Բաժիններ՝

Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նորընտիր ատենապետը՝ գերմանացի հայասերը, համայնքը հզորացնելու մեծ ծրագրեր ունի

Մայիսի 7-ին Քյոլնի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարանի սրահում տեղի է ունեցել Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի ընդհանուր ժողովը, որի ընթացքում ընտրվել է նոր վարչություն։ Փակ գաղտնի քվեարկությամբ մասնակիցների 2/3-ով առաջադրված երկու թեկնածուներից վարչության նոր ատենապետ է ընտրվել թարգմանիչ և գեղանկարիչ գերմանացի հայասեր Ջոնաթան Շփանգենբերկը (Jonathan Spangenberg): Նա ծնվել է Գերմանիայում, բայց մեծացել է Լիբանանի Այնճար հայկական գյուղում:

«Ծնողներս աշխատում էին գերմանական և շվեյցարական համազգային դպրոցում և պատասխանատու էին Այնճարի գիշերօթիկի 130 հայ երեխաների համար: Երեխաները Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից էին, իսկ նրանց մեծ մասը Բեյրութից էր։ Լիբանանն այդ ժամանակ գտնվում էր քաղաքացիական պատերազմի մեջ, և չնայած պատերազմի սարսափներին՝ Այնճարը համեմատաբար ապահով վայր էր։ Հաճախել եմ Այնճարի Հայ Ավետարանական Երկրորդական Վարժարանը, որի համար շատ շնորհակալ եմ: Այդ դպրոցում իմ նախնական կրթությունը ես համարում եմ ամուր ու պարարտ հող, որի վրա կարող էի աճել։ Այնտեղ սովորեցի միանգամից 3 լեզու՝ հայերեն, արաբերեն և անգլերեն: Ուսումնասիրեցի նաև հայոց պատմություն և տարածաշրջանի պատմություն: Այնճարում ես իմացա հայ ժողովրդի հարուստ ժառանգության ու պատմության մասին։ Ամբողջ հայկական մշակույթը և սփյուռքը մեծ դեր խաղացին իմ՝ որպես անձի ձևավորման գործում»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Ջոնաթանը:

Իսկ արդեն ատենապետ ընտրվելուց հետո Ջոնաթան Շփանգենբերկից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հարցեր են առաջ քաշելու և ո՞ր խնդիրներն են փորձելու լուծել, ինչին ի պատասխան՝ նա մեզ հայտնեց.

«Գերմանահայերի կենտրոնական խորհուրդն անկախ է դեսպանությունից, բայց, անշուշտ, համագործակցություն տեղի կունենա, որովհետև գերմանահայերի կենտրոնական խորհուրդը ներկայացնում է համայնքը, Գերմանիայում ապրող հայերին: Եթե Գերմանիայում ՀՀ դեսպանատունը խոսում է Հայաստանի Հանրապետության անունից, ապա կենտրոնական խորհուրդը խոսում է համայնքի անունից: Մեզ համար առաջնայինն այն է, որ աշխատենք, մեր համայնքը հզորանա և ավելի կազմակերպվի: Քաղաքական դաշտում ևս պետք է ակտիվանանք: Պետական մակարդակով ծրագրեր պետք է լինեն, օրինակ, Հայոց ցեղասպանության մասին պետք է խոսեն պատմության դասագրքերում, ավելանան հուշարձանները, և այլն»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ կստեղծվի ցանց՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս գտնվող հայկական կազմակերպությունների, հիմնադրամների, բարեգործական կազմակերպությունների հետ կապ հաստատելու նպատակով։ Համայնքներում առցանց հայոց լեզվի դասընթացներ կվարեն: Մշակութային և պատմական թեմաներով միջոցառումներ կկազմակերպվեն:

Նա ընդգծեց՝ կփորձեն օգտակար լինել նաև Հայաստանի և Արցախի անվտանգության, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցերը բարձրացնելու առումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս