Դատախազությունը՝ Բաբայանի՝ փաստաթղթերի կեղծման մասին հայտարարության մասին

168.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հարցման միջոցով փորձել է պարզել, թե ինչ փուլում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ փաստաթղթերի կեղծման մասին հայտարարությունների մասին նյութերի քննությունը:

Փետրվարին Դատախազությունից 168.am-ին ասել էին, որ փաստաթղթերի կեղծման մասին հայտարարությունները դեռ քննության փուլում են:

Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 3-ին «Հրապարակին» տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում»:

Իսկ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Դատախազության վերջին գրության մեջ, մասնավորապես նշվում է.

«Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համապատասխան հայտարարությունների վերաբերյալ նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից անմիջապես ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ծավալուն քրեական գործով քննության առարկա դարձնելու համար: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գրավոր ցուցում է տրվել վարույթն իրականացնող մարմնին նշված հայտարարության հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ կոնկրետ և առարկայական գործողություններ կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է»:

Տեսանյութեր

Լրահոս