Ադրբեջանը հայտնվել է Հայաստան զբոսաշրջային այցելու ունեցող երկրների ցանկում. քանի՞ ադրբեջանցի զբոսաշրջիկ է այս տարի եկել Հայաստան

Հայաստանի հետ զբոսաշրջային հարաբերություններ ունեցող երկրների ցանկը այս տարի համալրվել է ևս մեկով։ Գուցե տարօրինակ հնչի, բայց այդ երկիրն Ադրբեջանն է։ Ադրբեջանի անունը կարելի է գտնել զբոսաշրջության վերաբերյալ պաշտոնական վիճակագրության մեջ։

Ադրբեջանի քաղաքացիները, որպես զբոսաշրջիկ, այս տարվա սկզբին եկել են Հայաստան։ Դա հաստատել է նաև պաշտոնական վիճակագրությունը։ Ադրբեջանցի զբոսաշրջիկների քանակը մեծ չի եղել, բայց եղել է։

Մինչ դրան անդրադառնալը՝ ներկայացնենք այն փոփոխությունները, որոնք այս տարվա սկզբին տեղի են ունեցել զբոսաշրջության ոլորտում։

Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցներն իրենց ուղղակի ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի տնտեսության վրա։ Ազդեցությունները հիմնականում բացասական են եղել, բայց կան նաև ոլորտներ, որոնք շահել են այդ իրավիճակից։

Հակամարտության հետևանքով, հատկապես Ռուսաստանից, բայց նաև Ուկրաինայից և Բելառուսից բավական մեծ քանակությամբ քաղաքացիներ են եկել Հայաստան։ Թեև նրանք դասական իմաստով զբոսաշրջիկներ չեն և հարկադրված են եկել, այնուհանդերձ այդ հանգամանքն էական ազդեցություն է թողել Հայաստանի զբոսաշրջային ցուցանիշների վրա։ Խոսքը տասնյակ-հազարավոր քաղաքացիների մասին է։

Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ հիմա Հայաստանի զբոսաշրջային պատկերը, եթե չլինեին այդ հոսքերը։ Հիմնականում դրա արդյունք է տարեսկզբին զբոսաշրջային հոսքերի ակտիվությունը։

Նախորդ տարվա համեմատ հոսքերն ավելացել են 2,9 անգամ։ Աճը բավական կտրուկ է, բայց նաև այն պատճառով, որ նախորդ տարի էր մուտքերի ցուցանիշը շատ ցածր։

2021թ. առաջին եռամսյակում Հայաստան էր եկել ընդամենը 86.000 զբոսաշրջիկ։ Այս տարի թիվը հասել է 249.000-ի։ Ու ստացվել է այնպես, որ 2,9 անգամով աճ ունենք։

Բայց դա այնքան էլ բնական աճ չէ և մեծ ոգևորության առիթ չի տալիս։ Պատահական չէ, որ անգամ էկոնոմիկայի նախարարն է սկսել ավելի զգուշավոր արտահայտվել զբոսաշրջության աճերի վերաբերյալ։ Նախորդ տարվա նման կանխատեսումներ չի անում, կոնկրետ ցուցանիշներ չի հրապարակում։

Պարզ է, որ այս աճի գործում մեծ է ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը։ Բայց դա ժամանակավոր ազդեցություն է, որը դեռ հայտնի չէ, թե հետագայում ինչպես կարտահայտվի։

Շատ բան կախված կլինի ոչ միայն հակամարտության տևողությունից, այլև Ռուսաստանի տնտեսական ու սոցիալական իրավիճակից։ Կիրառվող պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում։ Սպասվում է տնտեսության բավական խորը անկում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի նաև մարդկանց եկամուտների ու մտադրությունների վրա։

Բայց այդ գործոների ազդեցությունը Հայաստանի զբոսաշրջության վրա կարող է դրսևորվել ավելի ուշ։ Մինչ այդ արձանագրվել է մեծ աճ։ Թվում է, թե այդպիսի աճերից հետո հիմա պիտի ունենայինք զբոսաշրջային հոսքերի, ինչպես սիրում են ասել իշխանությունները, աննախադեպ ցուցանիշներ։ Բայց դրանք բոլորովին էլ աննախադեպ չեն։

Գրեթե 3 անգամով ավելանալուց հետո, այս տարվա զբոսաշրջային հոսքերը դեռևս չեն հասել՝ ինչպես 2019թ., այնպես էլ՝ 2020թ. մակարդակին։

2020թ. առաջին եռամսյակում, երբ դեռևս մեծ չէր Քովիդի ազդեցությունը, և տեղի չէր ունեցել ղարաբաղյան պատերազմը, ու մեր երկիրը չէր հայտնվել անվտանգային ճգնաժամի առաջ, Հայաստան էր այցելել 311.000 զբոսաշրջիկ. 62.000–ով ավելի, քան այս տարի է այցելել։

Շատ ավելի տխուր պատկեր ունենք 2019թ. համեմատ։ Այն ժամանակ տարվա առաջին եռամսյակում Հայաստան էր եկել 364.000 զբոսաշրջիկ՝ 115.000-ով ավելի, քան այս տարի։

Սա է այն իրավիճակը, որն ունենք զբոսաշրջության ոլորտում։ Այցելուների քանակը դեռևս շատ հեռու է նախկին ցուցանիշներին հասնելուց։ Նույնիսկ ռուս-ուկրաինական հակամարտությունը, որի հետևանքով, տարբեր գնահատումներով, 80.000-ից ավելի մարդ է հարկադրված եկել Հայաստան, այդ առումով փրկություն չի եղել զբոսաշրջային ոլորտի համար։

Հոսքերի մեջ մեծ են Ռուսաստանից այցելությունները՝ 249.000-ից շուրջ 109.000-ը. զբոսաշրջիկների գրեթե 44 տոկոսը։ Նախորդ տարի 35 տոկոսի չէր հասնում։

2021թ. առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան էր եկել ընդամենը 30 հազար զբոսաշրջիկ։ Այս տարի 3,6 անգամով կամ 79.000-ով ավելի շատ մարդ է եկել այդ երկրից։

Ուկրաինայի պարագայում ևս կա հոսքերի ավելացում։ Նախորդ տարվանից կրկնակի շատ զբոսաշրջիկ է եկել։

Բայց Ուկրաինան այն երկիրը չէ, որը Հայաստանի հետ ունի զբոսաշրջային մեծ շփումներ։ Անցած տարի, երբ չկար ռուս-ուկրաինական հակամարտությունը, ուկրաինացի զբոսաշրջիկների քանակը Հայաստանում առաջին եռամսյակում եղել էր 2000-ի կարգի։ Այս տարի հասել է 4000-ի։

Զբոսաշրջիկների 2 հազարից մի փոքր ավելի աճ կա նաև Բելառուսի դեպքում։ Անցած տարվա առաջին 3 ամիսներին այդ երկրից եկել էր ընդամենը 731 քաղաքացի, այս տարի այցելուների թիվը անցնում է 2,8 հազարը, ինչը ևս մեծապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ, որը որոշակի վտանգներ է ստեղծել նաև Բելառուսի քաղաքացիների համար։ Թեև, ինչպես ուկրաինացիների դեպքում, նրանք հիմնականում մեր հայրենակիցներն են։

Տարեսկզբի առաջին 3 ամիսներին 23.000 զբոսաշրջիկ է եկել Իրանից։ Նախորդ տարի այդ թիվն անհամեմատ փոքր էր։

24.000 զբոսաշրջիկ էլ եկել է Վրաստանից։

Թուրքիայի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերին զուգահեռ՝ կտրուկ ավելացել է նաև այդ երկրից Հայաստան այցելողների քանակը։

Թուրքիայից այս տարի 3,5 անգամով ավելի շատ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան եկել էր անցած տարի։ Ճիշտ է, նրանց տեսակարար կշիռը մեծ չէ ընդհանուր հոսքերի մեջ, բայց աճը տպավորիչ է։

Անցած տարվա առաջին եռամսյակում այդ երկրից եկել էր 356 զբոսաշրջիկ։ Այս տարի թիվը հասել է 1244-ի։

Որքան էլ կարող է շատերի համար անհավանական թվալ, բայց Ադրբեջանից ևս այս տարի զբոսաշրջիկ է եկել Հայաստան։  Երեք ամսում՝ 3 ադրբեջանցի զբոսաշրջիկ։

Ինչպե՞ս են նրանք եկել Հայաստան, որտե՞ղ են հանգրվանել և ինչո՞վ են զբաղվել, հայտնի չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս