյանի ղեկավարությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունում, երբ Արման Թաթոյանը եղել է նախարարի տեղակալ, 2013-2016թթ.:
Այդ թվականներին հետաքրքիր պատմություններ էին շրջում Արդարադատության նախարարությունում, որոնք մինչև օրս ու հիմա առավել ևս՝ պատմվում են:
Հետաքրքիր է, օրինակ, Դիանա Գասպարյանը հիշո՞ւմ է, թե ով է այդ թվականներին նախարարությունում գործընկերների շրջանում հայտնի եղել նրանով, որ հաճախ է պարտքով գումարներ վերցրել գործընկերներից ու չի վերադարձրել: Ընդ որում, փաստացի դա արել է նախապես չվերադարձնելու մտադրությամբ, ինչը նշանակում է խարդախություն:
Կամ, հիշո՞ւմ է արդյոք, թե ով էր Արդարադատության նախարարությունում գործընկերների կողմից կասկածվում գաղտնի թանկարժեք իրեր վերցնելու ու չվերադարձնելու մեջ, և ինչպե՞ս եղավ, որ այդ պատմությունները կոծկվեցին ու չդարձան իրավապահների քննության առարկա:
Հավանաբար հիշում է: Ինչ խոսք, արատավոր երևույթներ են, և վստահ ենք՝ ինքն էլ դատապարտում է դրանք: Հուսանք, որ իր տեղակալի գրառումը վրիպել է Վաղարշապատի համայնքապետի աչքից, իսկ Ոստիկանությանն էլ հորդորենք աչալուրջ լինել ու 137.1 հոդվածը ամեն դեպքում ձևի համար երբեմն ընտրովի չկիրարկել: