Հատուկ հիշեցում՝ Արմեն Գրիգորյանի համար
Ապրիլի 5-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները «Հանուն Արցախի և Հայաստանի» կարգախոսով հանրահավաք անցկացրեցին, ավելի ուշ դրան հաջորդեցին քաղաքական պայքարի ակտիվ միջոցառումներ. ապրիլի 17-ին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ արեց գնալ Ազատության հրապարակ՝ միասին պայքարելու հանուն Հայաստանի ու Արցախի, կազմակերպվեցին հավաքներ, քննարկումներ, ապրիլի 25-ից «Դիմադրություն» շարժման մասնակիցները Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից իրազեկման երթեր սկսեցին դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ից սկսվի պայքարի նոր և վերջնական փուլը՝ ամենօրյա երթերով, ճանապարհներ փակելով և այլն, իսկ պայքարի մասնակիցների տեղակայման, գործողությունների «մշակման» և ամփոփման վայրը դարձավ Ֆրանսիայի հրապարակը, որը շարունակվում է մինչ օրս:
Ընդդիմության փողոցային պայքարին նախորդել էր ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պահանջում է մեզնից իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը: Այս ելույթից հետո ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ «90-ականներին գոյություն ունեցող այն թեզը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, ըստ իրեն, ճիշտ չէ»:
Եվ սա՝ այն գաղափարի տրամաբանության մեջ, որ Արցախի խնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Այսինքն, ինչպես ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է ասում՝ հենց անվտանգությունը և իրավունքներն են կանխորոշելու կարգավիճակը: Այս թեզի հիմքը, ըստ էության, դրեց Նիկոլ Փաշինյանը 2020թ. փետրվարին Մյունխենում:
Մասնավորապես, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ հարցով հանդիպում-քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ «Մյունխենյան սկզբունքներ» վերնագրով, 6 կետով ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:
Երրորդ կետում նշվում էր՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը», ինչի հետ համաձայնեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ստորադասելով Արցախի կարգավիճակի հարցը, թե իբր առաջնահերթ է անվտանգությունը:
Այս թեմային 168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է, ուստի այս վտանգավոր թեզի հետևանքների վրա կանգ չենք առնի, հատկապես, երբ հոդվածի նպատակը բոլորովին այլ է:
Իշխանությունը, այդ թվում՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շատ ծանր է տանում, երբ ընդդիմությունը հանրահավաքների ժամանակ հայտարարում է՝ Արցախը և Հայաստանը պետք է փրկել Նիկոլ Փաշինյանից՝ հաշվի առնելով նրա ադրբեջանանպաստ հայտարարությունները և արտաքին քաղաքականությունը:
Իշխանության ներկայացուցիչները ի պատասխան՝ շարունակում են պնդել, որ մանդատ ունեն որոշելու Արցախի և Հայաստանի ճակատագիրն այնպիսի անվտանգային երաշխիքների գործադրմամբ, ինչպիսին, օրինակ, զորքի հայելային հետքաշումն է բնակավայրերին մոտ տարածքներից:
Թե ինչ տարածքային կորուստների է բերել այս անվտանգային երաշխիքը, որին Հայաստանը, Արցախը, ըստ էության, միակողմանի են գնացել, դա ևս տեսել ենք, և այսօր ռազմավարական շատ կարևոր բարձունքներ Ադրբեջանի վերահսկողության տակ են:
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանի՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտությունը ժամանակին նույն Արմեն Գրիգորյանը դրոշակ էր դարձրել և անգամ 2014-ին «Սիվիլնեթում» մի հոդված գրել՝ «Արցախը Սերժ Սարգսյանից պաշտպանել անհրաժե՛շտ է» վերտառությամբ:
«Իրականում, Արցախը Սերժ Սարգսյանից պաշտպանելն անհրաժեշտ է: Հիշենք, որ նա ժամանակին հայտարարել էր. «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Կարծում ենք, որ Սարգսյանը տեղյակ է ԼՂՀ-ի սահմանադրության մասին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում «հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»: Աղդամը գտնվում է ԼՂՀ իրավազորության ներքո, և այդ տարածքում հանրային իշխանություն է իրականացվում: Իսկ հանրային իշխանություն իրականացվող տարածքը հայրենիք է, ըստ էության»,- նշել էր Գրիգորյանը իր հոդվածում:
Ավելի ուշ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել էլ իր այս ձևակերպմանը՝ նշելով, որ երբեք չի եղել ոչմիթիզական:
«Հիշո՞ւմ եք, երբ ես խորհրդարանում ասացի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ։ Հիշո՞ւմ եք, որ դա ոչ միայն այն ժամանակ շահարկվեց, այլև շահարկվեց վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին և ասում էին՝ Աղդամն իրենց հայրենիքն է։ Ես տեսա, թե այդ հայրենիքն իրենք ինչպես պահեցին»,- շեշտել էր Սարգսյանը:
Այս մասին և այն, որ միայն պատերազմի ժամանակ Արցախի մոտ 70 տոկոսը Փաշինյանը տանուլ տվեց, ԱԽ քարտուղարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը, բնականաբար, չի հիշի: Ձեռնտու չէ՞: Իսկ գուցե Արցախի Մարտունու շրջանում ծնված Արմեն Գրիգորյանն Արցախի նկատմամբ վերաբերմո՞ւնքն է փոխել, որ Սերժ Սարգսյանի մեկ արտահայտության համար ուզում էր Արցախը փրկել ՀՀ նման ղեկավարից, իսկ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հետևանքով հստակ ամրագրված, շարունակվող և սպասվող կորուստների պարագայում Արցախը փրկելու ցանկություն չի առաջանում:
Մյուս կողմից՝ Արցախը և ՀՀ-ն պետք է փրկել նաև հենց իրենից, քանի որ իր հայտարարություններով և գործնական քայլերով արցախցի Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին առանձնապես չի զիջում:
Արմեն Գրիգորյանին, բնականաբար, ձեռնտու չէ նաև հիշել 2010-ին Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ադրբեջանցու հետ հարցուպատասխանը:
Ադրբեջանցի– Ես Աղդամի մոտակայքի ադրբեջանական մի գյուղից եմ: 1992 թվականից իմ գյուղը գտնվում է հայ-ռուսական զինվորական միավորումների օկուպացիայի ներքո: Արդեն 18 տարի է, ինչ ես չեմ կարողանում վերադառնալ իմ հայրենի գյուղը: Մեծարգո պարոն Նախագահ, մինչև ե՞րբ եք Դուք գրաված պահելու իմ հայրենի գյուղը:
Սերժ Սարգսյան- Ես շատ ուղիղ կպատասխանեմ Ձեր ուղիղ հարցին: Դուք մի նախադասության մեջ չորս էական սխալ թույլ տվեցիք: Նախ` 1992 թվականին մենք հակառակ գործընթացի մեջ էինք, և ադրբեջանական զորքերն էին հենց Աղդամից հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա և գրավել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը: Երկրորդ` Ձեր ասած տարածաշրջանում գոնե մեկ ռուս զինվոր երբեք չի եղել, և պետք չէ պարտությունը բացատրել այլ հանգամանքներով: Եվ երրորդ` ես որևէ առնչություն չունեմ այն զորքերի հետ, որ գտնվում են այդ տարածաշրջանում, որպեսզի Ձեր խնդրանքը կատարեմ: Այդ տարածքները վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից, և դա պարտադրված իրավիճակ էր, որովհետև Լեռնային Ղարաբաղի 150 հազարանոց բնակչությունը չէր կարող պատերազմ սկսել մի քանի միլիոնանոց Ադրբեջանի հետ: Պարտադրված պատերազմն էր, որ ստիպեց Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զենք վերցնել և իր արյան գնով, իր զավակների մահվան գնով պահպանել իր անկախությունը:
Արմեն Գրիգորյանը, թերևս, չի ցանկանա հիշել նաև 2018-ի հունվարին ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանի պատվիրակի հարցին ի պատասխան արած հիշեցումները, որտեղ ՀՀ երրորդ նախագահը, պատասխանելով ՄԱԿ-ի բանաձևերի և «Խոջալուի ցեղասպանության» մասին ադրբեջանական հարցերին, հստակ նշել է՝ Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի:
«Չկա միջազգային կառույցների կողմից որևէ ընդունված որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է: Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. ես ձեզ խորհուրդ եմ տալիս, երբ որ դուք ընկղմվում եք մի թեմայում, իրոք ընկղմվեք և ուսումնասիրեք, աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել ԼՂ խնդրին, 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է չորս բանաձև ԼՂ հատվածում ռազմական գործողությունների դադարեցման մասին, և ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, բայց, ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ: Այդ չորս բանաձևերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունը և հեղինակությունը ռազմական գործողությունները դադարեցնելու: Եվ մենք, ի պատիվ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների՝ կատարել ենք այդ պարտավորությունը: Իսկ ամենաառաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, որ պիտի դադարեցներ ռազմական գործողությունները, չի դադարեցրել այդ ռազմական գործողությունները, և ինչպես գիտեք, 1994 թվականին արդեն ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործոնների ազդեցության տակ և ոչ թե՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ազդեցության տակ: Բայց, ցավոք սրտի, այդ պայմանագրում ամրագրված դրույթները չեն կատարվում:
Եվ այդ պայմանագրում շատ հստակ ամրագրված է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ քաղաքական լուծումների համար պետք է բանակցային մեծ գործընթաց սկսել:
Եվ ինչպես նշեցի՝ բանակցային այդ գործընթացում, ինչպես երևաց Ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը:
Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է: Դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Ես համոզված եմ»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Այս համատեքստում Արմեն Գրիգորյանին հիշեցնենք նաև 2014-ին դարձյալ «Սիվիլնեթում» տպագրած իր մեկ այլ հոդված՝ «Ինչպես կանխել պատերազմը», որտեղ նա անդրադառնում է պատերազմի սկսման պատճառներին և զսպող գործոններին:
«Պատերազմի պատճառների մասին բազմաթիվ գործոններ կարելի է նշել, սակայն ամենակարևոր երեքն են՝ մարդու բնույթը, պետության կառուցվածքը և միջազգային հարաբերությունների կառուցվածքը։
Մարդու բնույթը կարևոր դեր է խաղում պատերազմի սկսման որոշումներ կայացնելու համար, սակայն բնույթը շատ դեպքերում երկրորդական է դառնում, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված սահմանափակումներ են լինում: Նման սահմանափակում կարող է լինել պետության կառուցվածքը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների կառուցվածքը և վերջինիս շրջանակում ուժերի հավասարակշռությունը: Օրինակ՝ Ադրբեջանը միանշանակ ցանկություն ունի պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որպեսզի կարողանա վերագրավել Ղարաբաղը, սակայն Ադրբեջանի կառավարման համակարգը և Հայաստանի հետ ուժերի հավասարակշռությունը թույլ չեն տալիս նման որոշում կայացնել։
Պետության կառուցվածքը ևս կարևոր գործոն է պատերազմ սկսելու որոշում կայացնելու համար։ Մարդկության պատմության ընթացքում կառավարման բոլոր համակարգերն էլ գնացել են պատերազմի: Չկա կառավարման համակարգ, որը բացառի պատերազմը։ Այդ առումով որոշ առաջընթաց կատարել են ժողովրդավարական կառավարման մոդելները, որովհետև հավանականությունը քիչ է, որ երկու ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող երկրներ միմյանց դեմ պատերազմելու որոշում կայացնեն: Սակայն դա չի նշանակում, որ ժողովրդավար պետությունները չեն գնա պատերազմի: ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք պետությունների փորձը հաստատում է, որ ժողովրդավարական համակարգերը նույնպես պատերազմում են։
Պատերազմ սկսելու հաջորդ կարևոր գործոն է միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքը։ Անարխիկ կառուցվածքի պայմաններում պատերազմի զսպող գործոնը ուժերի հավասարակշռությունն է: Հաճախ այդ հավասարակշռության խախտումը հանգեցնում է պատերազմի։ Էմանուել Կանտը գտնում էր, որ անարխիկ կառուցվածքը փոխելու համար անհրաժեշտ է համաշխարհային պետություն ստեղծել, որն էլ կբացառի պատերազմը: Իրականում համաշխարհային պետության գաղափարը անիրականանալի է: Այդ իսկ պատճառով հավասարակշռությունն է պատերազմի կանխման կարևոր գործոնը»,- գրել էր Գրիգորյանը և հավելել, որ պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը ուժերի հավասարակշռության պահպանումն է:
«Եթե մարդու բնույթն ու մոտեցումներն պատերազմի մասին հնարավոր լինի փոխել, ամբողջ աշխարհի պետությունները ժողովրդավարական դարձնելը գրեթե անհնարին կլինի մոտ ապագայում: Բացի այդ, անհնար է փոխել միջազգային հարաբերությունների կառուցվածքը։ Վերը նշվածը նշանակում է, որ պատերազմներ բացառելը դժվար կլինի, սակայն հնարավոր կլինի խուսափել, եթե ուժերի հավասարակշռություն լինի հակամարտող կողմերի միջև:
Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակը ուժերի հավասարակշռության պահպանումն է: Եթե կողմերից մեկը դիմում է քայլերի, որպեսզի խախտի հավասարակշռությունը, ապա մյուս կողմը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի վերականգնի հավասարակշռությունը: Իսկ դա հաճախ նշանակում է պատրաստվել պատերազմի: Դա է պատճառը, որ պատմության ընթացքում պատերազմին պատրաստվողները ավելի շատ են խաղաղություն բերել աշխարհին, քան խաղաղության պատրաստվողները:
Հ.Գ. Պատերազմին պատրաստվելը չի նշանակում հարձակվել, այլ՝ ստեղծել պաշտպանական այնպիսի համակարգ, որը հակառակորդին թույլ չի տա պատերազմ սկսել»,- 2014-ին գրած իր հոդվածն ավարտել էր Արմեն Գրիգորյանը:
Հետաքրքիր է՝ Արմեն Գրիգորյանը այս պարզ ճշմարտությունները բացատրե՞լ է Նիկոլ Փաշինյանին, կամ ինչո՞ւ է ինքն այս մասին մոռացել, երբ պատեհ առիթի դեպքում պատերազմի սկսման մեղավոր նախկին իշխանություններին է համարում: Մինչդեռ իր իսկ տրամաբանությամբ ստացվում է, որ նախկին իշխանությունները առնվազն 20 տարի կարողացել են ապահովել պատերազմի կանխման գլխավոր գործոնը, այդ թվում՝ դաշնակիցների հետ հարաբերությունների շնորհիվ, այն է՝ հավասարակշռություն հակամարտող կողմերի միջև, և պատերազմին լավ կամ վատ պատրաստվելով ավելի շատ խաղաղություն բերել:
Արմեն Գրիգորյանի այս հոդվածը նաև քանդում է փաշինյանական այն պնդումը, թե ժողովրդավարությունը կամ երկրի առավել ժողովրդավար դառնալը փրկելու է պատերազմից, ավելացնելու միջազգային աջակիցների թիվը, մինչդեռ, Արմեն Գրիգորյանի խոսքով, ժողովրդավարական համակարգերը նույնպես պատերազմում են։ Եթե հաշվի առնենք, որ մեր հակառակորդը բնավ էլ ժողովրդավարական երկիր չէ, պատերազմից խուսափելու հնարավորությունը փոքրանում է: Ավելին, երբ Արմեն Գրիգորյանը նման մտքեր էր արտահայտում, Հայաստանը հաղթած երկիր չէր, այսօր ՀՀ-ն պարտված երկիր է: Այստեղ, թերևս, տեղին է հիշատակել Վազգեն Սարգսյանի խոսքերը.
«Ես չեմ ասում, թե երկրի բոլոր ղեկավարները հրաշալի աշխատում են… Ցավոք սրտի, ոչ… բայց լինենք անաչառ և կարողանանք կարևորը անկարևորից տարբերել… Պատերազմող երկրի մասին դատում են պատերազմի արդյունքով: Հիշելու են՝ երկիրը պահպանվե՞ց, թե՞ ոչ, հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք, անկա՞խ ենք, թե՞ ոչ, մարդկային ու ազգային արժեքները պահպանվե՞լ են, թե՞ ոչ, իսկ ամեն ինչի հիմքը բանակն է, պաշտպանությունն է…»:
Այսօր մենք միջազգային հարաբերություններում հենց սրա ականատեսն ենք:
Ալիևն ինքն է ընդունել, որ պատերազմ սկսելու իր հաշվարկներում չի սխալվել, այդ թվում՝ ժամանակային առումով:
Իսկ պետությունների հզորությունները հաշվելու և գնահատելու տարբեր մեթոդներ և բանաձևեր կան, որտեղ հաշվի են առնվում հիմնականում մի քանի պարամետրեր՝ տնտեսության վիճակ, բանակի կարողություններ, դաշնակիցների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, ազգային նպատակ և այլն:
Պետության հզորությունն ուղիղ համեմատական է այս պարամետրերից ցանկացածին: Ադրբեջանի դեպքում այս բոլոր պարամետրերն իրենց իսկ գնահատմամբ՝ հասել էին առավելագույնի՝ դաշնակիցների աջակցությունից սկսած՝ մինչև ազգային նպատակ:
Այսինքն, պետության հզորությունը վերջին 30 տարվա համեմատ ընդունել է ամենաբարձր արժեքը: Հայաստանի դեպքում այդ հզորությունը գնահատվել է ամենացածրը՝ դարձյալ դաշնակիցների հետ հարաբերության մակարդակից՝ մինչև ներքաղաքական վիճակ, որտեղ նաև սևերի և սպիտակների բաժանում կար, ինչը, բնականաբար, մեծ ազդեցություն է ունենում պետության հզորության արժեքի վրա:
Իսկ Արմեն Գրիգորյանը և Նիկոլ Փաշինյանը շարունակում են անտեսել այս պարզ ճշմարտությունները, այդ թվում՝ Գրիգորյանի 2014-ի հոդվածում նկարագրված:
Ի դեպ, 2014թ.-ին տեղի են ունեցել օգոստոսյան մարտերը, որոնք մասնագետներն անվանում էին մինի պատերազմ: Այս առումով դժվար է եղել նաև 2015-ը և 2016-ը, բայց Հայաստանը և Արցախը կարողացել են չկորցնել հաղթած պետության համբավը: