Բաժիններ՝

Սուրճի վենդենգային սարքերը զորամասի տարածքից հրամանատարի կողմից առաջնահերթ տարհանելու փաստով հարուցվել է քրեական գործ

Փետրվարի 1-ին ՀՀ Գլխավոր դատախազությունից 168.am-ին տեղեկացրել էին, որ  2021թ. հունվարի 16-ին մեր կայքում հրապարակված «Պատերազմի օրերին զորամասը թողած հրամանատարը՝ դիվիզիայի շտաբի պետ» վերտառությամբ  հոդվածը 2021 թվականի հունվարի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն՝ ՊԲ N զորամասի հրամանատարի կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքի վերաբերյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում նշված հանգամանքները քննության առարկա դարձնելու համար:

Միաժամանակ մեզ ուղարկված գրության մեջ նշվել էր, որ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում «Մատաղիսի» զորամասի հրամանատարության, այդ թվում՝ Սևակ Աբրահամյանի գործողությունների իրավաչափության վերաբերյալ քրեական գործ չկա հարուցված։

Այսօր ՀՀ Գլխավոր դատախազությունից 168.am-ին հոդվածում նշված փաստերի առնչությամբ նոր մանրամասներ հայտնեցին:

«Հրապարակման մեջ նշված՝ սուրճի վենդենգային սարքերը զորամասի տարածքից զորամասի հրամանատարի կողմից առաջնահերթ տարհանելու հանգամանքի հետ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ դրա շրջանակներում լրիվ, օբեյկտիվ ու բազմակողմանի քննությամբ նշված հանգամանքները ստուգելու և պարզելու նպատակով»,- նշված է Գլխավոր դատախազության գրության մեջ:

Հիշեցնենք, որ 168.am-ը տեղեկություններ էր ստացել և հրապարակել, որ մարտական գործողությունների ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը առաջինը փորձել է «տարհանել» զորամաս բերված սուրճի ապարատները:

Ի դեպ, 168.am-ը առաջարկել էր Սևակ Աբրահամյանին հարցազրույցի կամ մեկնաբանության տեսքով ներկայացնել իր ճշմարտությունը, որից նա հրաժարվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս